Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Քոչարյան. «Նիկոլ Փաշինյանը չէ, որ կկարողանա նախագահ փոխել այս երկրում»

Նոյեմբեր 26,2014 12:49

«Պարզ է, որ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունից Սերժ Սարգսյանը հրաժարական չի տա, ու Նիկոլ Փաշինյանը չէ, որ կկարողանա նախագահ փոխել այս երկրում ներկա պահին»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը՝ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը խորհրդարանի օրակարգ մտցնելու վերաբերյալ՝ ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը:

Նա ԱԺ պատգամավորի նախաձեռնությունը համարեց PR քայլ՝ առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ. «Միայն մի խնդիր է լուծում՝ եկող նախագահական ընտրություններում որպես ընդդիմության համար մեկ թեկնածու դառնալու նպատակով: Նիկոլ Փաշինյանի կատարած բոլոր քայլերը` ընդդիմադիր դաշտից առանձնանալը ու ընդդիմության խմբակցություն կազմավորելը PR քայլեր են, ամեն ինչ անում է, որ ընտրություններին իր հետեւից գնան՝ որպես ընդդիմադիր առաջնորդ: Նախապատրաստել նրան, որ հաջորդ ընտրություններին Րաֆֆի Հովհաննիսյանը լինելու է Նիկոլը»:

Տիգրան Քոչարյանի խոսքով, իշխանափոխության ամենահնարավոր տարբերակը արտաքին ստատուս քվոյի խախտումն է. «Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Եվրոպան, երբ սկսեն կտրուկ քայլեր անել, իրավիճակն այստեղ կսրվի: Ինքն իրեն Հայաստանում դա չի հաջողվի: Թեժ աշունն անցավ, ոչինչ չեղավ ու անընդհատ փորձեր են արվում տաքացնելով-սառեցնելով հասնել ընտրություններին»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ակնկալիքներին, թե ոչ իշխանական ուժերը կաջակցեն ստորագրություններով, որ նախագահի պաշտոնանկության հարցը օրակարգ մտնի, Տիգրան Քոչարյանը շարունակեց. «Բարդ է ասել ոչ իշխանական ուժ եռյակի դեպքում, ո՞ր ուժն է այնտեղ ոչ իշխանական: Եռյակը բազմաթիվ առիթներ է տալիս իրեն քննադատելու, արդեն իմ կարծիքով դուետ է դառնալու, ապագայում՝ սոլո: Իհարկե, կփորձեն արձագանքել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը, բայց մոտակա երկու ամիսը ոչինչ չենք տեսնի. տոներ են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հ. Գ. Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է. «ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» ԱԺ որոշման նախագծի տեքստը գործնականում պատրաստ է: Սրբագրման եւ խմբագրման աշխատանքներից հետո՝ ուրբաթ օրը այն կներկայացնեմ հանրությանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930