Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ գործ ունի Արամ Հարությունյանը «մոնոտոն նահանջող Տեր-Պետրոսյանի», «քաղաքական դիակ» Րաֆֆի Հովհաննիսյանի հետ

Նոյեմբեր 26,2014 18:09

Օրերս մի քանի արտախորհրդարանական կուսակցություններ հանդիպում ունեցան ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ եւ ցանկություն հայտնեցին միանալ եռյակի նախաձեռնած համաժողովրդական շարժմանը: ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանից հետո Գագիկ Ծառուկյանի գովքն արեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, որը վստահեցրեց, որ Ծառուկյանը իշխանությունը կվերադարձնի ժողովրդին:

Թե իրականում ԲՀԿ-ի եւ եռյակի մյուս ուժերի մասին ժամանակին ինչ հայտարարություններ էր արել Տիգրան Կարապետյանը, մենք արդեն ներկայացրել ենք:

Ինչ վերաբերում է Արամ Հարությունյանին, եռյակի ուժերից ԲՀԿ-ի, Քոչարյանի մասին նա, ի տարբերություն Տիգրան Կարապետյանի, ավելի զուսպ ու դրական է արտահայտվել նաեւ նախկինում: Ավելին, Արամ Հարությունյանը Ռոբերտ Քոչարյանի վերադարձի ջատագովներից է եւ գտնում է, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական եւ բարոյական իրավունք ունի մասնակցելու քաղաքական պայքարին:

Մի տեսակետ, որը հակասում է եռյակի ուժերի, հատկապես ՀԱԿ-ի մոտեցումներին:

Եռյակի հետ Արամ Հարությունյանի համագործակցությունն անհասկանալի է դառնում հատկապես նախկինում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի մասին նրա արած հայտարարությունները վերընթերցելով:

Արամ Հարությունյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իշխանության մարդն է: Նրա խոսքերով՝ «Ակնհայտ է, որ իշխանություններն առաջ են մղում Րաֆֆի Հովհաննիսյանին, նա միայն այս պահի համար չէ, նա 2018-ի համար էլ է»: Ավելի ուշ նա հայտարարել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը խմած մարդու կեցվածք ունի, հանրահավաքին օյաղ չի գալիս, որ նա քաղաքական դիակ է, Սերժ Սարգսյանի թելն է թելում  եւ այլն:

Եռյակի մյուս ուժի՝ ՀԱԿ-ի մասին Արամ Հարությունյանը նույնպես որեւէ դրական բան չի ասել, որ հիմա էլ նրա հետ ճամփա է ընկել: 2011-ի մարտի 3-ին նա պատմում էր,  թե ինչպես ՀԱԿ-ում չեն թողել, որ նա իրենց հանրահավաքում ելույթ ունենա, որ ՀԱԿ-ում այլակարծություն չկա: Նա նաեւ վստահեցնում էր, որ ոչ մի դեպքում չի սատարի Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Արամ Հարությունյանը վերջին նախագահական ընտրություններին հայտարարում էր, որ  ՀԱԿ-ից առաջադրվելու բարոյական իրավունք ունի միայն Նիկոլ Փաշինյանը, որը եռյակի հետ կապ չունի: Ըստ նրա՝ «Մեկը 16-րդ հարկից իջնում է, մյուսը՝ բարձրանում, աստիճանին ինչ-որ մի պահ հանդիպում են: Եվ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Նիկոլը շուտով կհանդիպեն չեմ իմանում որ հարկում: Նիկոլը մոնոտոն աճում է, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ մոնոտոն նահանջում»:

Այս ամենից հետո հարց է առաջանում, թե ի՞նչ գործ ունի Արամ Հարությունյանը «Սերժ Սարգսյանի թելը թելող քաղաքական դիակի», մոնոտոն նահանջող Տեր-Պետրոսյանի եւ նրանց նախաձեռնած համաժողովրդական շարժման հետ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930