Փորձեցինք մի շատ գործնական հարցով պարզել, թե արդյո՞ք Հայաստանը Ռուսաստանի հետ գտնվելու է միեւնույն տնտեսական տարածքում։ «Հայ գործարարը կարո՞ղ է Բելառուսում գնել լեհական արտադրության խնձոր եւ Ռուսաստանի տարածքով այն ներմուծել Հայաստան,- հարցրեցինք էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանին։ «Ոչ։ Լեհական արտադրության խնձորների մուտքը Ռուսաստան արգելված է»,- հնչեց պատասխանը։ Իսկ սա ենթադրում է, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը Ռուսաստանի հետ միեւնույն տնտեսական տարածքում չի գտնվելու։
Սա նշանակում է, որ նաեւ Հայաստանից Ռուսաստան գնացող բեռները Ռուսաստանի սահմանակետերում ստուգվելու են պարզելու համար, թե արդյո՞ք դրանց մեջ չկան պատժամիջոցների տակ ընկած ապրանքներ։
Այսինքն՝ տեսական այն պնդումը, թե միեւնույն տնտեսական տարածք ենք, գործնականում այնքան էլ չի համապատասխանում իրականությանը, դրանից բխող հետեւանքներով։
Բայց սա այնքան էլ մեծ դժբախտություն չէ, եթե համեմատենք այն Ռուսաստանում տիրող ավանդույթների հետ։ Երեկ ռուսական տխրահռչակ «Ռոսսելխոզնադզոր» կազմակերպությունը արգելել է Բելառուսից մսի ներմուծումը ՌԴ։ Բելառուսը Ռուսաստանին տարեկան մատակարարում է 400 հազար տոննա միս։ Պաշտոնական պատճառաբանությունն այն է, թե բելառուսական արտադրության մսի մեջ ինչ-որ վտանգավոր մանրէներ են հայտնաբերել։ Այդ միսը, ի դեպ, սերտիֆիկացված է ԵՏՄ տարածք ազատ մուտք գործելու համար։ Իրականում՝ բոլորն են հասկանում, որ այդպիսով Ռուսաստանը ուղղակի պատժում է իր ամենաամենամտերիմ գործընկերը հանդիսացող Բելառուսին՝ արեւմտյան արգելված ապրանքները դեպի ՌԴ վերաարտահանելու համար։ Որեւէ մեկը կարո՞ղ է երաշխավորել, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո մի որեւէ արարքի համար Ռուսաստանը նման կերպ չի պատժի Հայաստանին։
Կարդացեք նաև
Թե ի՞նչ կլինի անդամակցությունից հետո՝ պարզ կդաոնա առաջիկայում, մնացել է մեկ ամիս։ Բայց այն, ինչ արդեն եղել է, լուրջ մտորումների տեղիք է տալիս։ Այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանից արտահանումը դեպի Ռուսաստան նվազել է ավելի քան 6 տոկոսով։
Հայկ ԳԵՎՈՐԳՑԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում