Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գուցե առաջարկեն հրճվե՞լ ռուսական զենիթահրթիռային զինատեսակի հարվածներից

Նոյեմբեր 27,2014 17:30

Ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցության
պաշտպաններն ավելի շատ են, քան ՀՀ շահը գնահատողները

Նոյեմբերի 24-ին Հայաստանի Ազգային ժողովում Եվրասիական միության պայմանագրին միանալու մասին խորհրդարանական լսումներ տեղի ունեցան։ Դրանք կայացան բավական ուշագրավ պահի: Նույն օրը ռուսական «Իգլա», թե «Ստրելա» զենիթահրթիռային զինատեսակով ադրբեջանական կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի հոգեհանգիստն էր:

Եվ քանի որ ուղղաթիռի խոցումից օրեր անց, ի պատիվ ԼՂ Պաշտպանության բանակի, հաջողվեց լուծել օրեր շարունակ կրակի մեջ գտնվող խոցված ուղղաթիռի անձնակազմի վերադարձի խնդիրը, այսօր ավելի բաց ու անկաշկանդ կարելի է խոսել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության «երաշխավոր» Ռուսաստանի հետ մեր ու Ադրբեջանի հարաբերությունների մասին:

Տիրաժավորվում է պարզունակ «հիմնավորումը»` «եթե ամերիկյան հրթիռով խփված լիներ մեր ուղղաթիռը, ավելի՞ լավ էր»: Խնդիրը ամենեւին այն չէ, որ եթե Ռուսաստանը Ադրբեջանին հարձակողական զենք չվաճառի, Ալիեւը այդ զենքը չի հայթայթի աշխարհի որեւէ այլ երկրից: Աշխարհի որեւէ այլ երկրի եւ Ռուսաստանի տարբերությունը նրանում է, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, եւ այս առումով գոնե կարող է տարբերվել աշխարհի այլ երկրներից: Գումարած` Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, նաեւ ԱՊՀ-ի, իսկ այժմ էլ անդամակցում է ԵՏՄ-ին, այսինքն` ամբողջությամբ ռուսական «ծիրին մեջ» է, իսկ Կրեմլի քաղաքականության մոլի պաշտպանները ձգտում են համոզել, որ այս պայմաններում Հայաստանին ու ԼՂ-ին ավելի հաճելի է, որ ադրբեջանական կողմը հարվածներ հասցնի հատկապես ռուսական զենիթահրթիռային տեսակի զենքերից, քան այլ երկրի զինտեխնիկայով:

Նախ` այստեղ տեղին է հիշեցնել անվերջ կրկնվող «ջախջախիչ» հիմնավորումները իշխանական եւ ոչ իշխանական թեւից, թե՝ ԵՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանն անվտանգության խնդիր է լուծում, Ղարաբաղի պատերազմի բռնկման հնարավորության հարցն է լուծում, ասել է թե` բացառում: Ո՞ւր են այդ գործիչները: Թեեւ պարզ է՝ ուր են. բանը հասել է նրան, որ արդեն ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցության հայ պաշտպան-փաստաբանները կարծիք են հայտնում, թե հայկական ուղղաթիռը պատահական է խոցվել հակառակորդի կողմից:

ԵԱՀԿ Մինսկի խումբը զբաղվում է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացով, եւ եթե համանախագահող երկու երկրները` Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան, Ադրբեջանին զենք չեն վաճառում` չլուծված ԼՂ խնդրի պատճառով, ինչո՞ւ է մյուս համանախագահող երկիրը` Ռուսաստանը, մյուս երկու երկրներից տարբերվում: Հայկական կողմը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Առավել, քան երբեւէ, ակնհայտ է, որ պաշտոնական Ալիեւը այդ ձեւաչափի ջանքերը հետեւողականորեն տապալելու խնդիր է դրել եւ հետեւողականորեն դա է իրականացնում՝ թե՛ իր երկրի ներսում խաղաղության կողմնակիցներին քաղաքական հետապնդումների ենթարկելով, թե՛ ճակատում` շարունակական սադրանքներ կազմակերպելով: Ընդ որում` սադրանքները շփման գծում մշտապես համընկնում են մեծ դժվարությամբ Սարգսյան-Ալիեւի հանդիպումների անցկացման կամ նախապատրաստման ժամանակագրության հետ:

Գուցե ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցության պաշտպանները այս հարցն է՞լ դիտարկեն` ինչո՞ւ Փարիզում հոկտեմբերի 27-ի բանակցություններից երկու շաբաթ անց, երբ պաշտոնական Երեւանը հայտարարում էր, թե բանակցություններում հաջողվել է որոշակի առաջընթացի հասնել, նոյեմբերի 12-ին շփման գծում ուսումնավարժական ուղղաթիռ խոցվեց: Գուցե ռուսական զենիթահրթիռային տեսակի զենքերով «հարստացած» Ալիեւը հենց Մոսկվայի՞ց է «դաբրո» ունեցել «խոցել» նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը:

Հիմա գանք խորհրդարանական լսումներին եւ խորհրդարանական ուժերի պահվածքին: Ինչպես ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցության մտահոգիչ թեման, այնպես էլ Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցության հարցը ԱԺ-ում ներկայացված ուժերը չեն ցանկանում որեւէ կերպ վիճարկել կամ գոնե առողջ բանավեճ ծավալել դրանց շուրջ:

ԲՀԿ-ն, Դաշնակցությունն ու ՀԱԿ-ը ԵՏՄ-ի անդամակցության վերաբերյալ որեւէ հարց չունեին: Ինչպես ասում են` այստեղ ամեն ինչ վաղուց պարզ է: Հետեւաբար ԵՏՄ-ին անդամակցելու շուրջ այսօր կազմակերպված խորհրդարանական քննարկումներն անցան առանց բուռն ելույթների եւ քննադատությունների: Բացառությամբ «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչների հնչեցրած հարցերի` ոչ իշխանական ուժերից որեւէ պատգամավոր ելույթ չունեցավ, այսինքն՝ կարելի է ասել, որ քննարկումներն անցան երկարատեւ եւ բուռն «ծափահարությունների» ներքո:

Եվ սա այն դեպքում, երբ ԵՏՄ-ին անդամակցության արդյունքում Հայաստանի շահը այդպես էլ չեն կարողանում ներկայացնել նույնիսկ անդամակցության գործընթացին ներսից մասնակցած պաշտոնյաները: Այսօր պարզ է միայն, որ մի քանի հարյուր ապրանքների թանկացման խնդիր կա (մինչդեռ ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորման» վերլուծությունների` թանկանալու են 7000 անուն ապրանքատեսակներ, որոնցից միայն 750-ն է թանկանալու ուշացումով), եւ մեկ էլ այն, որ Հայաստանը ֆինանսական պարտավորություններ է ունենալու միության հանդեպ. տարեկան մոտ 2 միլիոն դոլար պետք է վճարի ԵՏՄ-ի բյուջեին, այս գումարն ուղղվելու է միության կառուցվածքային մարմինների պահպանմանը։ Այլ կերպ ասած` դեռ Հայաստանն է պահելու Ռուսաստանը:

Եթե այս ամենին էլ գումարենք անկանխատեսելիության գործոնը, որը տիրում է այժմ Ռուսաստանի ֆինանսական, տնտեսական վիճակի շուրջ, մնում է գուշակել, թե Հայաստանի հասարակությունը ինչ խնդիրների կարող է բախվել ընդամենը ամիսներ անց:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930