Լրահոս
Օրվա լրահոսը

Մայր Աթոռը բոլոր հնարավոր միջոցներով աջակցում է խոցելի խավին

Նոյեմբեր 26,2014 14:45

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում 2014 թ. սկզբին ձևավորված Սոցիալական ծառայության բաժինն արդեն ակտիվ գործունեություն է ծավալում սոցիալական ոլորտում` աջակցություն ցուցաբերելով հասարակության խոցելի խմբերին: Իրականացվող ծրագրերի, ինչպես նաև առաջիկա ձեռնարկների մասին մեզ հետ զրուցում է Մայր Աթոռի Սոցիալական ծառայության տնօրեն Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը:

-Հայր սուրբ, ովքե՞ր են Սոցիալական ծառայության գրասենյակի ուշադրության կենտրոնում:

-Սոցիալական ծառայության հիմնադրության ելակետային-կարևոր հանգրվաններից մեկը հանրային կյանքի բարեկարգումն է, բոլոր հնարավոր միջոցներով աջակցումը մեր ազգաբնակչության առավել կարիքավոր, ընդհանուր ասած` խոցելի խավին` փախստականներ կամ տեղահանվածներ /սիրիահայեր, քեսաբահայեր, իրաքահայեր/, ազատամարտիկներ, հաշմանդամներ, ծնողազուրկներ, տարեցներ, ուսանողներ, հիվանդներ ու վատառողջներ և այլն: Շահառուն մեր ժողովուրդն է`մեր հավատացյալը, և մեր հնարավորությունների սահմաններում փորձում ենք ամենքին էլ օգտակարություն բերել:

 -Կթվարկե՞ք մի քանի իրականացված և իրականացվելիք ծրագրեր:

-Այնպես է ստացվել, որ մեր աշխատանքի մի գերակշիռ մասն ուղղվել է նախ` փախստականներին և տեղահանվածներին, մասնավորաբար սիրիահայերին. կարծում եմ, որ առավել քան հասկանալի է , թե ինչու :

Թեև ծառայությունը կյանքի է կոչվել 2014թ հունվարին, այդուհանդերձ դեռևս դեկտեմբերին Վեհափառ Հայրապետի կողմից Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով 5 մլն. ՀՀ դրամ է հատկացվել սիրիահայ առավել կարիքավոր 50 ընտանիքների: Հունվար-փետրվար ամիսներին Մայր Աթոռի երիտասարդ միաբանների և Քարոզչական կենտրոնի երիտասարդների ջանքերի շնորհիվ կազմակերպվել են բազմակի այցելություններ բազմանդամ-կարիքավոր ընտանիքներ: Իբրև կանոն այցերն ուղեկցվել են աղոթքով և նվիրատվություններով: Հիշարժան է համատեղ ԱՀԹ հետ իրականացված` «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը` 50 մլն. ՀՀ դրամ ընդհանուր գումարով: Հիշյալ գումարը բաշխվել է վերջին 10 տարիների ընթացքում թեմի տարածքից զոհված, հաշմանդամ, համաժամանակ երկու և ավելի զինծառայող ունեցող ընտանիքներին: Այս պարագային ևս այցերն ու հանդիպումները ընթացել են աղոթերգությամբ, տնօրհնեքի և կամ հոգեհանգստյան կարգով: Վերջին ամիսների ընթացքին կատարվել են մի շարք այցելություններ և դրամատվություն վերջին շրջանում սահմանին զոհված զինծառայողների ընտանիքներ :

Մասնավորաբար «Նագգաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի հետ նախատեսում ենք մի շարք ձեռնարկներ նաև Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ: Պետք է նշել, որ նախաձեռնությունը բացառապես իրենցն է` երեխաներինն ու տնօրինությանը: Սակայն լավ կլինի այս ամենի մասին ավելի ուշ խոսել:

Իրականացված և իրականացվելիք ծրագրերի բաղկացուցիչ-անբաժան մասն են կազմում Ծառայության խորհրդի, ինչպես նաև այլ ժողովներն ու հանդիպումները պետական ու ոչ պետական հաստատությունների, ՀԿ-ների, անհատ անձանց հետ, ի թիվս որոնց կարող եմ առանձնացնել բոլորովին վերջերս ԵՊՀ-ում տեղի ունեցած «Մենք միասին ենք» վերտառությամբ սոցիալական աշխատողին նվիրված համաժողովը:

-Կխնդրեմ մանրամասնեք սիրիահայերին ուղղված ծրագրի մասին: Եվ Ի՞նչ աջակցություն է ցուցաբերվում Սիրիայում մնացած հայերին:

-Տարվա կտրվածքով` Մայր Աթոռն առնվազն 1.5 մլն ԱՄՆ դոլար է փոխանցել Սիրիայում ապրող մեր հայրենակիցներին: Միայն սիրիահայերի հետ կապված, մենք մի քանի անգամ արդեն գերազանցել ենք մեր որդեգրած`օրական մեկ ընտանիքի օգնելու սկզբունքը, վերջիններիս ավելի քան տասն ամիս շարունակական կերպով տրամադրելով` հագուստ, սնունդ, դրամ: Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 15-ամյակի առիթով «Աջակցության կարիքավոր և անապահով ընտանիքներին» ծրագրի շրջանակներում, միայն նոյեմբեր ամսվա կտրվածքով` ծառայությունը միանվագ նյութական օգնություն է ցուցաբերել Հայաստանում ապաստան գտած ավելի քան 150 սիրիահայ ընտանիքների, ինչպես նաև դրամական և նյութական օգնություն է հատկացվել ՀՀ տարբեր մարզերից մոտ 70 առավել անապահով բազմազավակ ընտանիքների, ուսանողների, հաշմանդամների և միայնակ մայրերի:

 -Կա՞ համագործակցություն մարզային և եկեղեցական կառույցների, երիտասարդական կազմակերպությունների հետ:

-Փառք Աստծո. և’ համագործակցում ենք, և’ մտադիր ենք առավել ընդլայնելու սույն շրջանակը: Ամեն բան, անգամ ամենաազնիվն ու անհրաժեշտը ժամանակ է ենթադրում և միջոցներ: Անհամեմատ ավելին կարող էինք անել, եթե չլիներ միջոցների սահմանափակության, ինչպես նաև այն խնդիրը, որ մեր սոցիալական ծառայությունը (թեև գործառույթը Եկեղեցում երբևէ չի էլ դադարել) տակավին նոր է :

-Որտեղի՞ց են հավաքագրվում ֆինանսական միջոցները:

– Մեր առաջին աջակիցներից է եղել «ԷԿԼՕՖ Հայաստան» միջազգային կազմակերպությունն իր 70 մլն. ՀՀ դրամ ներդրումով: Համագործակցում ենք ԵՀԽ Հայաստանյան կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի, մի շարք ՀԿ-ների ու անհատ անձանց հետ: Օգտվելով առիթից շնորհակալություն են հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց նպաստն ու ներդրումն ունեն այս ամենի մեջ: Առհասարակ լավատես և քաջահույս ենք դեպի գալիքը. ամեն բանից զատ այն իմաստով, որ նախ` արդար ու անհրաժեշտ աշխատանք է, որ կատարվում է, ինչը Եկեղեցու առաքելության անբաժանելի մասն է, երկրորդ` ավելի քան վստահ ենք, որ մեզանում ունենք հայորդիներ, որոնք անտարբեր չեն մնա մեր ձեռնարկներից և կաջակցեն մեզ, և երրորդ` մենք ճանաչում ենք մեր ժողովրդին` բոլոր մակարդակներով, ունենք պատրաստակամ երիտասարդների և առհասարակ ծառայասերների հսկայական-անմերժելի ներուժ, ինչը վաղ թե ուշ, բայց կամոքն Աստծո և՛ տեսանելի դրսևորվելու է, և՛ կրկնապատկվելու:

– Հայր Սուրբ, ինչպե՞ս են կայացվում աջակցություն և նյութական օգնություն տրամադրելու որոշումները:

– Սոցիալական ծառայությունն ունի իր կանոնակարգը: Բացի այդ ամիսներ առաջ ծառայությանը կից ստեղծվել է խորհուրդ: Խորհրդում ներգրավված անձինք ունեն մի շարք պարտականություններ, իսկ հիմնական իմաստով` խոցելի համարվող անձանց հայտնաբերում, դիմումների ստույգության պարզում. որոշում կայացնելու իրավունք /քվեարկությամբ/, առաջարկների հանդես բերում և այլն :

 

Հարցազրույցը` Մարիամ Ավետիսյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930