«ՀՀ-ում ընդունված է տարածել, որ Ռուսաստանն է որոշում իշխանությունների փոփոխման ձեւաչափը: Բոլոր ուժերը մշտապես ձգտում են սիրաշահել ՌԴ-ին եւ խուսափում են այնպիսի արտահայտություններից, որոնք կարող են իրենց կարծիքով դժգոհություն առաջացնել: Շավարշ Քոչարյանն էլ ասաց, որ չի կարելի Պուտինին քննադատել, որովհետեւ դա կարող է զայրույթ առաջացնել Պուտինի մոտ: Սրանով է պայմանավորված պասիվությունն այս քննարկումների»,- այսօր «Հայելի» ակումբում անդրադառնալով ԵՏՄ անդամակցության պայմանագրի խորհրդարանական պասիվ լսումներին՝ այսպիսի դիտարկում արեց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: Ըստ նրա, ոչ ՀԱԿ-ը, ոչ ԲՀԿ-ն մասնակցություն չունեցան, քննարկումը միակողմանի գնաց:
Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ իր մոտեցումներն առավել հանգամանալից կներկայացնի առաջիկա քառօրյայում: Նրա դիտարկմամբ՝ ցանկացած փաստաթղթի շուրջ կարելի է նորմալ բանակցել:
Ցանկացած փոքր պայմանագիր արտաքին հարաբերություններով է անցնում՝ որպես միջպետական համաձայնագիր, բայց այս հարցը միայն տնտեսական հանձնաժողովով անցկացնելը եւ քաղաքական դաշտից դուրս թողնելը արդեն ցույց է տալիս, թե ուր ենք գնում:
Aravot.am-ի հարցին՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ այլեւս անշրջելի է ԵՏՄ անդամակցությունը Հայաստանի համար, իսկ Շավարշ Քոչարյանն ասաց, որ ցանկացած պահի Հայաստանը կարող է դիմում գրել եւ 12 ամիս հետո դուրս գալ ԵՏՄ-ից՝ վճարելով 2 մլն դոլար: Սա չի՞ նշանակում, որ անշրջելի չէ, Հայաստանը կգրի՞ դիմում՝ Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը փիլիսոփայությունն է ասել, իսկ Շավարշ Քոչարյանը խոսել է բուն պայմանագրից. «Պարզ է, որ ցանկացած պայմանագիր ստորագրելով՝ կարելի է դուրս գալ, չի լինի այնպիսի բան, որ եթե մտար՝ վերջ, ծոռներովդ հանդերձ հանձնվում ես մեր տիրապետությանը: Բայց երկուսի հետ էլ համամիտ չեմ: Առաջինը՝ անշրջելի բան չկա, երկրորդը՝ պետք չի մտնել, որ հետո էլ դուրս գաս»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ