Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր Եղիշե Չարենցի հիշատակի օրն է

Նոյեմբեր 27,2014 14:04

Յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 27-ին՝ Եղիշե Չարենցի մահվան օրը, չարենցասերները բանաստեղծի հուշարձանի մոտ ծաղկեպսակներ են դնում, հիշում հայ մեծ գրողի սիրելի ստեղծագործությունները: Այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ գրականագետ Դավիթ Գասպարյանը նշեց, որ որոշ գրականագետներ ու լրագրողներ անընդհատ աղմկահարույց փաստեր են որոնում՝ կապված Չարենցի անձի հետ, մինչդեռ նրա յուրաքանչյուր գործ այնքան ուժ ու էներգիա ունի, որ դրանց բացահայտումը աղմկահարույց փաստերից ավելի բարձր արձագանք կտա:

Գրականագետը հակիրճ ներկայացրեց Չարենցի կյանքի վերջին դրվագները՝ արձանագրելով, որ Չարենցը միայնության մեջ է մահացել՝ կյանքի վերջին շաբաթում ոչ մի հարազատի չհանդիպելով ու դեղորայք չստանալով:

Այսօր էլ Չարենցի ստեղծագործություններից անհայտ էջեր կան մեզ համար, որոնք մասնավոր անձանց ձեռքում են գտնվում: Դավիթ Գասպարյանը նշեց,որ ժամանակին՝ 1962-1968 թվականներին տպագրվել է չարենցյան վեցհատորյակը, որտեղ մինչ այդ տպագրված բոլոր ստեղծագործություններն են: Նրա անտիպ ժառանգությունը ևս երեք գիրք է լրացրել. երկու գրքերի հեղինակները հենց գրականագետն է, սակայն դրանցից վերջինը կալանքի տակ է դրված:

2012 թվականին՝ պետպատվերով տպագրված «Գիրք մնացորդաց»-ում Չարենցի անտիպ բանաստեղծություններն են ու վերջին բացահայտումները:  Գրքի տպագրումից օրեր անց Չարենցի դուստրը աղմկեց՝ ասելով, որ գիրքը «բաց» է: Բայց գրականագետը համոզված է. խոսքը հասարակ էրոտիկ գրականության մասին չէ, մենք Չարենցի մասին ենք խոսում, այստեղ ամեն մի տառ ու բառ կարևոր է ու  այն պետք է ներկայացվի հասարակությանը:

Դավիթ Գասպարյանը, Aravot.am-ի հարցին պատասխանելով նշեց, որ երազանք ունի գիրքը կրկին տպագրել՝ այս անգամ ոչ թե պետպատվերով ու հինգ հարյուր օրինակով, այլ արդեն շատ ավելի մեծ տպաքանակով: Չի ցանկանում դիմել դատարան՝ չնայած որ գիրքն արգելելու համար հայ մեծ բանաստեղծի դուստրը օրենսդրական ոչ մի իրավունք չուներ: Հատուկ հաշվեհամար բացել ու գրքի տպագրման համար գումար հավաքել նույնպես չի ցանկանում. իրեն թույլ չի տա Չարենցի անվան հետ նման կերպ խաղալ: Սակայն նշում է, որ եթե երազանքն իրագործվի, պատրաստ է բոլորին ուղղակի նվիրել այդ գիրքը. չէ՞ որ ամեն գրքասեր պարտավոր է իր գրադարակում Չարենց ունենալ:

«Եղիշե Չարենցը բացարձակ հանճար է: Իր մեջ ներառեց Նարեկացուց մինչև Տերյան, արագ յուրացրեց ամբողջ աշխարհի քաղաքակրթությունն ու ժամանակի մեջ ստեղծեց իր անհատականությունը՝ ամենաբարձր գեղարվեստական ձևերով:

Եթե նա չլիներ փոքր ազգի ներկայացուցիչ, Եղիշե Չարենցի անունը կհնչեր Մայակովսկու, Լորկայի և այլ համաշխարհային անունների կողքին: 1936 թվականի օգոստոսի 9-ը մեր հերթական 1915 թվականի ապրիլի 24-ն է: Այդ օրերին ոչնչացրին մեր ողջ մտավորականությանը»,- ասաց գրականագետը:

Սյունե ՍԵՎԱԴԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սերինե says:

    Շատ հրաշալի գիրք է, նուրբ ու հմայիչ: Ափսոս, որ կալանքի տակ է:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930