Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի զգուշացումը միջազգային հանրությանը

Նոյեմբեր 26,2014 13:03

«Ուղղաթիռի վերջին զարգացումները լուրջ հետեւությունների տեղիք են տալիս»,- այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում հայտարարեց իշխող ՀՀԿ-ն ներկայացնող պատգամավոր Գագիկ Մինասյանը`նկատի ունենալով, որ միջազգային հանրությունը պետք է անի այդ հետեւությունները:

Բանախոսը նշեց, որ տարածաշրջանում անվտանգության ապահովման համար երկու հիմնական քայլ է անհրաժեշտ, որոնց մասին հայկական կողմերը բազմիցս հայտարարել են տարբեր միջազգային հարթակներից: Դրանք, սակայն, այդպես էլ անտեսված են մնացել: Խոսքը շփման գծում ցանկացած միջադեպի առիթով միջազգային օբյեկտիվ հետաքննության անցկացումն է, որը մինչեւ վերջ կտարվի եւ մեղավորները կդատապարտվեն: Երկրորդը` շփման գծից դիպուկահարներին հեռացնելը:

Ըստ Գագիկ Մինասյանի, մինչ այժմ ինչ-ինչ պատճառներով ադրբեջանական իշխանությունը կարողանում է ետ պահել միջազգային հանրությանն այդ քայլերի իրականացումից: Ու այն, ինչը որ տեղի ունեցավ հայկական ուղղաթիռի հետ, իշխող կուսակցության ներկայացուցչի համոզմամբ, հետեւանք էր նրա, որ միջազգային հանրությունը բավարար քաղաքական կամք չդրսեւորեց:

Ուղղաթիռի միջադեպի առիթով միջազգային հանրության արձագանքն, ըստ բանախոսի, ցույց է տալիս, որ նման ծանր միջադեպերը շարունակվելու են: Նա սակայն, զգուշացնում է` միջազգային հանրությունն էլ է տուժելու այս արատավոր պահվածքից: «Եթե մեր սահմանին պատերազմ բռնկվի, անգամ այն երկրները, որոնք այսօր զլանում են մեղավորին մեղավոր կոչելուց, զերծ չեն մնալու այդ պատերազմի հետեւանքներից: Այն երկրները, որոնք օգտվում են նավթամուղերի ու գազամուղերի շահագործումից, զրկվելու են իրենց օգուտներից: Միջազգային հանրության անգործությունը հարվածելու է հենց այդ հանրության ոչ միայն տնտեսական շահին»,- համոզված է ՀՀԿ-ական պատգամավորը:

Դիտարկմանն ի պատասխան`որքանո՞վ է արդարացի խնդիրը բարդել միայն միջազգային հանրության վրա`չնկատելով հայկական դիվանագիտության բացթողումները, Գագիկ Մինասյանն ասաց, որ մեր արտաքին քաղաքականությունը համահունչ է այն հնարավորություններին, որը մենք ունենք: Բայց Աստված մի արասցե, եթե հարցը հասնի գագաթնակետին, մեր զինված ուժերն ի զորու են քայլեր իրականացնել.  դա ցույց տվեցին նաեւ մեր հետախույզների վերջին գործողությունները`խփված ուղղաթիռի անձնակազմի դիակները բերելու առիթով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930