Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի եթերում թեման քննարկում են Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը
եւ Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Արամ Աբրահամյան.– Օրերս մի պաշտոնյա հարցազրույց տվեց, որտեղ ասաց հետեւյալը` «Հայաստանում գործող բոլոր պոչամբարները շահագործվում են բաց, բաց պոչերի տեխնոլոգիայով, որի պարագայում չի կարող ապահովվել շրջակա միջավայրի անվտանգությունը: Հայաստանում այսօր կան 2 պոչամբարներ` Դաստակերտի եւ Վարդենիսի շրջաններում, որոնք երկուսն էլ լքված պոչամբարներ են, գերատեսչական պահպանություն չունեն, որեւէ հսկողություն այնտեղ չկա»: Դրանից հետո ասվեց, որ պաշտոնյան այդպիսի բան չի ասել, նրա գլխին սարքել են: Ես խնդրում եմ մեկնաբանեք` անկախ նրանից` ասել է, թե չէ, ճի՞շտ են այդ պնդումները, թե՞ սխալ:
Լեւոն Գալստյան.– Հայաստանում իրականում այսօր կա գործող եւ կոնսերվացված մոտ 25 պոչամբար, չնայած վերջին պաշտոնական տվյալներով, որ մենք ստացել ենք, նշված է 19, բայց իրականում դրանք 25-ն են, որովհետեւ այդ ցուցակում կան նաեւ այնպիսի պոչամբարներ, որոնց ուղղակի կամ տեղյակ չեն, կամ որոնք չեն ներկայացված: Բոլոր այդ պոչամբարները` եւ գործող, եւ կոնսերվացված, կառուցված են եղել հիմնականում Խորհրդային միության ժամանակ՝ բացի մի քանիսից, որոնք այս վերջին տարիներին են կառուցվել, եւ դրանց հետ կապված ոչ մի հստակ բնապահպանական կամ շրջակա միջավայրի ազդեցության նվազեցման միջոցառումներ չեն արել, դրանք ունեցել են հստակ շփում շրջակա միջավայրի հետ, բնության հետ, պատնեշները ամբողջովին եղել են հողային կամ խճային:
Ա. Ա.- Քանի՞ տարվա պոչամբարներ են՝ 20, 30:
Կարդացեք նաև
Լ. Գ.- Կա նաեւ 50 տարվա պոչամբար, իսկ որ ասացիք՝ այդ 2 պոչամբարները, ճիշտ են ասել՝ Սոթքի հանքավայրի մոտ գտնվող պոչամբարը ընդհանրապես կա, բայց այն ոչ մի հաշվեկշռում գրանցված չէ, իսկ Դաստակերտի պոչամբարը գրանցված է, դրա մասին բոլորը տեղյակ են, եւ արդեն 10 տարի է, որ բնապահպանները տարբեր ձեւերով եւ մասշտաբներով ահազանգում են, որ պետք է այդ պոչամբարի հետ ինչ-որ գործողություն անել, բայց, ցավոք սրտի, ոչ մի քայլ չի արվում:
Ա. Ա.– Պարզվում է, որ մենք ունենք մեր տնտեսության մեջ օբյեկտներ, որոնց մասին չգիտենք, կամ որոնց մասին պետությունը մոռացել է:
Գագիկ Մակարյան.- Իրավիճակը հետաքրքիր է այն առումով, որ մեզ մոտ այդ մշակույթը չկա՝ խորհրդային ժամանակներից են գալիս այս պատմությունները, խորհրդային ժամանակներում դա համարվում էր համապետական եւ համաժողովրդական, բայց կարծես` դա ոչ մեկինն էլ չէր, ու այդ պատճառով այն կարող էր անտերության մատնվել կամ կոպիտ ասած` վերածվել այդպես անփույթ վերաբերմունքի: Հիմա էլ համակարգն է փոխվել, բայց մտածելակերպը էլի չի փոխվել, եւ դա գալիս է նրանից, որ հանքարդյունաբերության ոլորտում մեծ մասը այդ հանքերի կամ կազմակերպությունների, որոնք շահագործում են, իրենք խորհրդային ժամանակներից գործող կամ խորհրդային ժամանակների շարունակությունը հանդիսացող ընկերություններն են, այսինքն՝ նրանք այդ նույն մշակույթը եւ մոտեցումը շարունակում են դրսեւորել: Փոխելու կամ զտման ներդրումներ են պահանջում, որոնց արդյունքում կարող էին նաեւ բավականին օգտակար նյութեր նաեւ հանվել, եւ չթափվեին որպես թափոն: Այս մոտիվացիան չկա, որովհետեւ Հայաստանի օրենսդրությունը արտոնյալ վիճակ է սահմանել այդ ոլորտի գործող ձեռնարկությունների գործարարների համար, նրանք այդ մասով առանձնապես պատասխանատվություն դեռ չեն կրում, այդ մասով օրենքը դեռեւս լուրջ սանկցիաներ չի նախատեսում: Իրենք քանի որ էժան ձեւով վերցնում են բնությունից եւ էժան ձեւով շահագործում են, դա էլ իրենց չի ստիպում կամ չի մոտիվացնում, որ իրենք մտածեն մոդեռնիզացիաների, բնապահպանական խնդիրների եւ այլնի մասին: Բացի այդ՝ այստեղ մի այլ խնդիր էլ կա` շահերի բախման խնդիր, որը մենք ակնհայտ նկատել ենք այդ ոլորտում. խառնված են մարդիկ, որոնք ունեն որոշակի կապեր: Սա էլ մյուս պրոբլեմը: Երրորդ պրոբլեմն էլ այն է, որ չնայած հասարակության ակտիվացմանն ու հասարակական շարժումներին՝ դրանք բոլորը գալիս են ճնշման ինչ-որ մի դոզա են հասցնում, որից ավելի այլեւս չեն կարողանում գնալ, եւ կարծես թե կառավարությունը, Ազգային ժողովը այնքան էլ դեռեւս պատրաստակամ չեն վերանայելու օրենսդրության այդ մասը:
Քննարկումն` ամբողջությամբ
Պատրաստեց
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
26.11.2014