Գեղագիտության ազգային կենտրոնը
պատասխանում է Անահիտ Բախշյանին
Մենք խնդիրներ չունենք, քանզի 40 տարի շարունակ զբաղվել ենք երեխաների գեղագիտական դաստիարակությամբ, ունենք շատ մեծ ձեռքբերումներ, համաշխարհային ճանաչում: Այս ամենը համապատասխան բարձունքի վրա պահելու համար անհրաժեշտ է գնալ առաջ` ազատվել ո՛չ պրոֆեսիոնալ մեկից, կատարել արվեստանոցային տեղափոխություններ եւ ընդհանրապես մեր գործի նպատակահարմարությամբ թելադրված ցանկացած քայլ:
Իրավամբ անտեղյակություն կարելի է որակել Անահիտ Բախշյանի խոսքն ու անհարկի դիտարկումները Երեւանի պատվավոր քաղաքացի Լեւոն Իգիթյանի հասցեին, քանզի տիկինը 2014 թվականի նոյեմբերի 20-ի «Առավոտում» տպված հոդվածում «վիրավորվածի» նկրտումներով է հանդես գալիս, այլ ոչ բանիմաց մեկի, որը տարիներ շարունակ գտնվելով կրթության ոլորտում, պատկերացում անգամ չունի ո՛չ Ժամանակակից արվեստի թանգարանի գործառույթների, ո՛չ էլ Գեղագիտության ազգային կենտրոնի 40-ամյա գործունեության եւ այնտեղ աշխատող բարձր որակավորում եւ ճանաչում ունեցող նկարիչ-մանկավարժների վերաբերյալ:
Փոխարենն ընկել է մի անարժանի խելքին եւ անձնական խնդիրներն ու վիրավորանքները, վրդովմունքը փորձում է կոծկել այն շինծու փաստով, իբր ինքը խիստ մտահոգ է Լեւոն Իգիթյանի անհանդուրժող պահվածքով, ո՛չ պրոֆեսիոնալ մեկին աշխատանքից ազատելու խնդրով, արվեստանոցների տեղափոխման, իր համար, խիստ «անհասկանալի» պարագայով:
Կարդացեք նաև
Հարգարժան տիկին, բամբասանքներին ականջ դնելը վատ սովորություն է, մանավանդ որ դրանց գերակշիռ մասն իրականության հետ ոչ մի առնչություն չունի: «Անպարկեշտ» եք որակել մի մարդու, որի միայն արտաքնապես եք ճանաչում: Այսօր մենք` մանկավարժներիս մեծ բանակը, անպարկեշտ որակողին կարգի հրավիրելու խնդրի առաջ ենք կանգնած:
Ասեմ նաեւ, որ շահարկելով մարդու՝ պատվավոր քաղաքացի լինելու փաստը, ձեր սեփական անձը կարեւորելով` այն դնում եք կասկածելի «պատվանդանի» վրա: Եվ պարտադիր է գիտենալ, որ Լեւոն Իգիթյանը կոչումով չէ, որ պատվավոր քաղաքացի է, այլ ծագումով: Լինելով ավագանու անդամ, հարկ է, որ ձեզ պահեք ճիշտ եւ շիտակ, հայ կնոջ նկարագրին ու բնութագրին համապատասխան:
Վերջում հավելեմ, որ ձեզ հետ փորձեցինք խոսել ձեր լեզվով. թեեւ այս ամենը մեզ հարիր չէ, որովհետեւ կան օրենքներ եւ նորմեր, համաձայն որոնց, ի տարբերություն ձեզ, առաջնորդվում ենք մենք եւ մեր հարգարժան ղեկավար Լեւոն Իգիթյանը:
ԷՄՄԱ ԱՍԱՏՐՅԱՆ
«Կերպարվեստ եւ դեկորատիվ կիրառական արվեստ» ուսումնական մասի ղեկավար՝ ստուդիայի մանկավարժների անունից
«Առավոտ» օրաթերթ
26.11.2014