Քուիլթինգը աղքատության արդյունքում ծնված,
բայց ներկայումս՝ թանկ արվեստ
Մոնի Հովսեփյանը 2000-ականներից սկսեց ներկայանալ իր մասնագիտությամբ՝ իբրեւ գրքի ձեւավորող։ Առաջին աշխատանքները հոր՝ գրող Ռուբեն Հովսեփյանի հեղինակային ու թարգմանած գրքերի ձեւավորումներն էին։ Արվեստագետը զուգահեռ հանդես եկավ գեղանկարչությամբ։ Նրա աշխատանքներին բնորոշ է ռեալիզմի հենքով աբստրակտ արվեստը։ Այսօր Մոնին հիշում է իր առաջին կտավները. «Իմ գործերում տվյալ պահին զգացածս սեփական իրավիճակն էր, դրանք կնոջ տարբեր հոգեվիճակներ էին՝ երազող, մենության մեջ հայտնված եւ այլն»։ Հիշում է նաեւ իր արվեստի առաջին ցուցադրությունը Ժողովրդական արվեստի թանգարանում, որտեղ ցուցադրված աշխատանքների մեծ մասը գրաֆիկա էր: Այդ ցուցադրությունից հետո արվեստագետին հրապուրում է յուղաներկով աշխատելը։ Իսկ թե ինչո՞ւ՝ նա դժվարացավ պատասխանել։ Միայն ասաց, որ գրաֆիկական ու յուղաներկ աշխատանքներին զուգահեռ՝ մեծ սեր է սկսվել դեպի նախշերը։ Մոնիի հավաստմամբ՝ նախշազարդերով տարվելը իրեն դրդել է ուսումնասիրել տարբեր ժողովուրդների նախշազարդային արվեստը։ «Ստեղծվեցին նկարներ, որոնք կարելի է ավելի շատ անվանել դեկորատիվ արվեստ։ Եկա այն եզրակացության, որ բոլոր ժողովուրդների մոտ հնուց եկած նախշերը կամ նախշազարդերը ունեն նմանություն։
Սկսեցի աշխարհում եղած նախշազարդերը մեկտեղել իմ աշխատանքներում…»,- հայտնեց արվեստագետը։ Կեսկատակ-կեսլուրջ ռեպլիկին՝ փաստորեն, «յուրացրել» եք այլոց նախշերը, Մոնին պատասխանեց. «Վերջնական արդյունքում իմ աշխատանքներում նույնիսկ մասնագետները չեն կարող ասել, թե այս կամ այն նախշը որ ժողովրդին են պատկանում։ Արդյունքում ստացվում են գեղեցիկ, ակնահաճո, թեկուզեւ խորը իմաստ չունեցող, բայց մեծ ձգողականությամբ գործեր»։
2010 թ., երբ Մոնին ընտանիքով տեղափոխվում է Մոսկվա, շուրջ երկու տարի ապրելուց հետո, իր խոսքերով՝ ինտերնետում հայտնաբերում է «կարկատաններով» խճանկար։ Սա այնքան է ձգում նրան, որ որոշում է հաճախել դասընթացների։ Մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ ընդամենը երրորդ պարապմունքից հետո իր վարպետը՝ Իրինա Մուխանովան, հայտարարում է, թե Մոնին արդեն գտել է իր կոչումը ու նրա խորհրդով ստեղծում է 1,5×1,5-ի վրա աշխատանք ու մասնակցում համառուսաստանյան փառատոնին։ «Միջոցառումն անցկացվում էր Իվանովո քաղաքում։ Իհարկե, աշխատանքիս մեջ կային նաեւ հայկական մանրանկարչության պատկերներ,- հիշում է արվեստագետը ու շարունակում,- փառատոնից հետո ընտանիքով անմիջապես տեղափոխվեցինք Ռիգա ու մասնակցեցի համաեվրոպական ցուցադրության։ Իմ ներկայացրած գործերի մեջ կային նաեւ դեկորատիվ զարդանախշերով բարձեր, ինտերիերի ձեւավորման պարագաներ եւ այլն։ Այնպես շոյվեցի, երբ տաղավարի հսկիչն ասաց, որ անընդհատ գործերիս կողքին է, որ հանկարծ չգողանան։ Այդ ցուցադրությունից հետո ստացա ճապոնական ոճի ննջասենյակի ձեւավորման պատվեր…»։
Ի վերջո, ի՞նչ անուն տալ, ինչպե՞ս է կոչվում իր ներկայացրած արվեստը հարցին՝ մեր զրուցակիցը պատասխանեց. «Դա quilting է, որը գալիս է շատ հնուց, տարածված է թե՛ Արեւմուտքում եւ թե՛ Արեւելքում»։ Հավելեց, որ Երեւանում դեռ ոչ մի ցուցադրություն չի ունեցել։ Խնդրեցինք փոքր-ինչ մատչելի ներկայացնել quilting-ը։ Նշեց, որ դա ի սկզբանե աղքատության արդյունքում առաջացած, ժամանակին էժան, այժմ շատ թանկ գնահատվող ձեռքի աշխատանք է. «Դարեր շարունակ հայերը՝ չիմանալով այս արվեստի մասին, փաստորեն, զբաղվել են դրանով։ Օրինակ, մաշված բաճկոններից կտրտել են «թարմ» մասերը, կարկատել՝ ստեղծելով նոր բաճկոն։ Կամ՝ նման եղանակով մահճակալի եւ այլ իրերի ծածկոցներ են պատրաստել։ Եթե quilting-ը դիտարկենք արվեստի տեսանկյունից, ապա օգտվելով մեր մանրանկարչությունից, զարդանախշերից, կարելի է առանց չափազանցելու աշխարհին ներկայացնել նույնիսկ հայ ժողովրդի պատմությունը»։
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.11.2014