Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Հովնանյանը՝ Սերժ Սարգսյանից գոհ կամ դժգոհ լինելու և «իր թեկնածուի» մասին

Նոյեմբեր 26,2014 20:45

«Մենք լիովին դեռ չենք փորձել մեր՝ նախագահ ընտրելու հնարավորությունները, պետք է առանց ներկայիս համակարգը փոխելու այս համակարգը աշխատացնենք, ճիշտ թեկնածու գտնենք: Ինչո՞ւ փոխենք, ինչն ունենք, պետք է ավելի լավացնենք, քան նոր «այբ-բեն-գիմ» սկսենք»,-Aravot.am-ի հարցին՝ կառավարման ո՞ր համակարգին է կողմնակից՝ նախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական,այսպես պատասխանեց ամերիկահայ գործարար, բարերար, «Հովնանյան գրուպ» ընկերության նախագահ, «Վահագնի» թաղամասի հիմնադիր Վահագն Հովնանյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախաձեռնել է սահմանադրական բարեփոխումների գործընթացը, որոնց առանցքում ընկած է երկրի կառավարման համակարգի ընտրության հարցը: Վահագն Հովնանյանը կառավարման համակարգի փոփոխության անհրաժեշտություն չի տեսնում ու նշում. «Մենք ուժեղ մարդու կարիք ունենք, որ նախագահ դառնա: Վստահ եմ, որ գոնե այս անգամ ժողովուրդը կարթնանա, և կաշառքը չպետք է աշխատի, այլ ժողովուրդը ճիշտ մարդ գտնի»:

Մեր հարցին՝ իսկ ո՞վ է Վահագն Հովնանյանի՝ նախագահի թեկնածուն, ամերիկահայ գործարարը պատասխանեց. «Չեմ կարող ուրանալ, որ թեկնածու ունեմ, այսքան տարի այստեղ ապրել եմ, իհարկե ունեմ:Բայց դեռ շուտ է անուններ նետել, քանի որ Սերժը դեռ ունի տարիներ, իհարկե, շատերը գոհ չեն…»: Հետաքրքրվեցինք՝ իսկ Դուք գո՞հ եք Սերժ Սարգսյանի աշխատանքից, պարոն Հովնանյանը պատասխանեց. «Երբեք գոհ չես լինում այս օրից, վաղը միշտ ավելին ես ուզում»:

Վահագն Հովնանյանը մեզ հետ զրույցում շեշտեց, թե այսօր ՀՀ-ում ամենից շատ իրեն հուզում է մենաշնորհի հարցը: Հետաքրքրվեցինք՝ հանդիպե՞լ է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին և հույս ունի՞, որ նրան կհաջողի հաղթահարել ստվերը, գործարարը պատասխանեց. «Կարճ ժամանակում ամեն ինչ մեջտեղ է գալու: Մի քանի ամիս է՝ ինչ ճանաչում եմ Հովիկ Աբրահամյանին: Նրա մեջ աշխուժություն եմ տեսել, դա ինձ ուրախացնում է: Լավ մտքեր բունի, բայց միայն ունենալը չէ, այլ պիտի իրականացնի»:

Եռյակի պայքարի մասին պարոն Հովնանյանն ասաց հետևյալը. «Ժամանակի ընթացքում պայքարը մեկ կամ երկու գաղափարի մեջ է գնալու և այդ ժամանակ էլ մեծ պայքար կլինի ու առաջ կգան թեկնածուներ»:

Ռոբերտ Քոչարյանի գործը թեև Վահագն Հովնանյանը բարձր է  գնահատում, բայց առանձնապես չի ցանկանում, որ նա կրկին քաղաքականություն վերադառնա ու եզրափակում. «Ռոբերտը հրաշալի գործ արեց: Նրա անունն արդեն մեր պատմության մեջ գրված է: Բայց պետք է, որ նոր դեմքեր ի հայտ գան, որ նրանց գործերը կարողանանք համեմատել ու զտել: Այդ դեպքում ինչու՞ հիմա մեր մտքերը սահմանափակենք և ուրիշ մարդու թեկնածություն չառաջադրենք: Մենք ունենք այդ ներուժը, և բոլորին պետք է տալ այդ հնարավորությունը»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930