Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեղասպանության մասին կխոսեն օտարները

Նոյեմբեր 27,2014 14:30

«Փրկության քարտեզ» խաղարկային դրվագներով փաստավավերագրական լիամետրաժ ֆիլմի աշխատանքները կավարտվեն, եթե օր առաջ լուծվի ֆինանսավորման հարցը:

«Ման Փիքչերս» ստուդիոն 2012 թվականից ձեռնամուխ է եղել «Փրկության քարտեզ» խաղարկային դրվագներով փաստավավերագրական լիամետրաժ ֆիլմի ստեղծմանը: Բնօրինակի լեզուն անգլերենն է, ֆիլմը կթարգմանվի նաեւ հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն եւ այլ լեզուներով: «Փրկության քարտեզ» պայմանական վերնագրով ֆիլմը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այն ներառված է 2014-15թթ. Հայաստանի կինոարտադրության պետական մասնակի (ընդհանուր բյուջեի 30% չափաբաժնով) աջակցության ծրագրում:

«Ման Փիքչերս» ստուդիոյի տնօրեն, ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանն «Առավոտի» հետ զրույցում ներկայացնելով ֆիլմը, ասաց, որ կառուցված է իրական փաստերի հիման վրա: Ֆիլմի հերոսները իրական մարդիկ են՝ եվրոպացի հինգ հումանիստ կանայք` Քարեն Եփփե (Դանիա) եւ միսիոներուհիներ` Մարիա Յակոբսեն (Դանիա), Բոդիլ Բյորն (Նորվեգիա), Ալմա Յուհանսոն (Շվեդիա), Հեդվիգ Բյուլ (Էստոնիա): Նրանք Հայոց ցեղասպանության ականատեսներն են եւ մազապուրծ եղած հայ երեխաների ու կանանց ապաստանների հիմնադիրները: Եվրոպայի բարեկեցիկ կյանքը թողնելով՝ նրանք նվիրվել են հայ ժողովրդին:

Ֆիլմը վարում է ֆին պատմաբան Սվանտե Լունդգրենը, որը անցնելով ֆիլմի հերոսների առաքելության ճանապարհը՝ գծում է մի նոր քարտեզ` «Փրկության քարտեզը»: Ֆիլմի բեմադրող ռեժիսորն է Արամ Շահբազյանը, սցենարի հեղինակը՝ Աննա Սարգսյանը, իսկ բեմադրող օպերատորը` Արթուր Ղարայանը:

Մանվել Սարիբեկյանը փաստում է, որ համաշխարհային կինոյում հաճախ են նկարվում վավերագրական ֆիլմեր, որոնք ունեն խաղարկային դրվագներ: Մեր զրուցակցի ձեւակերպմամբ, դա ֆիլմն ավելի դիտարժան է դարձնում:

«Մեր ֆիլմում ցեղասպանության մասին շեշտադրված չենք խոսում, ներկայացնում ենք աշխարհի տարբեր կողմերից օգնության շտապող այլազգի հինգ կին հումանիստների ճակատագրերը: Մեր նպատակը եղել է, որ ներկայացնենք ցեղասպանության իրողությունը հաստատող փաստագրություն, ինչը արել ենք հերոսների պատմությունների միջոցով ու օտարազգի պատմաբանի մեկնաբանությամբ: Եթե անգամ ցեղասպանության մասին որեւէ փաստագրություն պահպանված չլիներ, միայն կանանց օրագրերը բավական էին՝ վկայելու, որ եղել է ցեղասպանություն»,- նշում է ֆիլմի գլխավոր պրոդյուսերը: Նա փաստում է, որ շնորհիվ սփյուռքի իրենց աջակիցների ու խմբի պրոֆեսիոնալիզմի, շատ կարճ ժամանակահատվածում՝ կարողացել են 26 օր առանց հանգստի 5 երկրի 14 քաղաքներում նկարահանումներ իրականացնել, ու նույն ոգեւորությամբ կշարունակեն աշխատանքները, եթե համապատասխան աջակցությունն ու ֆինանսավորումը լինի: Նրա մտահոգությունը տրամաբանական է, որովհետեւ ընդհատումները կինոարտադրության մեջ ունենում են նաեւ բացասական կողմեր, ի վերջո ստեղծագործական խմբի անդամները չեն կարող իրենց մյուս ծրագրերը կողքի դնել ու սպասել: Մանվել Սարիբեկյանը ընդգծում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի թեկուզ փոքր, բայց կարեւոր ֆինանսական աջակցությունը:

Պետական աջակցության մեծ մասը նախատեսված է գալիք տարի: Այժմ ստեղծագործական խումբը սպասում է կառավարության պատասխանին, որպեսզի կարողանա նկարահանումներն ավարտել մինչեւ տարվա վերջ ու ֆիլմը էկրան բարձրացնել 2015-ի ապրիլին: Զուգահեռ փորձում են նաեւ այլ աջակցություն որոնել: «Կան կարծիքներ, թե պարտադիր չէ, որ ֆիլմը մինչեւ ապրիլ ամիսը պատրաստ լինի, որովհետեւ ամբողջ 2015թ. Ցեղասպանության 100-ամյա տարելիցին է նվիրված: Բայց մեր տեղացի եւ սփյուռքյան հայրենակիցներն արդեն իսկ ներառել են իրենց աջակցությունը մեր նախագծում եւ իրենց ընդհանուր ծրագրերում: Եվ ես՝ որպես պրոդյուսեր, գտնում եմ, որ եթե ֆիլմը մինչեւ ապրիլ ամիսը կամ ապրիլին էկրան բարձրանա, ավելի մեծ հաջողություն կունենա: Չէ՞ որ համայն հայության համար ապրիլը բացառիկ ամիս է, ապրիլին շատ հայեր կժամանեն սփյուռքից»,- հավելում է պրոդյուսերը:

Նշենք, որ գիտափաստագրական առումով «Փրկության քարտեզի» աշխատանքներին մինչ այժմ մասնակցել են 7 երկրներից 14 մասնագիտական կազմակերպություններ, առկա է 25 ժամից ավելի նկարահանված նյութ, նկարահանումներ են կատարվել թագավորական գրադարաններում, պետական եւ այլ կազմակերպությունների արխիվներում, թանգարաններում, անձնական արխիվների պահոցներում եւ թեմային առնչվող այլ վայրերում:

Նկատի ունենալով նման ֆիլմ նկարելու հետաքրքիր մտահղացումը, թեմայի մատուցման ձեւը եւ «Փրկության քարտեզի» ստեղծագործական կազմի պրոֆեսիոնալիզմը, հակված ես մտածելու, որ սա անկասկած հաջողություն ունեցող նախագիծ է:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարում` Կադր ֆիլմից:

«Առավոտ» օրաթերթ
26.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930