Այսօր «Հայելի» ակումբում ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ իսկապես ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցները վատ են անդրադառնալու ՀՀ տնտեսության վրա: Ավելին, արդեն այդ ազդեցությունը երեւում է, մեր արտահանման ծավալները անկում են ապրել. «1 մլրդ 250 մլն է մեր արտահանման ծավալը, մեզ առնվազն պետք է 150 մլն-ի աճ: Արդեն իսկ մեր արտահանողները վնասներ կրել են՝ կապված փոխարժեքի հետ: Արդյունքում՝ անպայման գնաճ է լինելու եւ արդեն կա մեզ մոտ: Ներկրողները չեն կարող վնասը կոմպենսացնել»:
Պատգամավորն առաջարկեց մարդկանց եկամուտներն ավելացնել:
Միքայել Մելքումյանը կանխատեսեց, որ դոլարի փոխարժեքը կայունանալու է. «Դոլարի փոխարժեքի այս տատանումը միայն տնտեսական գործոնների արդյունք չի, սա հստակ քաղաքականության արդյունք է»:
Անդրադառնալով 12 կետերին եւ արտահերթ նիստին, Միքայել Մելքումյանն ասաց, որ այդ 12 կետերը կատարելով՝ հարցը չի լուծվում, դրան հաջորդելու են ուրիշ 12 կետեր:
Կարդացեք նաև
Հարցին՝ գարունը թե՞ժ է լինելու՝ նա պատասխանեց. «Մինչեւ գարուն դեռ պետք է ապրենք: Այն ռազմավարությունը, որ կատարում է եռյակը հստակ իրականացվում է՝ տարբեր շերտերի հետ, եւ մարզերում՝ գյուղերում, համայնքներում համապատասխան գրասենյակի բացմամբ եւ աշխատանքներով: Մենք մեր ծրագրից չենք շեղվում: Միս ու արյուն ենք տալիս: Ամեն մեկը պետք է ի վիճակի լինի իր տեղն ու դերը ձեւակերպի այս փոփոխություններում: Այդ ծրագրերի կատարման կետերից մեկը լինելու է այն, որ առաջիկայում կկազմակերպենք տնտեսական համաժողով, որտեղ կքննարկենք առաջիկա մեր անելիքները: Մենք գտնում ենք, որ ՀՀ նորանկախ կենսագրության 23 տարիների ընթացքում ձեւավորվել է տնտեսության կառուցվածք խոշոր եւ փոքր, միջին ձեռնարկությունների համակարգ,պետք է այս էջը փակել եւ նոր որակի տնտեսական քաղաքականություն վարենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ