Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյան. Մոսկվան խնդիր է դրել բարոյալքե՞լ Հայկական բանակը (Տեսանյութ)

Նոյեմբեր 26,2014 13:51

Ինչո՞ւ հակառակորդը կարողացավ համարձակվել խոցել մեր ուղղաթիռը: Այս հարցն այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում հնչեցրեց արցախյան ազատամարտում առանցքային դերակատարում ունեցած մարտիկ Ժիրայր Սեֆիլյանը: Պատճառները, ըստ նրա, տարբեր են: Ամենագլխավորը`«Դա նրանից է, որ հակառակորդը շատ լավ տեղեկացված է, որ Հայաստանի մերօրյա քաղաքական ղեկավարությունը որոշում ունի պատերազմ չվերսկսելու: Միայն սա բավարար է, որ հակառակորդը լինի լկտի եւ սանձարձակ»:

Ինչու ուղղաթիռը հայտնվեց չեզոք գոտում, ինչպե՞ս ստացվեց, որ երկու ուղղաթիռների անձնակազմերը միաժամանակ շփոթվեցին եւ այլն, սրանք հարցեր են, որ Ժիրայր Սեֆիլյանին հուշում են.«Այստեղ հանցակազմ կա, պիտի բացահայտվի: Այն, որ հակառակորդը սպասում էր, որ ուղղաթիռը պիտի խախտի սահմանը, ես այստեղ դավադրություն եմ տեսնում: Առայժմ այսքանը: Ո՞վ է այդ բարձրաստիճան պաշտոնյան, ինչո՞ւ չի պատժվում, ինչո՞ւ մինչեւ հիմա քրեական գործ հարուցված չէ»:

Վերլուծելով իրավիճակը, նաեւ այն, որ ուղղաթիռի զոհերի դիակները տասն օր մնացին բաց երկնքի տակ, Ժիրայր Սեֆիլյանը մեկ համոզման է հանգել. «Խնդիր է դրված բարոյալքել Հայկական բանակը»:

Այդ խնդիրն արդեն նա պայմանավորում է ԵՏՄ անդամակցությամբ, քանզի այդպիսով միակ լեգիտիմ ուժը, որն ի զորու է լինելու Հայաստանի ինքնիշխանությունը պահել, դա Հայկական բանակն է:

Ելքը նա համարում է ընտրական գործընթացների, չակերտավոր ընդդիմադիրների հետ հույս չկապել եւ խանական համակարգի դեմ պայքարել իր օրենքներով: Ապրիլի 24-ին Նախախորհրդարանը գործընթաց է սկսելու, որը «վերջ կդնի օկուպացիոն գործընթացին». «Մենք չենք գնալու քաոսի ճանապարհով, մեր քայլերը մտածված են եւ համոզված ենք, որ արդյունքի հասնելու ենք»: Այժմ հանրապետությունում իրենց ծրագրի իրազեկման գործընթացում են:

Ժիրայր Սեֆիլյանը չբացահայտեց իրենց գործողությունների զինանոցը, միայն ասաց`քաղաքացիական անհնազանդության տարաբնույթ միջոցներ կօգտագործվեն, բայց դրանք ուժի կիրառում չեն ենթադրում: Սերժ Սարգսյանին էլ իր ոճով դիմեց. «Ֆլեշ-մոբ չի լինելու, ֆլեշ-մոբի մի սպասիր, Սերժ»:

Օրվա ընտրությունը`2015 թվականի ապրիլի 24, խորհրդանշական է: Նախախորհրդարանում համոզված են, որ հարյուր տարի առաջ տեղի ունեցածի մեղավորը մենք ենք, չենք կարողացել ինքնակազմակերպվել ու դիմակայել: Քանզի պատմությունը կրկնվում է, Ժիրայր Սեֆիլյանը գտնում է, որ 2015 թվականի ապրիլի 24-ն այլեւս սգալու օր չէ, այլ նոր պետություն ստեղծելու:

Եռյակի քաղաքական հայրը նա համարում է Սերժ Սարգսյանին: Ցավում է, որ եռյակում կան ուժեր, որոնք ժամանակին վայելում էին ժողովրդի հարգանքը: Բայց, ըստ նրա, անշրջելի ոչինչ չկա ու եթե այդ ուժերը ժամանակին գիտակցեն ու դուրս գան եռյակից, ավելի լավ կլինի:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930