Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մ. Մակյանի նախագահությամբ, Տիգրան Մուշեղյանի եւ Ռադիկ Եսայանի վերաբերյալ կայացրեց արդարացման դատավճիռ:
Անկեղծ ասած, երկար էի մտածում սույն քրեական գործը վերլուծելու վերաբերյալ, քանի որ ինձ համար գոնե պետք է պարզ լիներ կոնկրետ մեղադրանքն ու այն հիմնավորող ապացույցները, իսկ այս պարագայում, ըստ իս, մինչեւ վերջին դատական նիստը մեղադրանքի կողմը դեռ չէր կողմնորոշվել, թե Քրեական օրենսգրքի որ հոդվածով պետք է մեղադրվի պաշտպանյալս, ինչեւէ, չնայած, որ ես առարկում էի թվով արդեն չգիտեմ որերորդ մեղադրանքը փոփոխելու եւ քննչական ու դատավարական գործողություններ կատարելու եւ ապացույցներ ձեռք բերելու հերթական միջնորդությանը, սակայն երեւի թե պետք էր չառարկել եւ սպասել նոր Քրեական օրենսգրքի ընդունմանն այն հավատով, որ այնտեղ գոնե մեղադրանքի կողմը կկարողանար գտնել հանցակազմ, որը որեւէ կերպ հնարավոր կլիներ մոտեցնել պաշտպանյալիս գործողություններին, գործողություններ, որոնք ամբողջ աշխարհում կոչվում են բիզնես, իսկ ըստ մեր դատախազության՝ ինչ ասես` սկսած խարդախությունից, հետո վարկի օգտագործման նպատակայնություն, այնուհետեւ իրավաբանական կազմակերպության ղեկավարի պաշտոնն ի վնաս կազմակերպության օգտագործել, այնուհետ կանխամտածված սնանկության հատկանիշներ ստեղծել եւ էլի չգիտեմ ինչպես կկոչեին, եթե դատարանը մեծահոգաբար չկանխեր այդ փնտրտուքը:
Դատաքննության սկզբում ունեինք բավականին երկար ժամանակում կատարված քննություն, գործով ձեռք բերված ապացույցներ, բազմահատոր քրեական գործ, ի վերջո անազատության մեջ գտնվող ամբաստանյալ՝ 1 տարի 2 ամիս, եւ ինչ:
Ընդամենը մի վկայի` կոնկրետ «Կոնվերս» բանկի ներկայացուցչի հարցաքննություն, որը նախաքննության մարմինը կարող էր եւ պարտավոր էր անել նախաքննության շրջանակներում եւ միանգամից պարզ դարձավ, որ հանցագործությունը, որում մեղադրվում է պաշտպանյալս, արդեն վաղուց դուրս է եկել վաղեմության ժամկետներից ու այն այդպիսին էր արդեն իսկ այն ժամանակ, երբ հաստատվում էր մեղադրական եզրակացությունը: Ու հենց այդ պահից սկսված՝ մեղադրանքի կողմը հասկանալով, որ բազմահատոր քրեական գործը վտանգված է, փոխարենը պարզելու նախաքննության մարմնի անգործության պատճառները, որի արդյունքում անազատության մեջ գտնվող անձ կար, հանճարեղ միտք հղացավ` անմիջապես փոփոխել մեղադրանքը, այն հնարավորինս ծանրացնել եւ թույլ չտալ տապալում, իսկ արդարադատություն կոչվածը, ապացույցներ հասկացությունը, քրեական օրենքի եւ քրեական դատավարության օրենսդրության նորմերն ու ողջ իրավական դաշտը կարծես թե երբեւէ գոյություն չէին էլ ունեցել:
Այն, որ ասածս հիմնազուրկ չէ, տեղյակ են այս դատավարության բոլոր մասնակիցները, սա հուսամ այն բացառիկ գործերից է, երբ առաջադրվում է նոր մեղադրանք ու անձին մեղադրելուց հետո նոր, նույն մեղադրանք առաջադրողը հանդես է գալիս միջնորդությամբ ոչ միայն մեղադրանքը հիմնավորող ապացույց ձեռք բերելուն ուղղված, այլ դեռ նոր պարզելու համար` առկա՞ է, արդյոք, կանխամտածված սնանկության հիմքեր ստեղծելը եւ ավելին, եթե այո` ապա դրանք կարո՞ղ էին, արդյոք, ստեղծվել կոնկրետ անձի կողմից: Հարգելիներս՝ իսկ կներեք, եթե դեռ նույնիսկ Ձեզ համար պարզ չի հանցագործության առկայությունը, ապա այդ որ իրավունքով եք մեղադրում անձին՝ ենթադրվող հանցագործության մեջ: Ինչեւէ, երբ ստացվեց համապատասխան եզրակացությունը եւ տապալվեցին մեղադրանքի բոլոր հույսերը, մեղադրանքում նշված հանցակազմի գոյությունը փաստող մեկ տողի կամ նախադասության ձեռքբերման, ուր էր թե այդ հանցագործության կատարման մեջ իմ պաշտպանյալի մեղքը հիմնավորող ապացույցի, ապա մեղադրանքի կողմը որոշեց, որ արժե եւս մեկ անգամ փորձել փոփոխել այն ու երբ հնարավորություն չտրվեց, նույն նիստում, որեւէ գործողությամբ չպայմանավորված փոխվեց այս անգամ մեղադրանքի ծավալը:
Իրականում, իմ պրակտիկայում գոնե՝ այսքան հագեցած` դատավարական եւ նյութական իրավունքի սխալներով գործի դեռ չէի հանդիպել: Անցնենք մեղադրանքի հաջորդ, չգիտեմ էլ ինչպես կոչեմ, երեւի թե բացթողնմանը, որը պայմանավորված էր հնարավորինս արագ նոր մեղադրանք առաջադրելու խնդրով երեւի թե:
Մեղադրողը իր ճառում նշել է, որ պաշտպանյալս սկսել է կանխամտածված սնանկության հատկանիշներ ստեղծելուն ուղղված իր գործողությունները՝ 2008թ. սեպտեմբերի 18-ին Ռ. Եսայանին գումար տալով, չնայած դատաքննության ժամանակ իմ ուղիղ հարցին պատասխանելով՝ նշեց մի ժամանակահատված` 2013թ. օգոստոս ամիսը, երբ իմ պաշտպանյալը հենց իրենց թեթեւ ձեռքով գտնվում էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում եւ անիմաստ է ասել, որ նման այլուրեքությամբ ապահովված այլ հանցագործ շատ դժվար կգտնենք:
Պարզապես չեմ կարող չանդրադառնալ նաեւ մեղադրողի կողմից ճառով միջնորդած պատժաչափին: Վերջինս փաստելով քրեական գործում ծանրացնող որեւէ հանգամանքի բացակայությունը, անտեսելով պատժի նշանակման բոլոր նպատակները, քրեական իրավունքի բոլոր սկզբունքները` սկսած պատժի անհատականացման սկզբունքից, ներառյալ մյուսները, միջնորդեց հոդվածի սանկցիայով սահմանված 2-6 տարի ազատազրկման պայմաններում 5 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկում եւ կալանավորում հենց դատարանի դահլիճից: Սա հենց այն կարեւոր խոսուն փաստերից հերթականն է, որը փաստում է ՀՀ դատախազության ողջ համակարգի կանխակալ եւ չգիտեմ ինչ հանգամանքներով պայմանավորված խիստ վատ ու անարդար վերաբերմունքը պաշտպանյալիս նկատմամբ: ՀՀ-ը՝ ի դեմս Կենտրոն եւ Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի, նախագահությամբ դատավոր Մ. Մակյանի, ի վերջո վերջ դրեց այս անօրինությունների տարիներ ձգվող շղթային եւ խորհրդակցական սենյակում անդրադառնալով գործով ձեռք բերված ապացույցներին, դատավարական եւ նյութական օրենքի բազում խախտումներին, հանցագործության բացակայության հանգամանքին, տվեց համարժեք իրավական գնահատական՝ կայացնելով արդարացման դատավճիռ, նախնական 214-րդ հոդվածով կարճեց քրեական գործի վարույթը, վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, իսկ 193-րդ հոդվածով փաստեց հանցակազմի բացակայությունը:
ԹԱՄԱՐԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Հանրային պաշտպանի գրասենյակ
«Առավոտ» օրաթերթ
26.11.2014