Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցմունք տվեց Զարզանդ Նիկողոսյանը

Նոյեմբեր 26,2014 19:18

Բուդաղյանների գործով նոյեմբերի 26-ի դատական նիստը սկսվեց  տուժող Լորետա Բարսեղյանի ներկայացուցիչներ Ռուբեն Սահակյանի  և Մարտին Զիլֆուղարյանի հարցադրումներով: Իսկ ցուցմունք տալիս էր Զարզանդ Նիկողոսյանը:   Նրանց  կողմից  Զարզանդ Նիկողոսյանին տրված հարց ու պատասխանից պարզվեց,  որ 2013 թ  հունիսի 1-ին Լեռնային Ղարաբաղից եկել էր պատվիրակություն: Նրանք սկզբից  եղել են  Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում, այնուհետև Կապանում և Գորիսում, որից հետո գնացել են Գորիսին մոտիկ գտնվող Սդղին  գյոլի պանսիոնատում ճաշկերույթի: Այն ավարտվելուց հետո ամեն մեկը գնացել է իր ճամփով: Ընդ որում, նրանց հետ եղել է Ավետիք Բուդաղյանը: Նա Գորիս վերադառնալուց  նստել է  Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի մեքենան, որի մեջ էին  մարզպետը, Զարզանդը: Իսկ վարորդը  Արագած Ղևոնդյանն էր: Մեքենայում վեճ է բռնվում և Զարզանդը, որ նստած էր  վարորդի կողքին, հետ է դառնում և մի քանի անգամ հարվածում Ավետիք Բուդաղյանին:

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանին հետաքրքրում էր, թե Զարզանդ Նիկողոսյանն ինչ կարգավիճակով էր մասնակցում  ճաշկերույթին, որովհետև ինքը տեղեկություն ունի, որ նա մարզպետի թիկնապահն է: Զարզանդ Նիկողոսյանը  ասաց, որ իրեն  հրավիրել է վարորդ Արագած Ղևոնդյանը, իսկ ով իրեն ասում է, որ մարզպետի թիկնապահն է,  նա գլուխը պատովն է տալիս: Հայկ Ալումյանը Զ.Նիկողոսյանին հարցնում է` տեսաձայնագրության ժամանակ  լսվում է, որ մեկն ասում է Ավոյի սհենցը-նհենցը, ով է այդ ասում: Չգիտեմ, կարճ ասում է Զ. Նիկողոսյանը: Բուդաղյանների փաստաբանի այն հարցին, թե ինչու Զարզանդ Նիկողոսյանը  մի տեղ  հոգնակի է   խոսում, իսկ մի այլ տեղ  եզակի` ասի, դավայ, ելիր ռադդ  քաշիր, Զարզանդն ասաց, որ դա խոսելու իր ձևն է:  Ռուբեն Սահակյանի այն հարցին, թե` ինչու էր Արտակ Բուդաղյանը զենքով եկել Սուրեն Խաչատրյանի   տան մոտ, Զարզանդ Նիկողոսյանը  ասաց. «Չգիտեմ, մեքենայի մեջ վեճ է եղել, եկել է իր ձևով հարցը լուծի»:

Հայկ Ալումյանը հակադարձելով ասաց. «Հակաօրինական գործողություններ եք վերագրում Բուդաղյաններին` ձեր վիճակը լավացնելու համար»: Հայկ Ալումյանին հետաքրքրում էին նաև այս հարցերը` քանի կրակոց եղավ դեպքի ժամանակ, Ավետիքը քանի անգամ կրակեց և որ ուղղությամբ, ինչու Զարզանդ Նիկողոսյանը մարզպետի մեքենայից հանեց զենքը, նկատել է, արդյոք, թե ճաշկերույթի ժամանակ ով ինչքան է խմել, Զարզանդ Նիկողոսյանը պատասխանեց բոլոր հարցերին:

Հայկ Ալումյանի խնդրանքով  միացրեցին   տեսաձայնագրության  իրեն անհրաժեշտ հատվածը:  Ալումյանն ու Զարզանդը միասին դիտեցին  այն, որի ընթացքում   փաստաբանը հարցեր էր տալիս վկային: Իր այդ քայլը Հայկ Ալումյանն այսպես բացատրեց.«Ես հակասություններ եմ նկատել  Զարզանդ Նիկողոսյանի տված  ցուցմունքում, դրա համար էլ  պահանջեցի տեսաձայնագրությունը»:

Իսկ տուժողի ներկայացուցիչ Ռուբեն Սահակյանը իրենց կողմից Զարզանդ Նիկողոսյանին  տրված հարցի նպատակի մասին ասաց.«Իմ պարտականությունն եմ կատարում, ես պատրաստվում եմ իմ ապագա ճառին»:

Հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին, Գորիսում:

 Ալվարդ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930