Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ցեղասպանությունն Արեւելյան Հայաստանում»

Նոյեմբեր 27,2014 15:00

Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Սերգեյ Ավագյանի աշխատասիրությամբ լույս է տեսել «Ցեղասպանությունն Արեւելյան Հայաստանում» գիրքը: Հեղինակը, ով արդեն 88 տարեկան է, այն նվիրել է անցած դարի 18-20-ական թվականներին Արեւելահայաստանում թուրք յաթաղանին զոհ գնացած մոտ մեկ միլիոն նահատակների հիշատակին: Գրքում համռոտ բերել է Արեւելահայաստանի՝ նախճիրի ենթարկված տարածքների անվանումները՝ զոհվածների թվաքանակով, որտեղ թուրք ջարդարարներն իրականացրել են իրենց սեւ գործը, երբեմն էլ՝ ունենալով թե՛ Արեւմուտքի եւ թե՛ Ռուսաստանի գիտակցված կամ չգիտակցված աջակցությունը:

Խոսելով Արեւելյան Հայաստանում իրականացված կոտորածների մասին՝ հեղինակը չէր կարող չանդրադառնալ դրան նախորդած Արեւմտյան Հայաստանում թուրքերի կատարած տեղահանությանը, ջարդերին ու 1915թ. ցեղասպանությանը: Ավելին՝ Սերգեյ Ավագյանը մանրամասնորեն շարադրել է անգամ թուրք խաշնարածների տեղաշարժը՝ սկսած իրենց բնօրրանից՝ Ալթայի երկրամասից: Հեղինակը հայոց ցավն ու պատուհասած աղետը ներկայացնում է համաշխարհային զարգացումներին զուգահեռ, անդրադառնում է այդ ժամանակ հզոր երկրներում տեղի ունեցող պատմական իրադարձություններին: Եվ պատահական չէ, որ նա Արեւելահայաստանում թուրքերի կատարած ջարդերը պայմանավորում է նաեւ Ռուսաստանում կատարված հեղափոխությամբ եւ նրա առաջնորդների անտեղյակությամբ, մոլորությամբ, եւ, ինչո՞ւ չէ, նաեւ հակահայ դիրքորոշմամբ:

«1920թ. սեպտեմբերին Թուրքիան ստանում է Խորհրդային Ռուսաստանից ռազմական, ֆինանսական եւ բարոյական օգնություն ու աջակցություն: Այս նպատակով Տրապիզոն է հասնում Ռուսաստանի ռազմածովային ժողկոմ Միխայիլ Ֆրունզեն: Ստացած ռազմական օգնությունը հնարավորություն տվեց թուրքերին լայնածավալ հարձակում կատարել Հայաստանի Հանրապետության դեմ»,- գրում է հեղինակը:

Արդյունքում բոլշեւիկյան Ռուսաստանը թուրքերին հանձնեց Կարսը, Սարիղամիշը, Սուրմալուն, Արդվինն ու Արդահանը, ապա՝ Ալեքսանդրապոլը, Ջավախքը, Լոռի-Փամբակը, Ղարաքիլիսան, Շարուրն ու Նախիջեւանը եւ այլ հայկական բնակավայրեր: Նրանց շնորհիվ էր, որ թուրքերը հասան Լեռնային Ղարաբաղ եւ Բաքու: Հեղինակի հաշվարկներով՝ 1918-1920թթ. միայն Ղարաբաղում թուրքերը կոտորում են 25 հազար հայ, մի թիվ, որն այդ տարիներին կազմում էր Ղարաբաղի ամբողջ բնակչության 25%-ը:
Գրքում տեղ են գտել նաեւ ցեղասպանությունը վերապրածների, նրանց ժառանգների վկայությունները (այս իմաստով հեղինակին զգալի աջակցություն է ցուցաբերել մեզանում անվանի ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանը), ինչպես նաեւ՝ պետական, կառավարական, դիվանագիտական եւ այլ կարգի հաղորդումներ, նամակներ ու գրություններ: Հեղինակը բերել է նաեւ օգտագործած երկլեզու գրականության (հայերեն ու ռուսերեն) ծավալուն ցանկը, ջարդերի մասին պատմող 1918-1921 թթ. լույս տեսած թերթերի, ամսագրերի եւ այլ պարբերականների անվանումների ցանկը: Վերջինում տեղ են գտել նաեւ ավելի ուշ տարիներին այդ իրողություններին անդրադարձած պարբերականների անունները:
Գրքում զետեղված է Արեւմտյան Հայաստանի վեց նահանգների (Էրզրում, Վան, Բիթլիս, Խարբերդ, Դիարբեքիր, Սվազ) բնակչության թվին եւ ազգային կազմին վերաբերող աղյուսակ, որ կազմվել է 1912թ.-ից, որից եւ տեղեկանում ենք, որ բոլոր 6 նահանգներում ընդհանուր թվով գերակշռել են հայերը (մոտ 39%): Թուրքերը կազմել են մոտ 25%, իսկ մնացած այլազգիների մեջ զգալի թիվ են կազմել նստակյաց քրդերը՝ մոտ 10%, քոչվոր քրդերը՝ մոտ 8%, ղզլբաշները՝ մոտ 5.3%, եզդիները՝ 2.9%, չերքեզները՝ 2.9%, սիրիացիները՝ 2.7%, եւ այլն:

Գիրքն առանձնանում է ասելիքով, չնայած որոշ տեղեր հանդիպում ենք կրկնությունների, դեպքերի հաջորդականությունների վրիպման, սակայն վերջինս չի ստվերում հեղինակի աշխատանքը եւ մնում է ափսոսալ, որ այս գիրքը տպագրվել է ընդամենը 200 օրինակով:

ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930