Լրահոս
Օրվա լրահոսը

Արգիշտի Կիվիրյանի գործով դատական նիստում լրացուցիչ հարցաքննվեց ոստիկան Վահան Վրթանեսյանը. (Տեսանյութ)

Նոյեմբեր 26,2014 21:04

Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 26-ին, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ շարունակվում էր «Armenia today» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի գործով դատական նիստը:

Հիշեցնենք՝ Արգիշտի Կիվիրյանը 2013 թվականի օգոստոսի 24-ին մասնակցել է Կոմիտաս 5 հասցեում կառուցվող բազմահարկ շենքի դեմ բողոքի ակցիայի: Նա հաղորդում էր տվել, որ ոստիկանները ոստիկանության բաժանմունք տանելիս բռնություն են գործադրել իր նկատմամբ: Սակայն քրեական գործ է հարուցվել ոստիկանի հաղորդման վրա, ըստ որի՝ Կիվիրյանը ոստիկանին հարվածել եւ ինքն իրեն վնասել է:

Դատական նիստի ընթացքում լրացուցիչ հարցաքննվեց տուժողը՝ ոստիկան Վահան Վրթանեսյանը: Նա, պատասխանելով Արգիշտի Կիվիրյանի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանի հարցերին, նշեց, որ այդ օրը իրեն բժշկական օգնություն են ցուցաբերել ոստիկանության բաժանմունքի բակում՝ Շտապ օգնության մեքենայի մեջ: Նա ասաց, որ չի նկատել մոտակայքում որեւէ մեկին, ով առաջին բուժօգնության կարիք կունենար:

Լուսինե Սահակյանը նշեց, որ քրեական գործի նյութերի ընթացքից պարզվել է, որ Վահան Վրթանեսյանը ունի ձեռքերի սնկային հիվանդություն, սակայն ոստիկանը հայտարարեց, որ նման հիվանդություն չունի, նա հավելեց, որ որեւէ բուժում չի ստացել: Վահան Վրթանեսյանի խոսքերով՝ օգոստոսի 24-ին բորբոքված լինելու որեւէ պատճառ չի ունեցել, հանգիստ եւ հավասարակշռված է եղել:

Մանրամասները՝ տեսանյութում

Իսկ ամբաստանյալ Արգիշտի Կիվիրյանը հրաժարվեց ցուցմունք տալ՝ նշելով, որ ցուցմունք կտա դատաքննության ավարտին, քանի որ կողմը միջնորդություններ ունի: Լուսինե Սահակյանը ներկայացրեց այդ միջնորդությունները. «Այս ապացույցը մենք ունեցել ենք ի սկզբանե, երբ որ նախաքննություն էր կատարվում, բայց քանի որ մենք հասկանում էինք, որ նախաքննությունը օբյեկտիվ եւ բազմակողմանի չի կատարվում եւ յուրաքանչյուր մեր տված ապացույցը օգտագործվում է ի վնաս Արգիշտի Կիվիրյանի, մենք չենք ներկայացրել այն: Յուրաքանչյուր մեր ներկայացրած ապացույցը, չգիտես, թե ինչու, քննիչը քննարկում էր տուժողի հետ, տուժողի ներկայությամբ տեսանյութերը դիտում է, նոր հարցեր է տալիս, այսինքն՝ դրանով իսկ արժեզրկում է ապացույցը: Այդ իսկ պատճառով՝ մենք որոշեցինք այս ապացույցը ներկայացնել դատարանին, քանի որ մեր պարտականությունն է հանրությանը ներկայացնել օբյեկտիվ ճշմարտությունը»:

Լուսինե Սահակյանը միջնորդեց, որպեսզի լրագրող Լիլիթ Թադեւոսյանը կատարած տեսանյութը կցվի գործին, որովհետեւ ըստ նրա՝ այն էական նշանակություն ունի այս գործի համար, որտեղ երեւում է, թե արդյոք իրավաչա՞փ է գործել ոստիկանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Մեղադրող Արթուր Երիցյանը հայտարարեց, որ սկզբունքորեն դեմ չէ միջնորդությանը, բայց պաշտպանական կողմը պետք է վկայակոչի ապացույց ձեռք բերելու աղբյուրը. «Եթե պաշտոնապես կներկայացվի փաստաթուղթ, թե դա որտեղի՞ց է ձեռք բերվել, ո՞ւմ կողմից է ձեռք բերվել, ես այդ ժամանակ իմ կարծիքը կարտահայտեմ միջնորդության վերաբերյալ: Այժմ ներկայացնում են մի սկավառակ, որը ես չգիտեմ, թե աղբյուրը ո՞րն է, պաշտոնակա՞ն է, պաշտոնակա՞ն չէ»:

Մանրամասները շուտով՝ տեսանյութում

Դատավոր Արթուր Մկրտչյանը որոշեց միջնորդության հետազոտությունը հետաձգել երկու տարբերակով՝ կա՛մ հաջորդ դատական նիստի ընթացքում դատարանը կհրավիրի լրագրող Լիլիթ Թադեւոսյանին, կա՛մ էլ աղբյուրի հարցում հավաստիանալու համար կողմը համապատասխան գրություն կներկայացնի, սակայն Լուսինե Սահակյանը հրաժարվեց ներկայացնել որեւէ գրություն, դատավորն էլ հայտարարեց, որ հաջորդ դատական նիստին հրավիրել լրագրող Լիլիթ Թադեւոսյանին:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե Սահակյանը ներկայացրած մեկ այլ միջնորդություն եւս. նա նշեց, որ դատաքննության ընթացքում որպես վկաներ հարցաքննվել են վկա ոստիկանները, նրանցից վարորդը՝ Արմեն Քոչինյանը, ասել էր, որ ինքը, ուղղելով հետին տեսանելիության հայելին տեսել է, թե ինչպես է Արգիշտի Կիվիրյանը կծում Վահան Վրթանեսյանին. «Ես միջնորդում եմ, որպեսզի կատարվի քննչական փորձարարություն, ընդ որում փորձարարություն կատարվի ոչ միայն այս հանգամանքը պարզելու համար: Խնդրում եմ, դատարանը կատարի փորձարարություն եւ պարզի, թե արդյոք այդ վկան կկարողանա՞ր տեսնել, թե ինչ է կատարվում իր նստատեղի հետեւի հատվածում: Այդ փորձարարությամբ նաեւ ուզում ենք ճշտել վկաների այն ցուցմունքը, որտեղ ասում են, իբր թե Արգիշտի Կիվիրյանը փորձել է մեքենայից իրեն դուրս գցել»:

Դատավորը որոշեց միջնորդությունը մասնակիորեն բավարարել եւ վկա Քոչինյանի ցուցմունքները ճշտելու կապակցությամբ անցկացնել քննչական փորձարարություն: Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930