Նկարիչների միությունը դիմել է Երեւանի քաղաքապետին` գույքահարկի արտոնություն ստանալու խնդրանքով: Այսօր այս հարցը քննարկվեց Երեւանի ավագանու նիստին: Տարոն Մարգարյանն ասաց, որ այն տարածքները, որոնք գործում են որպես արվեստանոց` 36-ն են եւ այդ նվազեցվող գումարի չափը կկազմի 713 հազար դրամ: Տարոն Մարգարյանն ասաց, որ արտոնություն կտրվի միայն այն արվեստագետներին, որոնք իրենց տարածքը բուն նպատակով, այսինքն` հենց արվեստանոց են օգտագործում, իսկ այն արվեստանոցները, որոնք որպես բնակարան կամ այլ հասարակական նպատակներով են օգտագործվում, նրանց արտոնություն չի հասնելու:
«Բարեւ Երեւան» խմբակցության Երեւանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը քաղաքապետից հետաքրքրվեց, թե բոլո՞ր նկարիչները կարող են օգտվել այս արտոնությունից, թե նրանք, որոնք Նկարիչների միության անդամ են. «Մենք ունենք շատ տաղանդավոր նկարիչներ, որոնք չեն ցանկանում դառնալ Նկարիչների միության անդամ»:
Տարոն Մարգարյանն ասաց, որ արտոնությունից կարող են օգտվել բոլորը, եթե համապատասխանում են վերը նշված պահանջներին. «Եթե քաղաքապետարանը ուսումնասիրի եւ տեսնի, որ արվեստանոց է, միանշանակ ընդառաջելու ենք»:
Այսօր Երեւանի ավագանին նաեւ հաստատեց Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, նրանց հավասարեցված անձանց, Աֆղանստանի պատերազմի ու արցախյան հերոսամարտի ազատամարտիկների գույքահարկը նվազեցնելու մասին որոշումը:
«Բարեւ Երեւան» խմբակցության Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը Տարոն Մարգարյանին հարցրեց, թե արդյոք հնարավոր չէ՞ այս խմբերի համար նաեւ շարժական գույքի գույքահարկը նվազեցնել: Տարոն Մարգարյանն ասաց, որ հիմնական սկզբունքը դրվել է բնակարանների մասով. «Մեր բարի կամքի դրսեւորումն է, որ բնակարանները, որտեղ այդ մարդիկ բնակվում են, փորձենք այդ առումով օգնել: Մեքենաներ, հասարակական եւ արտադրական նպատակով օբյեկտների համար մենք նման արտոնություն չենք տրամադրում»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ