Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ծանրորդները հաջող են հանդես գալիս Կիպրոսում

Նոյեմբեր 27,2014 13:45

Կիպրոսի մայրաքաղաք Լիմասոլում ընթացող ծանրամարտի մինչեւ 20 եւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնում են 11 մարզիկներ, որոնցից միայն մեկն է հանդես գալիս 23 տարեկանների պայքարում՝ Սմբատ Մարգարյանը:

Հենց Սմբատն էլ առաջին մեդալները բերեց Հայաստանի հաշվարկին: 56 կգ քաշային մարզիկը հրում վարժությունում 145 կիլոգրամով նվաճեց փոքր ոսկին, իսկ երկամարտում ցույց տալով 252 կիլոգրամ, դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:
Երեկ օրվա երկրորդ կեսին 20 տարեկան աղջիկների մրցապայքարում 58 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը գերազանցեց Սմբատի ձեռքբերումը՝ բարձրանալով հաղթողի պատվանդանին: Մեր աղջնակը պոկում վարժությունում ցույց տվեց 85 կգ արդյունք եւ միայն անձնական քաշի պատճառով փոքր ոսկին զիջեց ուկրաինուհի Վերոնիկա Իվասյուկին: Սակայն նա հավասարը չունեցավ հրում վարժությունում: Արդեն երկրորդ մոտեցման ժամանակ գլխավերեւում պահելով 106 կիլոգրամը՝ Իզաբելլան մրցակիցների համար այլեւս անհասանելի էր ինչպես այս վարժությունում, այնպես էլ՝ երկամարտում՝ 191 կգ: Ժամանակից շուտ ապահովելով ինչպես փոքր, այնպես էլ մեծ ոսկին, Իզաբելլան նպատակահարմար չգտավ օգտվել նաեւ երրորդ մոտեցման իրավունքից:
Երեկվա օրը հաջող էր Հայաստանի ծանրորդների համար: Երեկոյան պայքարի մեջ մտան նաեւ 20 տարեկան տղաների 77 կգ քաշայիններ Նորայր Ավետիսյանը եւ Նանկինի պատանեկան առաջին օլիմպիական խաղերի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը ու երկուսն էլ հատկապես հրում վարժությունում հաջող հանդես գալու շնորհիվ բարձրացան պատվո պատվանդան: Նորայրը երկու արծաթե մեդալ նվաճեց. մեկը՝ հրումում (180) մյուսը՝ երկամարտում (318), իսկ Հակոբը բավարարվեց երկու բրոնզով. հրումում՝ 176 կգ, երկամարտում՝ 313 կգ:

Այսպիսով, երեկվա դրությամբ մրցահարթակ մտած մեր յոթ ծանրորդներից չորսը մեդալակիր են դարձել՝ երկամարտում նվաճելով 1 ոսկե, 2 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ:
Այսօր Լիմասոլի մրցահարթակ է մտնելու միայն 75 կգ քաշային Տաթեւիկ Հակոբյանը, որը մասնակցելու է 20 տարեկան աղջիկների պայքարին:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930