«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսից հետո եռյակի մասին ասված դիտարկումները քննարկումների տեղիք տվեցին:
Aravot.am-ը Ժառանգության պատգամավոր Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեց՝ այդ հայտարարությունները, որ ոչ միացյալ հարթակ է, որ եռյակում գաղտնիություն կա, սա նշանակում է, որ «Ժառանգությունը» դո՞ւրս է գալիս եռյակից, որ պառակտվո՞ւմ է եռյակը: Նա պատասխանեց. «Ես միշտ ասել եմ, որ եռյակը դա փոքր խորհրդարանական համագործակցություն է, որը չի վերածվել ազգային շահը սպասարկող միացյալ օրակարգի: Հետևաբար` ինչ պառակտման մասին է խոսքը»:
Մեր դիտարկմանը, որ հայտարարվում է՝ սա համաժողովրդական շարժում է, իսկ շարժման մի մասնիկը նաեւ «Ժառանգությունն» է՝ Զարուհի Փստանջյանը պատասխանեց. «Իրենք են այդպես ասում, բայց դա փոքր խորհրդարանական համագործակցություն է, որը չի ձեւավորել դեռ մեր ազգային շահը սպասարկող միացյալ հարթակ: Հրապարակը, ինչպես տեսաք, միացյալ է, որովհետեւ մարդիկ ցանկանում են գալ, լսել, բայց հարթակը տակավին մնում է ոչ միացյալ»:
Զարուհի Փոստանջյանը չցանկացավ մեկնաբանել, թե ինչու է ԲՀԿ-ն հանրահավաքները դադարեցնում:
Կարդացեք նաև
Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունից հետո ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը մեղադրեց Րաֆֆի Հովհաննիսյանին, որ ամիսը մեկ է հանդիպում Ռուբիկ Հակոբյանին եւ տեղյակ չէ բանակցային գործընթացից. «Դա մի վատ բանի մասին է խոսում՝ «Ժառանգություն» կուսակցության ներսում ամեն ինչ նորմալ չի, չի քննարկվում ներսում հետո ներկայացվում: Ես հակված եմ կարեւոր համարելու խմբակցության ղեկավարի տեսակետը, որը վարում է հիմնական բանակցությունները, իսկ թե գիշերը ինչ է մտածել Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ես չեմ կարող ոչինչ ասել: Լավ կլիներ, որ համատեղեին իրենց տեսակետները, կարողանային ընդհանուր եզրակացության գալ եւ կուսակցության միասնական տեսակետը ներկայացնել»:
Մեր հարցին՝ «Ժառանգության» ներսում հիմա խնդիրներ կա՞ն, մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Ռուբեն Հակոբյանի միջեւ՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Չեմ կարծում, ոչ»:
Նա հորդորեց Լյուդմիլա Սարգսյանին հարցնել, թե «Ժառանգությունում» ի՞նչ խնդիրների մասին կարող է խոսք լինել. «Ես տեղյակ չեմ որեւիցե խնդրից»:
Մեր հարցին՝ Րաֆֆի Հովհանիսյանի այդ հայտարարությունը եռյակի մասին Ձեզ համար անակնկա՞լ էր, դա մի գիշերվա որոշո՞ւմ է եղել, որը կայացվել է միանձնյա՝ Զարուհի Փոստանջյանը վստահեցրեց, որ ոչ. «Պարոն Հովհաննիսյանը իր որոշումների մասին նաեւ հայտնում է մեզ: Նա այն անձն է, որը նաեւ խորհրդակցում է մեզ հետ եւ կարծիքներ է լսում: Եռյակի մասին հայտարարությունը անակնկալ չէր մեզ համար»:
Մենք ճշտեցինք՝ Ռուբեն Հակոբյանի համա՞ր էլ այդ հայտարարությունը անակնկալ չէր՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Իհարկե, ոչ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ