Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցիներից շատերը ձմեռը դիմավորում են չոր հացով ու սառը վառարաններով

Նոյեմբեր 27,2014 16:00

«Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը, որն այս օրերին զբաղված է բարեգործությամբ՝ Գյումրու ծայրահեղ աղքատ ընտանիքներին վառելափայտ բաժանելով, պնդում է, որ գյումրեցիների սոցիալական վիճակն անցած տարվա համեմատ ավելի է վատթարացել: «Գյումրու տնակային ավաններում նախորդ տարիների համեմատ վառելիքի կուտակման առումով ավելի վատ են պատրաստվել ձմռանը: Սա պարզ ապացույցն է այն փաստի, որ շատերը օրեցօր համալրում են չքավոր խավի շարքերը, Հայաստանում ու մասնավորապես՝ Գյումրիում սոցիալական ճգնաժամը խորանում է: Տնակային ավաններում, որտեղ գազ չկա, պետք է տեսնել, թե մարդիկ ինչ են վառում՝ էլ պլաստիկ շշեր, անվադողեր, ռեզին, կոշիկ, հնամաշ շորեր, թուղթ, ծառի ճյուղեր…

Հիմա մենք վառելափայտ ենք բաժանում, մտնելով էդ ավաններ՝ պարզապես շնչահեղձ ես լինում»,- ասում է մեր զրուցակիցը: Նրա հաշվարկներով՝ ծայրահեղ աղքատությունը Գյումրիում արդեն կազմում է մոտ 40 տոկոս, իսկ աղքատությունն ընդհանուր առմամբ մոտ 70-75 տոկոս է: Ու թեեւ Գյումրու քաղաքապետարանն էլ միացել է «Շիրակ կենտրոն»-ի՝ վառելափայտ բաժանելու նախաձեռնությանը, սակայն ձեռքի տակ եղած վառելիքը, ըստ մեր զրուցակցի, քիչ է ու ոչ բոլորին է բավարարում: Ըստ Վահան Թումասյանի՝ Գյումրու բնակչության միայն 10 տոկոսն է, որ կարողանում է ինքնուրույն լուծել իր վառելիքի հարցերը, իսկ մնացածը աննկարագրելի պայմաններում են: Իրենք կարողացել են այս պահին ապահովել ընդամենը 300 ընտանիքի՝ ընտրելով ամենածայրահեղ վիճակում գտնվողներին, որոնք զօրուգիշեր աղբանոցներում աղբ են փորփրում՝ վառելիք փնտրելու նպատակով: Մինչդեռ, ըստ մեր զրուցակցի, 1000 ընտանիք դարձյալ խիստ կարիքի մեջ է:

Gyumri_2

Մեր այն հարցին՝ բա ի՞նչ է լինելու այդ ընտանիքների վիճակը հունվարից սկսած, երբ Եվրասիական տնտեսական միություն մտնելով՝ 7000 անուն ապրանքներ են թանկանալու, էլ խոզի ու թռչնի միսը, կարագը, լոբին, բրինձը, բանջարեղենը, նույնիսկ դեղերը, մեր զրուցակիցն ասում է, որ իր պատկերացմամբ՝ հիմիկվանից ավելի վատ վիճակ չի կարող լինել այդ ընտանիքներում: «Եթե մարդն ապրում է ցամաք հացով՝ սառը վառարանի մոտ, էլ դրանից ավելի վատ վիճակ պատկերացնել հնարավո՞ր է, իսկ մսի, բանջարեղենի թանկացումը չի էլ կարող ազդել ամենաչքավոր խավի վրա, նրանք այդ ամենից չեն էլ օգտվում: Կանխատեսումներ չեմ կարող անել, թե ինչը կարող է թանկանալ, եւ որ քաղաքական որոշումները ինչ արդյունքի կբերեն. կնպաստի՞ արտագաղթի աճին, թե՞ հնարավորություն կտա կանխելու՝ կյանքը ցույց կտա, բայց դուք հո գիտեք, որ Գյումրին դատարկման շեմին է:

Ես միայն մի բան գիտեմ, որ առանց Գյումրու վերականգնման, առանց Գյումրիում ապրող հարյուրավոր ընտանիքների թշվառությունը կանխելու հնարավոր չէ Հայաստանի զարգացումը: Պիտի հասկանան, որ եթե մարմնիդ մի մասը շատ ծանր հիվանդ է, պիտի բուժես, որ մարմինդ առողջանա»,- ասում է Վահան Թումասյանը:
Վահան Թումասյանը թվարկում է այն ապրանքները, որոնք սովորաբար վաճառվում են տնակային ավանների խանութներում, եւ որոնք թոշակից թոշակ կամ նպաստից նպաստ փակվելու պայմանով «նիսյայով» տրվում են թաղի աղքատ բնակիչներին: Այդ խանութներում վաճառվող ապրանքներն են՝ ցամաք հացը, մակարոնը, սուրճը, շաքարավազը ու ցածր որակի օճառը: Ըստ Վահան Թումասյանի՝ պանիրը կամ մսեղենը ուղղակի երազանք են աղքատների համար…

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930