Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը Վահագն Հովնանյանին թույլ չի՞ տվել ձեռք տալ Դալմայի այգիներին

Նոյեմբեր 26,2014 16:24

«Տեսնում եմ, որ սիրո պակասություն կա Հայաստանում»,-այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) ռեկտորատի նիստերի դահլիճում Տրանսպորտային համակարգերի ֆակուլտետի ուսանողության հետ հանդիպումն այս մտահոգությամբ սկսեց ամերիկահայ գործարար, բարերար, «Հովնանյան գրուպ» ընկերության նախագահ, «Վահագնի» թաղամասի հիմնադիր Վահագն Հովնանյանը:

Նա հայտնեց, թե չգիտի՝ Հայաստանում ինչու են ամեն ինչից այդքան դժգոհ, մանավանդ, որ այդ դժգոհությունը հաճախ առաջացնում է ծուլություն: Պարոն Հովնանյանը մտահոգվեց. «Ամեն մարդ այստեղ գիտեմչի է, բայց պետք է պրոֆեսիոնալ լինել ամեն գործի մեջ: Միայն գանգատով չէ, պետք է լուծում էլ գտնել»:

Վահագն Հովնանյանի՝ երիտասարդներին հղած մյուս ուղերձը հետևյալն էր. «Այստեղ գործ չկա ասելով՝ Հայաստանից փախչելը լուծում չէ: Մասնավորապես երիտասարդների համար ամեն գործ կա»:

ԱՄՆ-ում հինգ ամենախոշոր շինարարական կազմակերպություններից մեկի սեփականատեր Վահագն Հովնանյանը, ՀՊՃՀ ուսանողներին մանրամասներ պատմելով իր կենսագրությունից՝ նշելով, թե ինչպիսի գործեր են իր եղբոր հետ արել, երիտասարդներին կոչ արեց. «Սիրով մոտեցեք բոլոր գործերին, ոչ մի գործից էլ չամաչեք: Ուսումնառության տարիներին ես եղբորս հետ դասերից հետո երեկոյան ժամը յոթից հետո աշխատում էի ուղղաթիռների մասեր ստեղծող գործարանում, մեր մազերն այնքան էին կեղտոտվում, որ հատուկ նյութերով էինք դա մաքրում, որ հաջորդ օրը կարողանանք պատշաճ տեսքով դասի գնալ»:

ՀՀ նախագահների հետ ունեցած որոշ միջադեպեր էլ հիշեց պարոն Հովնանյանը: Օրինակ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանին առաջարկել է ՀՀ-ում հողատարածք գնել ու շինարարություն սկսել, առաջին նախագահն ասել է, թե դեռ շուտ է:

ՀՀ երկրորդ նախագահը՝ Ռոբերտ Քոչարյանը, միանգամից համաձայնել է, սակայն նրա օրոք էլ Հովնանյանին հնարավորություն են տվել իր ցանկացած ոչ բոլոր տեղերում հող գնել: Ամերիկահայ բարերարը, օրինակ, պատմեց, թե երբ ցանկացել է Դալմայի այգիների՝ ներկայիս «Դալմա գարդեն մոլ»-ի տեղում շինարարություն սկսել, Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք թույլ չեն տվել՝ պատճառաբանելով, թե այդ այգիները Հայաստանի թոքերն են, սիրտը:

Պարոն Հովնանյանը քննադատեց խորհրդային քաղաքաշինությունը, հանդիպման մասնակիցները հետաքրքրվեցին՝ ինչու՞ չի քննադատում ներկայիս իշխանավորներին, քանի որ Երևանի կենտրոնում ծառ չի մնացել: Պարոն Հովնանյանն արձագանքեց. «Ճիշտ եք, այդ օրերն էլ են փոխվելու»:

Այնուհետև էլիտար բարձրահարկերի՝ հասարակ բնակիչների տների հաշվին կառուցման մտահոգությանն անդրադառնալով, պարոն Հովնանյանն ասաց. «Ես քանդող չեմ, այդ շենքերի տեղերում ինձ առաջարկում էին շինարարություն անել, ես դա չարեցի»:

Վահագն Հովնանյանը երկխոսության մեջ մտավ ուսանողների հետ, հարցնելով՝ «Շաբաթը քանի՞ դրամ ես շինում»: Ուսանողը պատասխանեց, թե դասերի հետ չի հասցնում աշխատել: Պարոն Հովնանյանը արձագանքեց, թե՝ «Իսկ մենք ինչպե՞ս էինք հասցնում»:

Քննադատելով ՀՀ-ում մենաշնորհը, պարոն Հովնանյանն ասաց. «Առաջ գնալու միակ տարբերակը մրցակցությունն է»:

Aravot.am-ը ՀՊՃՀ Տրանսպորտային համակարգերի ֆակուլտետի դեկան Գագիկ Մուսայելյանից հետաքրքրվեց՝ հատկապես ինչու՞ են հրավիրել Վահագն Հովնանյանին, գուցե իրե՞նք էլ մտահոգություն ունեն, որ երիտասարդության այսօրվա հերոսները օլիգարխներն ու կոռումպացված չինովնիկներն են, ինչպես շատերն են բարձրաձայնում, դեկանը պատասխանեց. «Նախաձեռնության նպատակն էր ուսանողներին օրինակ ցույց տալ հայրենասիրության, թե ինչպես անձը չունենալով ոչինչ այդպիսի հաջողությունների հասավ և վերադարձավ Հայաստան: Թող երիտասարդները Վահագն Հովնանյանի օրինակով իմանան, որ կա ճանապարհ, կարելի է քրտնել, աշխատել, գիտելիքներ ունենալ և հաջողության հասնել: Երբ օրինակներ բերում ես, դա այնպիսի ազդեցություն չի գործում, քան այն, որ երիտասարդը հանդիպի հենց տվյալ անձին: Դրա համար էլ նրանք սիրով լսում են Վահագն Հովնանյանին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավ հոդված էր հրաշալի մարդու և մեր գորշ ուղեղների մասին: Տրամարդրվածությունը իրոք կախարդական փայտիկ է:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930