Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մինասյան. ԵՏՄ անդամակցության մասով բոլոր հարցերը պարզաբանված են (Տեսանյութ)

Նոյեմբեր 26,2014 13:21

«Բոլոր հարցերը, որոնք կուտակվել էին հանրության, լրագրողների, քաղաքական ուժերի ներկայացուցիչների մոտ ստացան իրենց պատասխանները»,- այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում վերլուծելով Հայաստանի`Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության առիթով անցկացված խորհրդարանական լսումներն, ասաց ԱԺ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը:

Բանախոսը հարկ համարեց մի քանի բան հստակեցնել`միությունն ընդգծված տնտեսական է եւ դա արձանագրված է միության հիմնական փաստաթղթում:

Երկրորդ`այս անդամակցությունը Հայաստանի տնտեսության համար լայն հնարավորություններ է տալիս`առանց արգելքների մեծ շուկա դուրս գալու համար:

Նա նկատեց, որ այլ խոշոր երկրներ էլ`Հնդկաստան, Չինաստան եւ այլն, պատրաստակամություն են հայտնել առաջիկայում այս կամ այն կերպ անդամակցել այդ միությանը: Նաեւ`մենք արդեն ձեռք են բերել արտոնություններ`դեռ չանդամակցելով: Խոսքը գազի սակագնի, նավթամթերքների եւ չմշակված ադամանդի մասով ստորագրված համաձայնագրերին է վերաբերվում, համաձայն որոնց ներմուծման ու արտահանման արտոնյալ պայմաններ են սահմանվում:

Այլ դրական զարգացումների եւ Հայաստանում նոր արտադրություններ հիմնելու հեռանկարների մասին`տեսանյութում

Իր խոսքում, Գագիկ Մինասյանը նաեւ հավելեց, որ այս ամենի մասին խոսելիս պետք է նկատի ունենանք, որ խոսքը հնարավորությունների մասին է: Այս իմաստով, նրա համոզմամբ, Հայաստանը ստարտային լավ հնարավորություն ունի: Ի՞նչ կստացվի`ապագան ցույց կտա: Իշխանական պատգամավորն էլ այն կարծիքին է, որ մեծամասամբ ամեն ինչ կախված է նրանից, թե կկարողանա՞նք մենք ճշգրիտ կիրառել այդ հնարավորությունները:

Արդեն առկա տվյալները, որոնք փաստում են Հայաստանում աղքատության աճի մասին, իշխանական պատգամավորն այսպես է մեկնաբանում. «Այն իրողությունները, որոնք կան, կախված չեն ԵՏՄ անդամակցությունից: Իսկ ԵՏՄ անդամակցությունը նոր հնարավորություն է ապագայի նեգատիվ զարգացումների ընթացքը թեթեւացնելու համար»:

Aravot.am-ի դիտարկմանը`նեղ իշխանական շրջանակներում, հավանաբար, հաշվարկվել են նաեւ ռիսկերը. կա՞ն այսօր ռիսկեր, որոնց մասին արդեն կարելի է խոսել, թե՞ պետք է սպասել արդյունքներին, Գագիկ Մինասյանը խուսափողական արձագանքեց: Նա նախ հիշեցրեց Նազարբաեւի եւ Լուկաշենկոյի հայտարարություններն այն մասին, եթե այդ միությունում բացասականը շատ լինի`իրենց երկրները դուրս կգան: Ու նկատեց, որ պարտադիր չէ, որ բացասականը հենց այսօր նկատելի լինի. «Դա կարող է զգան վաղը, մյուս օրը»:

Իբրեւ ամփոփում էլ նկատեց, որ Հայաստանն էլ իր շահն է հետապնդում այս միությունում, ու ընթացակարգը չի սահմանափակում այն լքելու առումով: «Միայն մուտքն է կոնսենսուսով, դուրս գալն ազատ է»,- ասաց նա: Հիշեցնենք, որ ԵՏՄ-ից դուրս գալու համար երկու միլիարդ դոլար պետք է վճարվի:

Ընդհանրապես, ռիսկերի համատեքստում նա նկատեց, որ ՀՀ-ում գործող մաքսատուրքերը եւ ԵՏՄ անդամ երկրների համար մաքսատուրքերը տարբեր են: Հայաստանինը մոտ չորս անգամ ցածր է: «Լրջագույն աշխատանքի արդյունքում բացառություններ է արվել միջինը հինգ տարիների համար`կանխելով 5 տոկոս թանկացումը: Խոսքը 750 ապրանքատեսակների մասին է»,- ասաց Գագիկ Մինասյանը:

Ի՞նչ կլինի հինգ տարի հետո, բանախոսի պարզաբանմամբ, ԵՏՄ անդամ երկրները ստիպված կլինեն արդիականացնել իրենց տնտեսությունը, որի արդյունքում մաքսատուրքերը կնվազեն ու կունենանք մի միջանկյալ ցուցանիշ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930