Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարապետիչի իրական կարծիքը՝ «Ժողովրդին շան տեղ չդնող» Ծառուկյանի, «գող Տեր-Պետրոսյանի» եւ Րաֆֆի Հովհաննիսյանի մասին

Նոյեմբեր 26,2014 15:42

«Ժողովրդի պահանջն է գնալ դեպի արդար իշխանություն, արդար պետականություն: Համաժողովրդական շարժումը պետք է ունենա ընդգծված լիդեր: Պատրաստ ենք աշխատելու եւ համախմբվելու ձեր շուրջ, պարո՛ն Ծառուկյան, ընդունելով ձեզ, որպես լոկոմոտիվ՝ այս շարժման: Պատրաստ ենք ձեր կողքը կանգնելու մինչեւ վերջ»,- օրերս ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը, հայտարարելով, որ միանում է եռյակին՝ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը այսպես գովերգում էր ԲՀԿ առաջնորդին:

Թե իրականում ԲՀԿ-ի ու ընդհանրապես եռյակի ուժերի մասին ինչ կարծիք ունի Տիգրան Կարապետյանը եւ ինչքան քար է նետել նրանց վրա՝ պարզ է դառնում, երբ արխիվից հանում ենք Տիգրան Կարապետյանի վերջին մի քանի տարիների ասուլիսներում արված հայտարարությունները:

Այսպես, 2012-ի մարտի 6-ի ասուլիսում Տիգրան Կարապետյանը, ԲՀԿ-ի մասին ոչ ավել, ոչ պակաս, հայտարարեց, որ այն փողի կուսակցություն է եւ ժողովրդին «շան տեղ չի դնում» :

Հարցին՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ի հետ համագործակցելով, փորձում է վախեցնե՞լ ՀՀԿ-ին՝ Տիգրան Կարապետյանը պատասխանեց. «Օրինակ, ասեց, որ մենք կանք, որ իրենք կարող են մեզ հետ միանալ, որ այդ վտանգը կա: Յուրաքանչյուրը ձգտում է երրորդ կողմին՝ որպես լրացուցիչ հանգամանք, լրացուցիչ կշիռ: Իրենք սովոր են իրար վախացնել, որովհետեւ իրենց համար կարեւորը փողն է եւ ուժը: Ժողովրդին ո՞վ ա շան տեղ դնում: Ցավոք»:

Ավելին, Տիգրան Կարապետյանը ժամանակին ՀԱԿ-ին քննադատում էր՝ ԲՀԿ-ի հետ համագործակցության համար՝ ասելով, որ ՀԱԿ-ը դրանով ապացուցեց, որ իշխանական է: Այդպիսի հայտարարություն նա արել է 2011-ի դեկտեմբերի 6-ին՝ «Հենարան» ակումբում:

Ընդամենը նախորդ նախագահական ընտրություններից առաջ քաղաքական իրավիճակը վերլուծելով՝ Տիգրան Կարապետյանը խոսում էր ԲՀԿ-ի հաշվարկների մասին՝ աթոռներ ստանալու: 2012-ի սեպտեմբերի 13-ին նա դարձյալ «Հենարան» ակումբում հայտարարել էր. «ԲՀԿ-ն չի գնա առճակատման ՀՀԿ-ի դեմ, այլ կաջակցի գործող նախագահի թեկնածությանը՝ հույս ունենալով ապագայում ստանալ վարչապետի պաշտոնը»: Այսինքն, ԲՀԿ-ն պաշտոնների համար պայքարող կուսակցություն է: Իսկ այսօր Տիգրան Կարապետյանը մարդկանց վստահեցնում է, թե Գագիկ Ծառուկյանը եռյակի անդամ է, բայց հրեշտակ է, տարբերվում է մյուս երկուսից. «Եթե Գագիկ Ծառուկյանին քննադատեմ, կնշանակի քննադատեմ ինքս ինձ, որովհետեւ ես էլ եմ բարերար»:

ԺԿ նախագահը մի քանի անգամ տարբեր ասուլիսներում ու հարցազրույցներում հայտարարել է, որ ԲՀԿ-ն երկրորդ նախագահի թիմն է: Եվ դա ապացուցվել է Վարդան Օսկանյանին համամասնական ցուցակի առաջին հորիզոնականում նշանակելով: Օրինակ, այդպիսի հայտարարություն եղել է 2013-ի մարտի 18-ին:

«ԲՀԿ-ն որոշակիորեն թուլացրեց իր դիրքը, երբ Երևանի ավագանու ընտրություններում իր համամասնական ցուցակի առաջին հորիզոնականում նշանակեց Վարդան Օսկանյանին: Սրանով արդեն ակնհայտ է դառնում, որ ԲՀԿ-ն երկրորդ նախագահի թիմն է»:

Դե իսկ եռյակի մյուս երկու ուժերի մասին Տիգրան Կարապետյանի հայտնած կարծիքները ավելի լավ է չմեջբերենք, այլապես անհարմար բան է ստացվում նրա համագործակցությունը եռյակի հետ: Լեւոն Տեր Պետրոսյանին նա անվանում էր «գող, որ սաղ թալանեց», գործարանները փակեց, ՍԵրժ Սարգսյանի հետ համագործակցեց: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ համագործակցության մասին լսել անգամ չէր ուզում՝ վստահեցնելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ համագործակցելով ինքը չի ուզում փչանալ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930