Լրահոս
Օրվա լրահոսը

«Զարմանալի է, սկսել ենք ուրախանալ, որ մեր երկրում հաղորդումները հայերեն են հեռարձակվում». «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 27,2014 12:17

Հարցազրույց Լեզվի պետական տեսչության պետի տեղակալ ՄԱՐԻՆԵ ՀՈՎՅԱՆԻ հետ
Հետեւելով հեռուստաեթերին՝ տեսչության աշխատակիցները դուրս են բերել հայկական հեռուստաալիքներով հեռարձակվող մի շարք հաղորդումներում «Լեզվի մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքների պահանջների խախտման դեպքերը, դրանցով կազմվել են ծավալուն ամփոփագրեր, որոնք պատրաստվում ենք ուղարկել հեռուստաընկերությունների տնօրեններին՝ հույս ունենալով, որ նրանք հաշվի կառնեն մեր դիտողությունները եւ կաշխատեն իրենց եթերից հնչող լեզուն ավելի անաղարտ դարձնել:
Միայն «Արմենիա» հեռուստաընկերության եթերին հետեւելիս մոտ 30 էջանոց սխալների ամփոփագիր է կազմվել: «Կենտրոն» հեռուստաընկերության սխալներով կազմված ամփոփագիրն ավելի ծավալուն է՝ մոտ 60 էջ:

   -«Լեզվի մասին» օրենքի հատկապես ինչպիսի՞ խախտումներ են արձանագրվել այդ ամփոփագրերում:

-Խախտվում է ոչ միայն այդ, այլեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը: «Լեզվի մասին» օրենքի 4-րդ հոդվածի բ կետը սահմանում է, որ համագումարներում, նստաշրջաններում, զանգվածային միջոցառումների եւ հեռուստահաղորդումների ժամանակ պետք է ապահովվի օտարալեզու ելույթների զուգահեռ հայերեն թարգմանություն: Եվ ընդհանրապես, օրենքով արգելվում է օտարալեզու հաղորդումներ հեռարձակելը, եթե դրանք ազգային փոքրամասնությունների համար նախատեսված չեն: Իսկ եթե, այնուամենայնիվ, օտար լեզվով է հաղորդումը, այն պետք է համաժամանակյա թարգմանություն ունենա:

Մինչդեռ որոշ հաղորդումներ եթեր են գնում ռուսերենով եւ ամենեւին ազգային փոքրամասնությունների համար չեն: Ժամանակին աղմուկ բարձրացավ, որն առնչվում էր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդման լեզվին, որը նույնպես ռուսերեն էր: Բարեբախտաբար հեռուստաընկերությունը հետեւություններ արեց, եւ այժմ հաղորդումը հեռարձակվում է հայերեն, որն ուրախալի է: Զարմանալի է, սկսել ենք ուրախանալ, որ մեր երկրում հաղորդումները հայերեն են հեռարձակվում:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է, որ հեռուստառադիոհաղորդումների լեզուն գրական հայերենն է, եւ որ այդ ընկերությունները պարտավոր են պահպանել լեզվի անաղարտությունը: Իսկ դա ենթադրում է հեռարձակել լեզվի կանոններին ենթարկվող, մաքուր, գռեհկաբանություններից, ժարգոնից զուրկ խոսք:

Բայց հայկական արտադրության սերիալների, հումորային եւ ժամանցային հաղորդումների հեղինակներն ամեն օր խախտում են այդ օրենքը՝ փողոցային խոսակցական լեզուն լսելի դարձնելով հեռուստադիտողներին: Նրանք թյուր կարծիք ունեն, որ եթե գրական հայերենով հումոր անեն՝ հեռուստադիտողին չեն ծիծաղեցնի:

Երվանդ Օտյանի եւ Հակոբ Պարոնյանի անունները ոսկե տառերով են գրվել մեր գրականության մեջ, ծիծաղելի չե՞ն նրանց ստեղծագործությունները:

Թյուր կարծիք է նաեւ, որ մեր հեռուստադիտողը ցածրարժեք խոսքի պահանջարկ ունի: Բայց չեք պատկերացնի, թե օրական քանի հեռախոսազանգ ու նամակ ենք ստանում հեռուստադիտողներից, ովքեր բողոքում են եթերից հնչող հայերենի մակարդակից:

Անգամ հաղորդումներ կան, որոնք հայհոյախոսություններն են եթեր տալիս: Իսկ այդ լեզուն «կրթում» է հասարակությանը, նրան վարժեցնում եթերից մատուցվող լեզվամտածողությանը:

Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930