«Շատ երիտասարդներ, գիտությամբ զբաղվելով ծուղակի մեջ են: Միայն Ինֆորմատիկայի ինստիտուտից այս տարի դուրս եկան 10 հոգի, իսկ ընդհանուր առմամբ` իրենց դասախոսական աշխատանքից հրաժարվել է 150 երիտասարդ»,- այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց ԳԱԱ նախկին գիտաշխատող Գրիգոր Պետրոսյանը՝ անդրադառնալով Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի փոփոխության ազդեցությանը կրթության ոլորտում:
Հիշեցնենք, որ եթե մինչև դեկտեմբերի 25-ը մասնավոր ոլորտի աշխատողը չհրաժարվի պարտադիր սոցիալական վճարից, ապա այլևս չի կարող հրաժարվել:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը այդ առումով ասաց, որ համոզված է՝ կառավարությունը մինչեւ տարեվերջ այդ հարցի տեխնիկական լուծումը կտա, բայց տեխնիկական լուծումը կարճաժամկետ լուծում է ու նոր խնդիրներ կարող է առաջ քաշել հետագայում, եթե օրենքի փոփոխությանը անդրադարձ չլինի. «Նույնիսկ, եթե կառավարությունը մինչև դեկտեմբերի 25-ը տեխնիկական փոփոխությունը կատարի՝ հնարավորություն տալով երիտասարդ դասախոսներին և գիտնականներին պետական և մասնավոր սեկտորներում աշխատել առանց կուտակային պահումների, միևնույն է, հիմնարար հարցը չի լուծվում»:
Նրա խոսքով, աննորմալ օրենքը դեռ պարտադրում է երիտասարդներին կատարել մի վճարում, որը հակասահմանադրական է եւ անտրամաբանական:
Կարդացեք նաև
«Դեմ եմ» նախաձեռնության անդամ Արսեն Մանուկյանն էլ ասաց, որ դեռ ամիսներ առաջ էր խոսվում օրենքի բացասական ազդեցության մասին, հիմա արդյունքներն ենք տեսնում.«Այսօր կրթության ոլորտի մասին ենք խոսում, բայց հետագայում էլ մյուս ոլորտներում են խնդիրներ ի հայտ գալու կառավարության անհեռատես քայլերի պատճառով: Խնդիրը շատ մեծ է: Ինչո՞ւ էր վարչապետը շռայլում խոսքեր, փաստորեն իր սեփական անձի PR-ից ելնելով խոստացավ՝ կլուծվեն խնդիրները, հայտարարեց, թե հանձնարարական է տվել, բայց ոչինչ չի փոխվել, արդյունք չկա: ԿԳ նախարարն էլ հորդորում է դիմումներ չգրել ու սպասել, բայց ինչքա՞ն սպասել, ամսի 25-ից հետո կասեն ներողություն. այսպիսի պետական մոտեցումը նման խնդիրներին արդեն օրինակ է դարձել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ