Լրահոս
Օրվա լրահոսը

«Էրեբունու հիմնադրումից առաջ ուրարտացիները հաստատվել են Նախիջեւանում». փաստում է Արգամ Այվազյանի «Աժդանական կամ Վիշապասար» գիրքը

Նոյեմբեր 26,2014 15:14

Հայագետ-նախիջևանագետ Արգամ Այվազյանն այսօր «Հենարան» ակումբում ներկայացրեց իր վերջին երկու աշխատությունները՝ տպագրված 2014 թվականին։

Առաջին գիրքը, որ հեղինակը ներկայացրեց, «Քյոթահիայի հախճապակին» գիրքն է՝ նվիրված Կոմիտաս վարդապետին, որը ծնունդով հենց Քյոթահիայից է։

Պրն Այվազյանի աշխատությունում ներկայացված հախճապակու հավաքածուի շուրջ հարյուրից ավելի նմուշները հիմա պահպանվում են Հունաստանում. «Երբ ուսումնասիրեցի այդ հախճապակին, ես արձանագրեցի մի զարմանալի փաստ։ 2 տասնյակից ավելի մասնագետներ 1981 թվականից առաջ ուսումնասիրել են Քյոթահիայի հախճապակու արվեստը, որոնցից մեկ տասնյակը եղել են հայեր, իսկ մնացածը գերմանացիներ, ռուսներ։ Սակայն դրանից հետո Քյոթահիայի արվեստով գրեթե չեն զբաղվել՝ առանձին փոքրիկ հիշատակումներից եւ հոդվածներից բացի։ Սա մեր հայագիտության բացերից մեկն է, որ Հայաստանից դուրս գտնվող մեր մշակութային արժեքները չեն ուսումնասիրվում»։

Երկրորդ աշխատությունը, որը Արգամ Այվազյանը հեղինակել է՝ «Աժդանական կամ Վիշապասարն» է, որը իրենից ներկայացնում է Նախիջեւանի կենտրոնական տարածքում գտնվող բնական լեռան՝ Վիշապասարի մասին գրական էսսե։ Աշխատանքում տեղ են գտել լեռան, դրա շրջակա բնակավայրերի մոտ հարյուրի հասնող լուսանկարներ. «Այդ լեռը ես անվանել եմ Նախիջեւանյան Մասիս։ Իր տեսքով այդ լեռը գրավիչ է։ Խորհրդային Միության տարիներին ինձ բախտ վիճակվեց բարձրանալ այդ լեռը եւ ես, ոգեշնչվելով դրա գեղեցկությունից, լեռան մասին գրական էսսե ներկայացրի»։

Պրն Այվազյանը պատմեց, որ 1989 թվականին այդ լեռան վրա հայտնաբերվել է ուրարտական սեպագիր, որը Անդրկովկասում հայտնաբերված ամենահին սեպագիրն է՝ ստեղծված ք.ա. 820-ական թվականներին։ Պրն Այվազյանը ցավով է նշում, որ հայագետները պասիվ են ներկայացնում այդ սեպագրի արժեքը եւ դրա պատմական նշանակությունը. «Փաստորեն Էրեբունու հիմնադրումից առաջ ուրարտացիները գրավել են Նախիջեւանի այդ տարածքը եւ, իրոք, այս սեպագիրը եկավ ապացուցելու, որ ուրարտացիները մինչեւ Արարատյան դաշտավայր հասնելը անցել են Նախիջեւանով եւ այնտեղ ունեցել են ուրարտական շրջանի բերդաքաղաքներ»։

 Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930