Նոյեմբերի 28-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի Հայաստանի ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր Փարավոն Միրզոյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը։
Այդ մասին «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց հենց ինքը՝ արվեստագետը: Ժողովրդական նկարիչը նշեց. «Ցուցահանդեսը նորօրյա մի հետահայաց է վաղ շրջանից մինչ այսօր ստեղծած այն լավագույնի առումով, որը հանրությանն է ներկայացվելու ներկապնակի ողջ գամմայով: Այսինքն՝ լինելու է բնապատկեր, դիմանկար, նատյուրմորտ, թեմատիկ կոմպոզիցիաներ, պաստելով կատարված աշխատանքներ, ինչպես նաեւ գծանկարներ: Իսկ ցուցահանդեսի հետ կապված մանրամասներ իմանալու համար, բոլոր ցանկացողները կարող են նոյեմբերի 29-ից սկսած՝ գեղագիտական հաճույք ստանալ Հայաստանի ազգային պատկերասրահում»:
Այս տարվա գարնանը մի անհատական ցուցահանդես էլ նկարիչը Մոսկվայում էր ունեցել՝ Ռուսաստանի ժամանակակից պատմության պետական թանգարանում: Ռուսաստանցի մշակութասեր հանրությանը Փարավոն Միզոյանը ներկայացել էր տարբեր ժանրերի 90 աշխատանքով:
Հավելենք, որ 2002-ից պարոն Միրզոյանը ղեկավարում է Հայաստանի ազգային պատկերասրահը, որտեղ նորմալ բարոյահոգեբանական մթնոլորտ է տիրում ու մշտապես նոր ցուցադրություններ են լինում: Օրինակ՝ մեկ ամիս առաջ, հայկական արմատներով լեհ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի 53 աշխատանքները ներկայացվեցին:
Կարդացեք նաև
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.11.2014