Գործարար Փայլակ Հայրապետյանի ողջ գույքը գրավադրվել է «Ամերիաբանկում», բանկը սկսել է գործընթաց՝ վաճառքի է հանել գործարարի ունեցվածքը: Փայլակ Հայրապետյանը տեղեկացրեց, որ վաճառած տարածքների գումարը մոտավորապես կազմում է 29 մլն դոլար: «Բանկը չսպասելով հարուցված քրեական գործի ավարտին, վաճառել է Ջերմուկում գտնվող մարզամշակութային համալիրը, Ծովազարդի «Հայրապետ» հանգստյան տունը, Քոչարի 1 եւ 4 շենքերը, Գաջեգործների 1/1 հասցեում գտնվող նախկին «Էրեբունի» միավորման տարածքը՝ «Ակվա Մարի լայթ» ՍՊԸ-ի երկրորդ հատվածը»,- ասաց Հայրապետյանը;
Գործարարը սկսել է իրազեկել բոլոր պոտենցիալ գնորդներին, որ դատական քննությունը չի ավարտվել, եւ իր գույքը վաճառելու իրավունք չունեն; «Գնորդներին տեղեկացնում եմ, որ հետո փաստի առջեւ չկանգնեն: Խնդրում եմ գործարքներ մի կնքեք, քանի դեռ դատը չի ավարտվել: Եթե վերջնական որոշեն, որ պետք է վաճառեն, թող վաճառեն»:
Հայրապետյանը ներկայացրեց նաեւ իրավիճակը, թե ինչպես են ոստիկանները բանկի ներկայացուցիչների հետ միասին իրենց վտարում վաճառքի հանված տարածքներից: «Մեզ մեր տարածքներից վտարում են: 40 հոգի միլիցիա՝ ավտոմատներով, նրանց հետ էին նաեւ բանկի աշխատողները, ծեծելով, ջարդելով եկել են, դուրս են հանել բոլոր տեղերից, խանութից, ֆաբրիկայից».- տեղեկացրեց Հայրապետյանը;
Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում