Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Ֆրանսիայի Հանրապետություն: Հիշեցնենք, որ պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Արա Բաբլոյանը, Կարեն Ավագյանը եւ Արմեն Ռուստամյանը:
Նոյեմբերի 25¬ին ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ: Հանդիպման ընթացքում Գալուստ Սահակյանը շնորհավորել է պարոն Լարշեին Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Անդրադառնալով հայ¬ֆրանսիական հարաբերություններին՝ Գալուստ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ այսօր այդ հարաբերությունները հասել են առանձնահատուկ մակարդակի՝ հիմքում ունենալով երկու ժողովուրդների միջեւ առկա պատմամշակութային բազմադարյան կապերը: Նա նշել է նաեւ, որ երկու երկրներն իրար կապող ամուր կամուրջ է նաեւ Ֆրանսիայի մեծ ու ազդեցիկ հայկական համայնքը:
Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի ղեկավարի խոսքով՝ 1992 թվականի փետրվարին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ծավալված բարձրաստիճան քաղաքական երկխոսությունը կայուն հիմք է դարձել տնտեսական, մշակութային, կրթական, գիտական եւ այլ բնագավառներում սերտ եւ արդյունավետ համագործակցության համար:
Կարդացեք նաև
Գալուստ Սահակյանը մեկ անգամ եւս փաստել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի ծանրակշիռ դերը միջազգային ասպարեզում, մասնավորապես, նրա ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձեւաչափում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:
Խոսելով Արցախի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի մասին՝ ԱԺ նախագահը նշել է, որ այդ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա: Խորհրդարանի նախագահը մտահոգություն է հայտնել այն հանգամանքի առթիվ, որ նույն մոտեցումները չի կիսում Ադրբեջանը՝ ամեն կերպ փորձելով տապալել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը եւ տարածաշրջանը պահելով լարված վիճակում:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խոսել է նոյեմբերի 12¬ին ադրբեջանական զինուժի կողմից խոցված ԼՂՀ պաշտպանության բանակի ուղղաթիռի մասին՝ այդ սադրիչ գործողությունները որակելով որպես զինադադարի կոպիտ խախտում: Նա հավելել է, որ մարդկային կյանքեր խլած այդ գործողությունը պետք է միանշանակ դատապարտվի միջազգային հանրության կողմից:
Գալուստ Սահակյանը Ֆրանսիայի Սենատի նախագահին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու 2015 թվականի ապրիլին կայանալիք Հայոց ցեղասպանության 100¬ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին: ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի Սենատի նախագահը հետեւողական կլինի Ցեղասպանության ժխտումը դատապարտող օրենքի նոր նախագծի ներկայացման եւ դրա ընդունման հարցում:
Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն շնորհակալություն է հայտնել հայկական պատվիրակությանը Սենատ այցելելու համար եւ վստահեցրել, որ հայ¬ֆրանսիական հարաբերությունների այժմյան բարձր մակարդակը շարունակելու է բարձրանալ խորհրդարանների սերտ համագործակցության արդյունքում:
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահը հանդիպել է նաեւ Ֆրանսիայի տնտեսապես առավել զարգացած տարածաշրջանի` Օ¬դը¬Սենի խորհրդի նախագահ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Պատրիկ Դեվեջյանի հետ:
Նույն օրը ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունն այցելել է նաեւ Փարիզի հայ առաքելական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի: Այնուհետեւ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը եղել է Փարիզի Երեւանյան այգում, որտեղ պատվիրակության անդամները ծաղիկներ են տեղադրել Կոմիտասի արձանի առջեւ:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն