Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոստիկանությունն այլ անձի պահվածքը վերագրել է Վահան Դուրինյանին

Նոյեմբեր 27,2014 13:24

Այսօր ՀՀ Վարչական դատարանում տեղի ունեցավ Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող քաղաքացիական ակտիվիստ Վահան Դուրինյանի դեմ ՀՀ ոստիկանության հայցով հերթական դատական նիստը (նախագահող դատավոր Ռոբերտ Սարգսյան): Վահան Դուրինյանը մեղադրվում է հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու մեջ:

Պատասխանող կողմը հանդես է եկել հակընդդեմ հայցով ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանության գործողությունները: Դատավարության ընթացքում միջնորդություն եղավ ՀՀ ֆինանսների նախարարությանը որպես կողմ ներգրավել գործում, ինչին ոստիկանության ներկայացուցիչը չարձագանքեց: Իսկ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը իբր փարատելու համար պատասխանող կողմի այն մտահոգությունները, թե Վահան Դուրինյանին բերման ենթարկելու վերաբերյալ անհասկանալի արձանագրություններ են կազմվել, միջնորդությամբ հանդես եկավ, որ արձանագրություն կազմող անձը որպես վկա ներկայանա դատարան: Սակայն նախագահող դատավորը միջնորդությունը մերժեց:

Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին, ժամը 14.30-ին:

Aravot.am-ի հետ զրույցում Վահան Դուրինյանը նկատեց, թե այս գործում հակասությունները շատ են ու մանրամասնեց. «Ի սկզբանե ինձ ոչ մի պահանջ չի ներկայացվել, մինչդեռ իրենք հայցադիմում ներկայացրել են հենց ոստիկանի օրինական պահանջ չկատարելու համար: Փորձելու են ամեն կերպ պնդել, թե օրինական պահանջ եղել է, բայց չի եղել, արձանագրությունները փնթի կերպով են կազմվել, չեն վերաբերում կոնկրետ ինձ, գուցե մեկ ուրիշի պահվածքի նկարագրությունն է: Իսկ ակցիայի օրը ոստիկանությունն անհասկանալի պահվածք է ցուցաբերել, պարզապես կանգնել են և ոչինչ չեն ասել ու ոչ մի բացատրություն, չնայած արդեն ոստիկանության բաժնում ամեն ինչ նորմալ էր»:

Անդրադառնալով դատարանի դահլիճում ոստիկանության ներկայացուցչի պահվածքին՝ Վահան Դուրինյանն ասաց. «Ոստիկանության ներկայացուցիչը փորձում է ներկայացնել գործը, իբրև թե այստեղ ապացուցելու բան չկա, մի տեսաերիզ կբերենք, կտեսնեք, ամեն ինչ պարզ է, իսկ թե այդ տեսաերիզով որևէ բան հնարավոր կլինի՞ ապացուցել, դա այլ հարց է»:

Վահան Դուրինյանի ներկայացուցիչ, իրավաբան Սերգեյ Գրիգորյանը, խոսելով ֆինանսների նախարարության՝ գործում ներգրավելու միջնորդության մասին, ասաց. «ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքով նախատեսվում է, որ վարչական մարմինների դեմ ներկայացված հայցապահանջներով կողմ ներգրավվի ֆինանսների նախարարությունը, քանի որ նա է տիրապետում պետական գանձապետարանին և հնարավոր է դատական ակտերի հարց լուծվի և հետևաբար պետական բյուջեից և մեր եկամուտներից պետք է գումարներ դուրս գրվեն: Այդ առումով ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը չուներ ոչինչ ասելու»:

Սերգեյ Գրիգորյանը պնդեց, թե չեն կարող լինել ապացույցներ, որ Վահան Դուրինյանը չի կատարել ոստիկանի օրինական պահանջը ու եզրափակեց. «Իրենք ասում են, որ օրինական պահանջ չի կատարվել, սակայն նման բան չի եղել: Փողոց փակել էլ չի եղել: Վահան Դուրինյանի գործով զանցանքը բացակայում է»:

Նշենք, որ պատասխանող կողմի ներկայացուցիչները հակընդդեմ հայցով պահանջում են ֆինանսների փոխհատուցում, որ ոստիկանության հիմնական գործողությունները ճանաչվեն ոչ իրավաչափ, ինչպես նաև պահանջվում է, որ փոխհատուցվեն փաստաբանական ծախսերը: Ինչ վերաբերում է բարոյական վնասի փոխհատուցմանը, ապա Սերգեյ Գրիգորյանը նշեց, որ նման կարգավորումներ մեր օրենսդրությունն այս պահին չի նախատեսում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930