Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախորդ դարից մահվան տանն եմ, որտեղից էլ գրում եմ». Լույս տեսավ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի «Դեպի ցմահ ազատություն» գիրքը

Նոյեմբեր 26,2014 17:00

«20 տարեկանում ես ստացա մահվան թուղթ: Հա՛, հա՛: Դա թուղթ էր այն մասին, որ ես այսուհետ չկամ: Իսկ իմ բոլոր փորձերն ապացուցելու, որ ես ՈՂՋ եմ, որ կարող եմ սիրել, կարոտել, արտասվել, նկարել, տխրել, տառապել, հրճվել…ռոբոտ-դատավոր-գերեզմանափորները չէին էլ կարող տեսնել. նրանք հոգու աչքեր չունեն: Նախորդ դարից մահվան տանն եմ, որտեղից էլ գրում եմ»:

Այս խոսքերով է սկսում իր՝ «Դեպի ցմահ ազատություն» գիրքը ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը, որտեղ նա «Մահվան տուն» է անվանում բանտը:

1975 թվականին ծնված Մհեր Ենոքյանը 1996 թվականին, երրորդ կուրսում՝ 20 տարեկանում, մեղադրվել է համակուրսեցու սպանության մեջ եւ ցմահ դատապարտվել: Մհերն իրեն մեղավոր չի ճանաչում մինչ օրս:

Mher_Yenoqyan_3 Mher_Yenoqyan_1 Mher_Yenoqyan_4

Արդեն 19 տարի անազատության մեջ գտնվող Մհեր Ենոքյանը հասցրել է հրատարակել 3 գիրք, իսկ «Դեպի ցմահ ազատություն» գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր, նրա չորրորդ գիրքն է:

«Հետք» ինտերնետային պարբերականի, «Անմեղության հայկական ծրագիր» հ/կ-ի և ցմահ դատապարտյալների հարցերով զբաղվող քաղաքացիների նախաձեռնությամբ հրատարակված այս գիրքը պատմում է 1990-ական թվականներին անկախ Հայաստանի արդարադատության մասին՝ թե ինչպես է հեղինակը 20 տարեկանում հայտնվել բանտում, ինչպիսի դաժան պայմաններում են գոյատեւել ինքը եւ իր բանտակիցները: «Մահվան տանը մարդկանց փակում են խցում, չեն թողնում պահել տնային բույսեր, կենդանիներ, չեն թողնում ներկեր, գույներ ունենալ, չեն թողնում երաժշտական գործիքներ ունենալ: Ոնց կուզեի դաշնամուր նվագել, ձկներ պահել, սենյակային բույսեր խնամել…Այսպես առաջին յոթ տարին մենք ապրեցինք առանց մաքուր օդի, առանց խցից դուրս գալու…»,- բանտում անցկացրած իր առաջին տարիներն այսպես է ներկայացնում Մհեր Ենոքյանը գրքում:

Գրքի շնորհանդեսից հետո նաեւ ցուցադրվեց «Հետք»-ի լրագրող Զարուհի Մեջլումյանի հեղինակած «Լսեք մեր ձայնը, 11 ճակատագիր բանտից» տեսաֆիլմը, որտեղ պատմում էր Հայաստանի 104 ցմահ դատապարտյալներից այն 11 հոգու մասին, որոնք բարձրաձայնել են դատական սխալների մասին եւ պնդել, որ իրենք կրում են կա՛մ չափազանցված պատիժ, կամ բացառապես անմեղ են: Այդ 11-ի շարքում է նաեւ Մհեր Ենոքյանը:

«Մենք պարզապես փորձել ենք լսել նրանց ձայնը»,-ասում է Զարուհի Մեջլումյանը: Նա հիշեց, որ դատավարության ժամանակ Մհեր Ենոքյանը արտասանել էր լատիներեն մի արտահայտություն, որը թարգմանաբար ասում էր՝ «Ես արեցի այն, ինչ կարող էի, ով կարող է, թող ավելին անի»:
«Ես հասկացա, ո՞վ, եթե ոչ ես,-պատմում է Զարուհի Մեջլումյանը,- եւ ինձ մոտ մտահղացավ հեղինակել «Խեղված ճակատագրեր» հոդվածաշարը: Այն պատմում է այն մարդկանց մասին, ովքեր տարիներ շարունակ գտնվում են ճաղերի ետեւում, բայց դատական սխալի հետեւանքով են հայտնվել այնտեղ, իսկ պետական համակարգը անտարբերության է մատնել նրանց խնդիրը: Շնորհիվ մեզ պես մարդկանց՝ պետք է մաքրել հանցագործի խարանը այդ մարդկանց վրայից, եւ որպեսզի նրանք ազատություն դուրս գան պարզ ճակատով: Այո՛, մեր բանտերում կան անմեղ մարդիկ, այո՛, 1990-ական թվականներին եղել են այնպիսի դատավճիռներ, որտեղ մեկ անձի ցուցմունքով են նրանց դատապարտել, իսկ իրեղեն ապացույցները ոչնչացվել են»:

Զարուհի Մեջլումյանը կոչ արեց պետական համակարգերին ընդունել, որ հնարավոր են դատական սխալները եւ որ այդ սխալների հավանականությունը ընդունում են անգամ հարյուրամյակների դատաիրավական համակարգի փորձ ունեցող երկրները. «Մեր երկրում չեն ընդունում, որ բանտում կարող է լինել անմեղ մարդ»:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ, խոսելով ցմահ դատապարտյալների դրությունից եւ անդրադառնալով հատկապես Մհեր Ենոքյանի դեպքին, ասաց. «Մհեր Ենոքյանի հարցով ես ինձ վրա պատասխանատվություն եմ զգում: Երբ ես նրա փախուստից հետո (2009 թվականին Մհեր Ենոքյանը եւ Ղարաբաղյան պատերազմի մասնակից, հետախույզ Սողոմոն Քոչարյանը դիմել էին փախուստի) այցելեցի իրեն եւ նա շատ ծանր վիճակում, ինքնավնասումից հետո պառկած էր, այդ ժամանակ ես Մհեր Ենոքյանին մի բան խոստացա եւ այդ խոստումն անընդհատ հիշում եմ: Ասացի՝ երբ ես զգամ, որ այլեւս հույս չկա, ես խոստանում եմ քեզ ասել: Ես դեռեւս հույս ունեմ»:

Ավետիք Իշխանյանին մի հարց է հետաքրքրում՝ եթե իրոք ցմահ դատապարտյալները որեւէ հանցանք են գործել, արդյոք իրենք պե՞տք է անհույս տառապեն:

Պրն Իշխանյանը նշում է, որ չնայած ՀՀ օրենսդրությամբ՝ 20 տարի հետո ցմահ դատապարտյալները կարող են վաղաժամկետ ազատ արձակվել, դրա նախադեպը ոչ միայն չկա Հայաստանում, այլեւ ընդհանրապես դատապարտվածներն անտեսված են եւ նրանց մասին չեն ուզում խոսել եւ լսել. «Ես հույս ունեմ, որ այդ ճեղքը մենք կբացենք»:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930