Այսօր «Հայելի» ակումբում ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը լրագրողների հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք դոլարի փոխարժեքի վերջին տատանումը, ինչի՞ հետ է դա կապված եւ ի՞նչ հետեւանքներ կարող են լինել՝ պատասխանեց. «Դա անսպասելի չէր, բացատրվում է մի շարք գործոններով, այդ թվում եւ տրանսֆերտներով: Կարողանա՞ ԿԲ-ն այնպիսի քաղաքականություն վարել, որ ճգնաժամ չլինի, լրիվ գահավիժում չլինի եւ թույլ տա, որ դրսի սպեկուլյացիաներից դրամի արժեզրկումը հնարավորինս զերծ պահի: Այս պահի դրությամբ կատաստրոֆիկ բաներ չեմ տեսնում: Տեսնենք ինչպես կզարգանա»:
Ըստ Ալեքսանդր Արզումանյանի, մենք, մտնելով ԵՏՄ, այսպես թե այնպես ունենալու ենք լուրջ գնաճ եւ լուրջ սոցիալական պրոբլեմներ՝ անկախ նրանից, թե ռուբլու կուրսը քանի տոկոսով կընկներ՝ 30 տոկոս, թե՝ 17: Սա մեր քաղաքական որոշման տնտեսական գինն է: ԵՏՄ-ն քաղաքական որոշում է եւ այն ունի իր վճարը:
Մեր հարցին՝ Դուք Ձեր խնայողությունները դրամո՞վ եք պահում, թե՞ դոլարով, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը միշտ ԱԺ-ում պատգամավորներին հորդորում էր խնայողությունները դրամով պահել՝ Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց. «Ես խնայողություններ չունեմ: Ստանում եմ աշխատավարձ դրամով ԱԺ-ում եւ եթե տակը ինչ-որ բան մնում է, դրամով է մնում: Դոլարային եկամուտներ ես չունեմ: Տիգրան Սարգսյանը գուցե մեծ փորձ ունի դրամներ պահելու տարբեր օֆշորներում: Ես նման փորձ չունեմ եւ դրան չեմ տիրապետում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ