Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայցորդին երկրորդ անգամ դոկտորի աստիճան շնորհվեց

Նոյեմբեր 26,2014 20:32

Այսօր՝ նոյեմբերի 26-ին,  Երեւանի պետաական համալսարանում կայացավ Արծրունի Սահակյանի «Հայ հին վիպական ավանդույթը և պատմագրությունը» թեմայով ատենախոսության պաշտպանությունը՝ բանասիրական գիտությունների դոկտորի աստիճանի հայցման համար՝ «Հայ դասական գրականություն» մասնագիտությամբ:
Թեման հաստատած կազմակերպությունը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան էր:

Պարոն Սահակյանը նշեց, որ երկրորդ  դոկտորականն է ուզում պաշտպանել (նաեւ պատմական գիտությունների դոկտոր է), որովհետեւ թեման խնդրահարույց է, իսկ գիտության գործը շարունակողների թիվը գնալով պակասում է:  ԵՊՀ Գրականագիտության 012 մասնագիտական խորհրդի նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր Ժենյա Քալանթարյանը նշեց, որ Արծրունի Սահակյանի ատենախոսության թեման  է «Հայ հին վիպական ավանդույթը և պատմագրությունը», մինչդեռ նա ծանրացել է Խորենացու վրա: Ըստ խորհրդի նախագահի, հայցորդի աշխատանքում  Խորենացու արժանավորությունը , կարծես, պակասել է  Մարաբ Մծուրնացու (ըստ Խորենացու՝ Մար Աբաս Կատինայի) դերակատարությունը կարեւորելու հաշվին: Հայցորդը չհամաձայնեց, փաստարկներ բերեց, որ ընդհակառակը՝ պատմահայրը հաճույքով օգնել ու փրկել է իր վարպետին: Կարծիք հնչեց, թե Խորենացու հանդեպ հայցորդի վերաբերմունքը վտանգավոր քաղաքական ու ազգային հետեւանքներով է հղի, ինչին Արծրունի Սահակյանը հումորով պատասխանեց:

Նրա ընդդիմախոսները, այդ թվում Ալբերտ Մուշեղյանն ու Վազգեն Սաֆարյանը,  հայցորդի աշխատության որոշ դրույթների հետ չհամաձայնելով հանդերձ, այնուամենայնիվ եզրակացության մեջ նշել էին, որ Արծրունի Սահակյանն արժանի է բանասիրական գիտությունների դոկտորի աստիճանին:

Ատենախոսության այս պաշտպանությունը ռեկորդային էր նրանով, որ սկսվել  էր 14:30-ին եւ ձգվել մինչեւ 20:05: Գիտական խորհրդի 16 անդամներից 15-ը կողմ քվեարկեց, 1-ը դեմ, ու արդյունքում Արծրունի Սահակյանին նաեւ շնորհվեց բանասիրության դոկտորի աստիճան: Ավելի վաղ մի քվեարկություն էլ էր եղել, 16 հոգանոց խորհրդի  անդամներից մեկը տուն էր գնացել պաշտպանության կեսից, 7-ը   կողմ էին քվեարկել, 5-ը դեմ,  3-ի քվեարկությունն էլ անվավեր էր ճանաչվել: Այդ արդյունքով հնարավոր չէր, որ հարցը հանգուցալուծում ստանար, քանի որ պետք է կողմ քվեարկեր անդամների 2/3-ը: Ստիպված եղան տանից հրավիրել 16-րդ անդամին՝ նոր քվեարկության համար:

Հավելենք, որ պաշտպանությունից տպավորություն էր ստեղծվում, թե միտումնավոր է այս ձգձգումը, եւ խորհուրդը խնդիր ունի հայցորդի հետ: Կամ էլ Խորենացու հանդեպ ոչ ավանդական մոտեցնումն էր բոլորին անակնկալի բերել, ու երկրորդ անգամ գիտությունների դոկտորի աստիճանին  հավակնելը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ) says:

    Աձամբ ճանաչում եմ, և համոզված եմ, որ այս համատարած տգիտության միջավայրում նրա նման գիտնականի գոյությունը ուղղակի ծիածան է մութ երկնքում…
    Արժանի է…
    Շնորհավորում եմ…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930