Արդեն տեղեկացրել ենք, որ եկող տարվա հուլիսի 1-ից Հայաստանն ամբողջությամբ պատրաստ կլինի թվային հեռարձակմանը:
Այսօր «Ազատություն» ռադիոկայանն ու Aravot.am-ը որոշ հարցեր ուղղեցին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախկին նախագահ, ներկայումս «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանին:
«Ազատության» հարցին`արդյոք թվային հեռարձակումը կարո՞ղ է ճանապարհ հարթել «Ա1+» ընկերության` հեռուստաեթեր վերադառնալուն, պարոն Ամալյանն ասաց. «Հարցն էն գլխից բան է… որովհետեւ կոնկրետ հեռուստաընկերության անուն եք տալիս: Լիցենզավորման օրենսդրությամբ սահմանված է ստույգ` քանի հեռուստաընկերություն է գործում, եւ ո՞ր ժամկետից է լիցենզավորման հաջորդ շրջանը Հայաստանում: Թվայնացման հարցերում կան օրենսդրական նախաձեռնություններ`ընդհանրապես այլ մոտեցում ցուցաբերել հեռուստաընկերություններին լիցենզավորման գործընթացներում, եւ նրանց հեռուստաեթերում հայտնվելու հնարավորություններին: Օրենսդիրը օրենսդրորեն խոստացել է տալ նոր մոտեցում` կարգավորման, ինչպես մասնավոր մուլտիպլեքսների կարգավորման գործընթացի վերաբերյալ, այնպես էլ կարծում եմ հեռուստաընկերություններին: Կլինի՞ համապատասխան քաղաքական կամք, մոտեցում օրենսդրական, հնարավորությունները կփոխվեն: Գործող օրենսդրության շրջանակում 2020 թվականին է լիցենզավորման հաջորդ մրցույթները»: Սա նշանակում է, որ «Ա1+»-ը առաջիկա տարիներին հնարավորություն չի ունենա մասնակից դառնալ թվային հեռուստահեռարձակմանը:
Aravot.am-ի հարցին` քաղաքական կամք ի՞նչ նկատի ունեք, իշխանություննե՞րը պետք է ցանկանան, որ «Ա1+»-ը վերադառնա հեռուստաեթեր, պարոն Ամալյանն ասաց, որ «Ա1+»-ն ունի եթեր, հեռուստաընկերություններից մեկով եթեր է դուրս գալիս: Aravot.am-ի դիտարկմանը` բայց դա ամբողջական հեռուստաեթեր չէ, դա ընդամենը 1 հաղորդում է, իսկ «Ա1+»-ն պայքարում է հեռուստակապուղի ունենալու համար, պարոն Ամալյանն ասաց. «Իսկ դուք վերջին անգամ ե՞րբ եք հարցրել «Ա1+»-ին` ուզո՞ւմ է ամբողջական հեռուստալիք: Եղել են մրցույթներ, որտեղ չի հաղթել, այսինքն հարցն ինչի՞ մասին է»:
Կարդացեք նաև
Մանրամասն տեսանյութում
Հիշեցնենք, որ կառավարությունը լիցենզավորված հեռուստաընկերություններին անվճար է ապահովում թվայնացման գործընթացը: Ինչ վերաբերում է «Ա1+»-ին, ապա կրկին հիշեցնենք, որ 2002 թվականին Հեռուստառադիոյի ազգային հանձնաժողովի վիճահարույց որոշմամբ, «Ա1+» անկախ հեռուստաընկերությունը զրկվեց եթերից. Այս տարիների ընթացքում «Ա1+»-ը մշտապես պայքարել է կապուղի ստանալու եւ կրկին եթեր դուրս գալու համար, սակայն ՀՌԱՀ-ի կողմից մշտապես մերժվել է տարբեր պատճառաբանություններով:
Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Գրիգոր Ամալյանը վերոնշյալ դիտարկումներին, «Ա1+» ընկերության ղեկավար Մեսրոպ Մովսեսյանն ասաց. «Անընդհատ տարբեր պաշտոնյաներ կրկնում են, որ դրա համար ահռելի գումարներ է պետք, որ դա անհնարին է, եթե մեզ համար դա անհնարին է, ես կարող եմ ենթադրել` ուրեմն` բոլորի համար էլ դառնում է անհնարին, որովհետեւ հավասարաչափ «Ա1+»-ն աշխատում է այնպես, ինչպես բոլորը, ճիշտ է, հարթակն է ուրիշ: Եվ մասնակի կամ լիարժեք աշխատանքի բաժանությունը, որ դնում է պարոն Ամալյանը, այդ բոլոր նախադրյալներն ինքը պատրաստել էր այս 15 տարվա ընթացքում, եւ բոլոր մրցույթներին ինքը դա դրսեւորում էր. իր այդ դիրքորոշումից եւ դրսեւորումից պարզ է, որ այսօր էլ պիտի նման հայտարարություն աներ»:
Մեր այն հարցին էլ` «Ա1+»-ը պատրաստվո՞ւմ է 2020 թվականի մրցույթին, պարոն Մովսեսյանն ասաց. ««Ա1+»-ը միշտ էլ ցանկություն ունի եւ միշտ է պատրաստ է: Այն ներդրումները, որ անընդհատ շեշտում է պարոն Ամալյանը, նա միշտ էլ հեռուստատեսությունը որպես փողի քսակ է պատկերացրել: Ես դրան էլ եմ պատրաստ, որովհետեւ կան ներդրողներ, ինչպես համոզվեց Ամալյանը վերջին 15 տարվա մրցույթներին, եւ կա ցանկություն: Հիմա այստեղ ոչ թե Ամալյանի քմահաճույքն է եւ նրա անիմաստ հայտարարություններն` աջ ու ձախ, այլ ժամանակը ցույց կտա»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ