«Միայն թվում է, որ այդքան հեշտ է դրական մթնոլորտ ստեղծել դատական գործընթացի ժամանակ, երբ դատում են անձանց, որոնք մեղադրվում են առնվազն 2 անձի սպանության մեջ, որոնցից մեկը անչափահաս է»,- այսօր` նոյեմբերի 26-ին, «Ֆորում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը:
Նա նշեց, որ հանդիպել է ադրբեջանցի դիվերսանտների հետ, որոնք իր հետ զրույցի ընթացքում խոստովանել են, որ շատ են ազդված. «Ասում էին, որ իրենք չէին սպասում, որ վերաբերմունքը այդչափ դրական կլինի: Ես չեմ կարծում, որ դա խաղ է: Իրենք էլ արդեն վարակված են այն ապատեղեկատվությամբ, որ իրենց հետ այս կամ այն կերպ կվարվեն»:
Լարիսա Ալավերդյանը համարում է, որ հայկական կողմը պետք է ստեղծված իրավիճակը գնահատի որպես առաջընթաց, քանի որ միշտ չէ, որ դատավարությունների ընթացքում պահվում են նորմերը. «Սա առաջադիմություն է, սա ապացուցում է, որ Արցախը ունակ է ինքնուրույն գործողությունների եւ անում են դա միջազգային նորմերին համապատասխան»:
Ամփոփելով իր խոսքը`Լարիսա Ալավերդյանը հայտարարեց, որ լայնածավալ պատերազմ չի կարող սկսել, քանի որ Ադրբեջանը հանդիսանում է «British petroleum» բրիտանական կազմակերպության գաղութը. «Այս տարածաշրջանում Մեծ Բրիտանիայի շահերը նույնն են մնացել, եւ ինքը չի կարող թույլ տալ, որ իր խողովակը կամ խողովակի մի մասը վտանգվի, դա հաստատ է: Այդ պատճառով` Ադրբեջանին ոչինչ չի մնում, քան այդպիսի քայլեր կատարելը: Ադրբեջանին որեւէ մեկը թույլ չի տա լայնամասշտաբ պատերազմ սկսել»:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ