Օրերս դրամի կտրուկ արժեզրկումը բնակչության շրջանում խուճապ է առաջացրել. 1 դոլարը Հայաստանի ֆոնդային բորսայում վաճառվել է 435 դրամով՝ այն դեպքում, երբ ուրբաթ օրը Կենտրոնական բանկը (ԿԲ) սահմանել էր 1 դոլարի դիմաց 418 դրամ: Կարծես թե այդ խուճապը մեղմելու համար ԿԲ-ն նախօրեին հայտարարությամբ հանդես եկավ, որով փորձեց հանգստացնել հանրությանը ու մի բան էլ նշել, որ դրամի արժեզրկումը դրական հետեւանքներ է ունենալու:
Ըստ ԿԲ-ի հաղորդագրության. «Դրամի արժեզրկումը պայմանավորված է միջազգային իրողություններով։ ՀՀ դրամի փոխարժեքի ճշգրտումը թելադրված է վերջին ժամանակահատվածում տարածաշրջանում եւ միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցած զարգացումներով եւ նպաստում է արտահանման մրցունակության բարձրացմանը, տնտեսական աճին, կայուն աշխատատեղերի ստեղծմանն ու պահպանմանը, ինչպես նաեւ բնակչության կողմից ստացվող տրանսֆերտների գնողունակության աճին»։
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը ԿԲ-ի այս հիմնավորումները լուրջ չի ընդունում: Պարոն Խաչատրյանը «Առավոտի» հետ զրույցում նկատեց, որ դրամի արժեզրկման հետեւանքով թեեւ տրանսֆերտների գնողունակության աճ կլինի, սակայն պետք է խնդիրը դիտարկել մեկ այլ հանգամանքով՝ բնակչության ընդհանուր գնողունակությամբ: Այսինքն՝ նախ Հայաստանի ներմուծումը 3 անգամ ավելի է արտահանումից, եւ եթե դրամի արժեզրկում կա, ապա ներմուծված ապրանքների գները պետք է աճեն. տնտեսագիտության դասական կանոն է: Պարոն Խաչատրյանն ասաց, որ ԿԲ-ն նշում է տրանսֆերտների գնողունակության բարձրացում, բայց ոչ բոլոր քաղաքացիներն են տրանսֆերտներից օգտվում, շատ շատերը տրանսֆերտներ չեն ստանում, իսկ սա նշանակում է այդ բնակչության գնողունակության անկում, մարդիկ անհրաժեշտ սպառման ապրանքները չեն կարողանում գնել, եւ դրամի արժեզրկմամբ էլ ավելի է նվազելու նրանց գնողունակությունը:
Ինչ վերաբերում է ԿԲ-ի այն հիմնավորմանը, որ դրամի արժեզրկումը կնպաստի արտահանման մրցունակության բարձրացմանը, տնտեսական աճին, կայուն աշխատատեղերի ստեղծմանն ու պահպանմանը, ապա տնտեսագետը սա էլ կասկածի տակ է առնում. «Դա, միեւնույն է, քիչ ազդեցություն կունենա, քանի որ պետք է արտադրություն ունենան, հետո նոր նման բաներ խոսեն: Ասում են՝ կնպաստի արտահանման մրցունակությանը, իսկ ի՞նչ եք արտահանում, որի վրա կարող է այս փոփոխությունն ազդել: Եթե դա հումք է, ապա դա կախված է միջազգային շուկայում գների կոնյունկտուրայից, քան այս տիպի արտարժույթի գնային քաղաքականությունից: Փոխարենը կարելի է ասել, որ արտադրությունները, որոնք ուղղված են դրսին, կարող են զարգանալ, բայց ոչ մինչեւ 7% արժեզրկումը (պաշտոնական տվյալներով՝ դրամի 4.07% արժեզրկում է եղել- Ն. Բ.)»:
Կարդացեք նաև
Տնտեսագետը մտահոգություն հայտնեց, որ ԿԲ-ն համապատասխան հաշվարկներ ու քաղաքականություն էլ ցույց չի տալիս. «Եթե այնպես լիներ, ինչպես իրենք են պնդում, ապա դա ամրագրված կլիներ պետական բյուջեում, այսինքն՝ դրամավարկային քաղաքականության մեջ պիտի ներառած լինեին, որ այսինչ ժամանակաշրջանում մենք գնալու ենք դրամի արժեզրկման: Իսկ դա չկա, նույնիսկ մի քանի օր առաջ իրենց կողմից արված դրամավարկային քաղաքականության 3-4-րդ եռամսյակի կանխատեսումներ էին հրապարակվել, այդտեղ էլ չկար այսպիսի քայլ: Ուղղակի իրենց հայտարարությունը պետք է ընդունել որպես սովորական, ոչինչ չասող մի բան: Իրենք ուղղակի դասական ճշմարտություններ են ասում՝ այնպես, ինչպես կարելի է ասել՝ արեւը ծագում է արեւելքում: ԿԲ-ն ավելի լուրջ բացատրություն պիտի տար»:
Թե ինչպե՞ս է դրամի արժեզրկումը նպաստելու աշխատատեղերի ստեղծմանը, ինչպես որ ԿԲ-ն է հավատացնում, պարոն Խաչատրյանն ասաց, որ եթե նախատեսում են արտահանման ծավալների աճ, սա իր հերթին արտադրության աճ էլ պիտի ունենա, սա էլ՝ աշխատողների ավելացում. «Կրկնեմ՝ պետք է շատ ավելի լուրջ հիմնավորում տան, թե այդ աշխատատեղերը ո՞ր բնագավառում են լինելու: Իրենց տրամաբանությամբ՝ ժամանակին, երբ արժեւորվում էր դրամը, ի՞նչ է, իրենք աշխատատեղե՞ր էին կրճատում, ոչ՝ հակառակն էին ասում»:
ԿԲ-ն իր հայտարարության մեջ մի ուշագրավ բան էլ է նշել՝ «Պահուստները լիովին բավարար են՝ կանխելու փոխարժեքի բոլոր տեսակի արհեստական տատանումները եւ ապահովելու ֆինանսական կայունությունը»։ Այս առնչությամբ էլ տնտեսագետը հարց է բարձրացնում. «Իսկ ինչի՞ համար են ուզում բավարարեցնել, ես դա էլ չեմ հասկանում, որովհետեւ մինչ արժեզրկման օրը իրենք ասում էին՝ ամեն ինչ նորմալ է, որեւէ խնդիր չկա, իսկ հիմա երբ հավատացնում են՝ կարող ենք այդ կայունությունն ապահովել, հարց եմ տալիս՝ այսինքն՝ ի՞նչ է տեղի ունենալու, որ կարողանալու եք ապահովել: Ինձ հետաքրքրում է՝ ինչո՞ւ սա տեղի ունեցավ, ինչի՞ հետեւանք էր սա, սպեկուլյացիա՞ էր, թե՞ բնական գործընթաց: Եթե բնական գործընթաց էր, ապա ինչո՞ւ չէիք կանխում, ապա ինչո՞ւ էիք մտնում շուկա մեկ շաբաթվա մեջ 80 միլիոնից ավելի դոլար վաճառում, որից 31 միլիոնը նախօրեին են վաճառել»:
Պարոն Խաչատրյանը հավաստիացնում է՝ ըստ գործարքների, հստակ երեւում է, որ արտարժույթի շուկայում բանկերը չէին մասնակցում, միջբանկային առք ու վաճառք տեղի չէր ունենում. «Այս ամենին հետեւելով՝ ես պետք է ասեմ, որ իրենց ասածը հալած յուղի տեղ չեմ ընդունում, որովհետեւ, հիշում եմ, 2009-ի մարտի 3-ին էլ մեկ օրվա մեջ 30%-ով դրամն արժեզրկվեց: Այն ժամանակ Վաչե Գաբրիլյանն ու Տիգրան Սարգսյանն ասացին, որ ԿԲ-ն զսպող կուրսի քաղաքականության արդյունքում մոտ 600 միլիոն դոլար է ծախսել, որպեսզի կայունանար վիճակը: Հիմա ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ խնդիր պիտի լուծեն, երբ նշում են՝ պահուստները բավարար են, որ կայունություն ապահովեն, ուրեմն պրոբլեմ ունեն: Ես ուզում եմ, որ բնակչությանն ու գործարարներին հիմնավոր, հավաստի եւ լուրջ պարզաբանում տան այսօրվա ստեղծված իրավիճակի մասին»:
Նշենք, որ ԿԲ-ն իր հայտարարության մեջ հավաստիացրել է՝ «ԿԲ-ն, խորհրդակցելով ֆինանսական շուկայի բոլոր մասնակիցների հետ, գնահատում է, որ այս պահին շուկայում ձեւավորված փոխարժեքը լիարժեք արտացոլում է այդ զարգացումները եւ գտնվում է կայունացման տիրույթում»:
Ըստ ԿԲ-ի՝ նոյեմբերի 24-ին 1 դոլարի փոխարժեքը կազմել է 435 դրամ, եվրոյինը՝ 539,53 դրամ, ռուբլունը՝ 9,7 դրամ։ Նոյեմբերի 17-ին 1 դոլարի փոխարժեքը կազմել է 415,7 դրամ, եվրոյինը՝ 519,29 դրամ, ռուբլունը՝ 8,79 դրամ։
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.11.2014