Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՏՄ կազմում հայտնվելու է եւս մեկ երկիր՝ Աբխազիան

Նոյեմբեր 27,2014 18:00

Ընդ որում, հայտնվելու է հետնադռնից՝ առանց դիմելու

Նոյեմբերի 24-ին Սոչիում հանդիպեցին խորհրդային ԿԳԲ-ի երկու նախկին աշխատակիցներ՝ ներկայում Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրանք իրենց երկու երկրների միջեւ «Համագործակցության եւ ինտեգրման մասին» պայմանագիր կնքեցին: Ստորագրված պայմանագրի տեքստը դեռ հասանելի չէ համացանցում, բայց պայմանագրի նախագծին կարելի է ծանոթանալ Աբխազիայի պետական լրատվական գործակալության կայքում:
Կարծում եմ՝ պուտինյան Ռուսաստանի հռչակած «ինտեգրացիոն» նպատակներին եւ գործելաոճին ծանոթ, խորաթափանց ընթերցողը առանց նախագիծն ընթերցելու էլ կկռահի, որ ընդհանուր առմամբ խոսքը առանց այդ էլ խորը ռուսական ազդեցության տակ գտնվող՝ չճանաչված գաճաճ երկրի հետագա կլանման մասին է:

Ռուսական իշխանական մամուլն արդեն ցնծում է Պուտինի նոր ձեռքբերման առթիվ: Ուրախ-ուրախ գրում են ռուս-աբխազական սահմանի բացման կամ դրա բացարձակ թափանցիկ դառնալու ու փոխարենը՝ սահմանապահ ուժերի եւ ենթակառուցվածքների աբխազա-վրացական սահմանում վերատեղակայելու մասին: Ստեղծվելու են նաեւ միացյալ՝ ռուս-աբխազական զինված ուժեր, որոնց հրամանատարությունը, երկրին սպառնացող վտանգի դեպքում, ըստ նախագծի՝ վերապահվելու է ռուսներին:
Նախագծով նաեւ նախատեսվում է, որ Աբխազիայի քաղաքացիները դյուրությամբ ստանալու են նաեւ Ռուսաստանի քաղաքացիություն եւ տեղում օգտվելու են Ռուսաստանի Հարավային դաշնային օկրուգի բնակիչների համար նախատեսված բոլոր սոցիալական եւ տնտեսական իրավունքներից: Հեշտ է պատկերացնել թե ինչի կվերածվի Աբխազիայի ինքնիշխանությունը որոշ ժամանակ անց, երբ բոլոր քաղաքացիները դառնան նաեւ ՌԴ քաղաքացիներ: Մատուցվող դառը հաբը քաղցրացնելու են խոստացվող ռուսական ներդրումները: Խոսվում է առաջին տարում 9 միլիարդ ռուբլի կազմող ռուսական օգնության եւ ներդրումների մասին: Պարոն Պուտինն ասել է, որ դրանով կրկնապատկվելու է Աբխազիային տրվող տարեկան օգնությունը: Զանազան ոլորտներում բազմակողմանի օժանդակության մասին շռայլ խոստումներ են հնչում:

Ամենաուշագրավը. ըստ պայմանագրի՝ երկու երկրներն ունենալու են միասնական մաքսային տարածք: Այսինքն՝ խորհրդարանների կողմից այս պայմանագիրը վավերացնելուց հետո կարող ենք արձանագրել, որ Եվրասիական տնտեսական միության կազմում հայտնվելու է եւս մեկ երկիր՝ Աբխազիան: Ընդ որում, հայտնվելու է հետնադռնից՝ առանց դիմելու եւ անդամ երկրների համաձայնությունը ստանալու: Ընդ որում, երկիր, որը ճանաչված է Եվրասիական միության անդամ երկրներից միայն մեկի՝ Ռուսաստանի կողմից:

Հետաքրքիր նախադեպ է, չէ՞: Երկու առումով է հետաքրքիր: Առաջինը՝ որպես Արցախին Հայաստանի հետեւից Եվրասիական միություն քարշ տալու ձեւաչափ: Իսկ երկրորդն այն է, որ նույնը կարող է անել, օրինակ, Ղազախստանը՝ ասենք, Հյուսիսային Կիպրոսի չճանաչված հանրապետության հետ նմանատիպ պայմանագիր կնքելով: Կամ Բելառուսը՝ Մերձդնեստրի հետ:

Հասկանալի է, որ միջազգային իրավունքը ամեն քայլափոխի ոտնահարող Ռուսաստանը նման մի բան էլ շուտով կմոգոնի Հարավային Օսիայի համար:

Բացի նշված նախադեպից՝ փորձենք դիտարկել ստեղծված իրավիճակը Հայաստանի շահի տեսանկյունից:

Աբխազիայի կլանումը Ռուսաստանի կողմից դժվար է որեւէ առումով դրական համարել հետխորհրդային երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար: Թեկուզ չճանաչված երկրի կլանումը նոր ախորժակներ է բացելու ռուսական կայսրության վերականգնման մասին զառանցողների մոտ:

Դժվար է գնահատել նաեւ, թե նոր իրավիճակում ինչ կփոխվի Աբխազիայի՝ թվաքանակով երկրորդ ազգի՝ համշենահայության համար: Կենսաթոշակներն ու նպաստները գուցե ավելանան, բայց արդյոք ավելի պաշտպանված կլինե՞ն նրանց իրավունքները ռուսական գերիշխանության ներքո: Արդյոք ավելի չի՞ դժվարանա հայապահպանության խնդիրը:
Իսկ ամենակարեւոր տնտեսական խնդրի՝ դեպի Հայաստան ձգվող երկաթգծի վերագործարկման առումով հույսերն, իհարկե, չեն ավելանում, քանի որ խնդրո առարկա պայմանագրի կնքումը խորացնելու է Աբխազիան իրենից խլված տարածք համարող Վրաստանի դժգոհությունը: Բայց, մյուս կողմից, հետագայի համար պետք է արձանագրել, որ երկաթգծի բացման համար քառակողմ համաձայնեցումներ պահանջող խնդիրը մի քիչ պարզեցվելու է՝ վերածվելով եռակողմի, քանի որ Աբխազիան այլեւս ինքնուրույն գործոն չի լինելու:

Նյութս ուզում եմ ավարտել՝ արժանին մատուցելով պարոն Պուտինի համառությանը: Իր կայսերապաշտական քայլերի հետեւանքով Ռուսաստանն այժմ ներքաշված է նենգ պատերազմի մեջ Ուկրաինայում, քաղաքականապես մեկուսացված է, հայտնվել է ծանր տնտեսական ճգնաժամում: Բայց երկրի անխոնջ առաջնորդը դեռ համառորեն իրագործում է դեռեւս 2011 թվականին «Իզվեստիա» թերթում հրապարակած՝ Եվրասիական միություն ստեղծելու վերաբերյալ իր ծրագիրը: Ի սկզբանե անհիմն երազանքների վրա հիմնված այդ ծրագիրը վաղուց տապալված է: Անվերադարձ կորսված է ռուսների համար միության ենթադրվող հիմնասյուներից մեկը՝ Ուկրաինան: Իբրեւ ծաղր են այժմ հնչում հոդվածի՝ միացյալ Եվրոպայի հետ ազատ առեւտրի, Եվրասիական միության միջոցով անդամ երկրների՝ Եվրամիությանը ավելի շուտ եւ ավելի ուժեղ դիրքերից ինտեգրվելու, Եվրոպայի եւ Ասիայի միջեւ կապող տնտեսական հզոր բեւեռ դառնալու մասին պնդումները: Բայց նա համառում է: Ընդ որում, միջոցներ չի խնայում, միջոցների մեջ էլ խտրականություն չի դնում:

Արժե երեւի հիշեցնել, որ նույն այդ ծրագրի իրագործման շրջանակներում՝ դեռեւս 2013թ. փետրվարին, մասնակցելով Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության՝ ՖՍԲ-ի կոլեգիայի նիստին՝ նա ուղղակի հանձնարարություն տվեց իր չեկիստ կոլեգաներին՝ տեղերում, համագործակցելով մյուս երկրների իրենց գործընկերների հետ, պաշտպանել Արեւմուտքից հետխորհրդային երկրների՝ Ռուսաստանին «ինտեգրվելու» «ինքնիշխան» իրավունքը:

Ինչպես տեսնում ենք, Աբխազիայի դեպքում դա արվեց նախկին ԿԳԲ-ի աշխատակցին երկրի նախագահ կարգելու միջոցով: Իսկ ի՞նչ եւ ինչպե՞ս արվեց Հայաստանի դեպքում՝ կռահեք ինքներդ կամ հարցրեք Գորիկ Հակոբյանին:

ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930