Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դոլարի փոխարժեքի համար խուճապի, տագնապի կարիք չկա, մեկօրյա է». Թաթուլ Մանասերյան

Նոյեմբեր 27,2014 14:50

«Մենք պարբերաբար ունենում ենք այսպիսի իրավիճակներ, երբ դրամն է սկսում արժեւորվել կամ դոլարը»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքերով՝ ներմուծողներն արագ օգտագործում են այս իրավիճակները հօգուտ իրենց եւ ոչ միշտ է, որ կոռեկտ են: Նրանք պատճառաբանում են, որ ավելի թանկ են բերում, եւ գները պետք է բարձրացնեն. «Կա գնաճի միտում, որ տարեվերջին հետաքրքիր է դրսեւորվում: Այս բոլորը կարող է խառնվել իրար՝ դոլարով պայմանավորված, զուտ հոգեբանական գնաճ, Նոր տարվա գնաճ եւ այլն»:

Ըստ Գագիկ Մակարյանի, ընդհանրապես ԿԲ գործունեությունը լուրջ վերանայման կարիք ունի:. «ՌԴ-ի տնտեսության հետ միանգամից մեծ հույսեր կապել պետք չի: Մեր արտահանողները այսօր դժգոհում են, որ գումարները չեն կարողանում միանգամից հետ ստանալ: Նրանք, ովքեր ռուբլով են աշխատում, տակ են տալիս, իսկ դոլարով աշխատելն էլ խնդիրներ է ստեղծում: ՌԴ-ն ստեղծեց մի մեխանիզմ, ԵՏՄ-ի շրջանակում ռուբլով առեւտուրը խթանելը դրական ազդեցություն կթողնի՝ ռուբլու արժեզրկումը զսպելու համար: Բայց որքանով դա կաշխատի՝ ժամանակը ցույց կտա: Հայաստանի արտահանման ծավալներն արդեն նվազում են: ՌԴ-ում կարող է նաեւ գործազրկության միտումը մեծանալ, որովհետեւ ընկերությունների ֆինանսապես թուլանալը կնպաստի աշխատատեղերի կրճատմանը: Չեմ կարծում, որ նրանք կարողանան նույն ռեժիմով աշխատավարձերը վճարել: Դա առաջին հերթին կազդի օտարերկրյա աշխատողների վրա»:

Ըստ Գագիկ Մակարյանի, կառավարությունն ու ԿԲ-ն պետք է ռիսկերը դասակարգեն, գնահատեն այդ ռիսկերն ըստ ուժգնության աստիճանի, պետք է կառավարի ռիսկերը եւ կանխարգելի դրանք: Նա կոչ արեց ԿԲ-ին իր բուն գործով զբաղվել, ոչ թե անհասկանալի գործունեությամբ. «Եթե մենք անփույթ ու միամիտ տեսքով գնում ենք առաջ, չեմ կարծում, որ դա 1-2 ամիս հետո նորից նույնը կասենք: ԵՏՄ շրջանակում Բելառուսն ու Ղազախստանը ՀՀ-ի համար դեռեւս հավասարակշռող դերակատարում չունեն: Միակ պարտնյորը դեռեւս ՌԴ-ն է: Այսինքն, երազել, թե արագ եւ ակտիվ տնտեսական ակտիվություն կլինի երկու երկրների հետ՝ դա ուտոպիա է»:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը չհամաձայնեց Գագիկ Մակարյանի հետ. «Հայաստանը կոլապսի չի ենթարկվի: Իրավիճակից դուրս գալու շատ ելքեր կան: Չեմ կարծում, որ ՌԴ-ում տիրող իրավիճակն անպայման պետք է իր ազդեցությունն ունենա Հայաստանի վրա: Ճիշտ հակառակը, ՀՀ-ն պետք է փորձի օգտվել այն իրավիճակից, որն այսօր կա ՌԴ-ում, ե՛ւ թույլ ռուբլուց, դրա օգուտները մենք հասկանում ենք, ե՛ւ ավելի կողմնորոշելու այն որմնախորշերը, որոնք նախկինում զբաղեցրած են եղել այլ երկրների կողմից: Ես լավատես եմ, գտնում եմ, որ Արեւմուտքը ՌԴ-ի հետ պետք է կարգավորի, որովհետեւ խոսքը 100 հազարավոր աշխատողների մասին է Եվրոպայում: Փոքր Բելգիան տասնյակ հազարից ավելի աշխատատեղ է կորցրել՝ միայն ՌԴ-ի հետ հարաբերություններից: Կարծում եմ, ԵՏՄ-ն միայն ՌԴ-ն չէ: Հայաստանը պետք է դասեր քաղի մեզ համար համադրելի պետության իրավիճակից»:

Ըստ նրա, ԵՏՄ անդամ պետությունները գիտական մեր ներուժի կարիքն ունեն, առաջարկ չունեն, պահանջարկ ունեն: Իսկ մեր երկրում գիտությունը մեռնում է, բայց գիտատեխնիկական մեծ ներուժ կա:

Թաթուլ Մանասերյանը նաեւ ասաց՝ «Չեմ կիսում այն կարծիքը, որ ԿԲ գործելակերպն անարդյունավետ է, շատ ավելի ճկուն է՝ նախորդի հետ համեմատած: Իհարկե, անելիքներ կան: ԿԲ-ն 2009-ից հետո լողացող կուրսի քաղաքականություն որդեգրեց: Չկա այդպիսի երկիր, որ այս քաղաքականությամբ է առաջնորդվում: Ժամանակ առ ժամանակ դա ենթադրում է պետության միջամտություն: Բայց գնաճը միայն դրամավարկային քաղաքականությամբ չի կարելի զսպել»:

Նա վստահեցրեց, որ դոլարի կուրսի փոփոխության դերը պետք չի գերագնահատել. «Մեկօրյա փոփոխություն եղավ: Խուճապի, տագնապի մեծ բաներ չեմ տեսնում: Այլ երկրներում երկնիշ թվով իջավ, շատ հանգիստ վերաբերվեք սրան: Ուրիշ բան, որ սա պետք է օգտագործել հօգուտ մեր տնտեսության»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930