Երեկ «ՉԻ»-ին հայտնի էր դարձել, որ բյուջեի վերաբերյալ առաջարկությունները ներկայացվել էին պատգամավոր Թեւան Պողոսյանի կողմից։ «ՉԻ»-ի հետ զրույցում պատգամավորը հաստատեց այդ տեղեկությունը։ Պատասխանելով հարցին, թե որքան ճիշտ էր ներկայացնել առաջարկություններ, երբ դրանից առաջ խմբակցության ղեկավարը հայտարարել էր, որ խմբակցության կողմից առաջարկություններ չեն լինի՝ ասաց, որ առաջարկությունները ներկայացրել է անձամբ իր անունից, այլ ոչ թե խմբակցության։
Նկատենք, սակայն, որ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը հայտարարել էր, որ առաջարկություններ ներկայացվել են հենց խմբակցության անունից։
«Համարում եմ, որ պարտավորությունս է առաջարկներ ներկայացնել՝ անկախ նրանից, թե ինչպիսի ճակատագիր կունենան։ Միեւնույն ժամանակ չենք հավատում, որ որեւէ գաղափար կընդունվի։ Եթե նույնիսկ մեկ կամ երկուսը ընդունեն, չի նշանակում, որ բյուջեի նկատմամբ վերաբերմունքը կփոխվի։ Սակայն եթե մարդիկ մեզ դիմում են եւ ասում՝ «կան խնդիրներ, օգտագործեք ձեր միջոցները կամ հնարավորությունները դրանց լուծման ուղղությամբ», ինձ թվում է սխալ է, երբ մենք, ունենալով այդ հնարավորությունները, չանենք համապատասխան առաջարկություններ»,- պարզաբանեց պատգամավորը։
Թեւան Պողոսյանը տեղեկացրեց նաեւ, որ առաջարկությունների ընդհանուր թիվը 78-ն է, որոնք ընդգրկում են ինչպես տարրեր համայնքներում ֆինանսական օգնությունների վերաբերյալ, այնպես էլ պաշտպանության ոլորտի վերաբերյալ առաջարկություններ։
Կարդացեք նաև
Պատգամավորն ավելի վաղ հանդես էր եկել մի քանի օրենսդրական նախաձեռնություններով, որոնցից մեկով առաջարկել էր Ազգային ժողովի բոլոր նիստերը մշտապես ձայնագրել եւ տեղադրել Ազգային ժողովի պաշտոնական կայքում, այդ է պատճառը, որ կառավարության առաջարկներում պատգամավորը ներառել է նաեւ առաջարկություն բյուջեով նախատեսել այդ սարքավորումների ֆինանսական հատկացումները։
Լիլիթ ԼԱԼԱՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում