Նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել 5-րդ գումարման ԼՂՀ Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը, որը վարում էր խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը։
Քննության առնելով օրենքի նախագծերն ու լսելով գլխադասային հանձնաժողովների դրական եզրակացություններն՝ Արցախի օրենսդիրները հաստատեցին «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ԼՂՀ օրենքի հետ կապված փաթեթում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ԼՂՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, եւ «Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքները։
ԼՂՀ Վերահսկիչ պալատի նախագահ Էռնեստ Ավանեսյանի ներկայացմամբ խորհրդարանականները քննարկեցին կառույցի 2015 թվականի տարեկան գործունեության ծրագիրը եւ այն հաստատեցին Ազգային ժողովի որոշմամբ։
Լիագումար նիստի օրակարգում էր նաեւ Արցախի Հանրապետության 2014 թվականի 9 ամսվա պետական բյուջեի կատարման տեղեկատվությունը, որը ներկայացրեց ԼՂՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը։
Կարդացեք նաև
Ի գիտություն ընդունվեց ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունները կարգավորող պետական հանձնաժողովի՝ 2015 թվականի տարեկան գործունեության ծրագիրը։
Նիստի երկրորդ հատվածում տեղի ունեցավ կառավարության հետ հերթական հարցուպատասխանը: Կառավարության անդամները՝ վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ պատասխանեցին պատգամավորների մեկուկես տասնյակ հարցերին՝ երկրի կենսագործունեության տարբեր բնագավառների մասին:
Լիագումար նիստի ավարտին ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը հրապարակեց ԱԺ խմբակցությունների եւ պատգամավորական խմբի դիմումը՝ «Հեռուստամարաթոն-2014»-ի կապակցությամբ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի
խմբակցությունների եւ պատգամավորական խմբի
Դ Ի Մ ՈՒ Մ Ը
Հեռուստամարաթոն 2014 -ի առթիվ
Սիրելի հայրենակիցներ
Նոյեմբերի 27-ին կկայանա «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական հեռուստամարաթոնը: Այն նվիրված է Վարդենիս-Մարտակերտ ռազմավարական ճանապարհի կառուցման եզրափակիչ փուլին: Արցախը Հայաստանին կապող երկրորդ ժամանակակից ճանապարհի շահագործման համար կատարվել է մեծածավալ աշխատանք: Խնդիր է դրված 2015թ-ին ավարտել մայրուղու ասֆալտապատումը:
Ավելորդ է ասել, թե ինչ նշանակություն ունի Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը թե անվտանգության, թե Արցախի հյուսիսային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման համար:
Այդ ծրագիրն ունի նաեւ քաղաքական եւ հոգեբանական նշանակություն: Իրականացնելով այն, հայ ժողովուրդը վերահաստատում է Արցախի հարցում իր արդարացի դիրքորոշումը, տեր կանգնում ազատագրված հայրենիքի հզորացման գործին:
Հեռուստամարաթոնին մասնակցելու համար այս օրերին Ամերիկայի Միացյալ Նահանգներում է գտնվում Արցախի պատվիրակությունը` հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ: Այդպիսով խորհրդանշվում է Արցախ-Հայաստան-Սփյուռք միասնությունը:
Թանկագին հայրենակիցներ,
Այդ միասնության ակունքն արցախահայության 1988թ. սկսած ազատագրական շարժումն է: Դա ոչ միայն պատիվ, այլեւ մեծ պատասխանատվություն է: Եւ մենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին պետք է մասնակցենք այդ պատասխանատվության գիտակցությամբ:
Մենք դրանում չենք կասկածում եւ լիահույս ենք, որ նոյեմբերի 27-ին հայությունն իր մասնակցությամբ եւ դրամական ներդրումներով եւս մեկ անգամ աշխարհին կներկայանա որպես ինքնուրույն վճիռներ կայացնող եւ դրանց լուծմանը հետամուտ ազգ, որը 21-րդ դարի մարտահրավերներն ընդունում է արժանապատվորեն եւ իր միասնությամբ հաղթահարում դրանք: Ասվածի վկայությունը պետք դառնա նախանշված ժամկետներում Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցումը:
ԼՂՀ Ազգային ժողովի՝
«Դաշնակցություն»,
«Ժողովրդավարություն»,
«Հայրենիք» խմբակցություններ եւ
«Արցախատուն» պատգամավորական խումբ
26 նոյեմբերի, 2014թ. ք. Ստեփանակերտ