Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուր Ազիզյանի անհատական ցուցահանդեսը Հայաստանի Նկարիչների միությունում

Նոյեմբեր 26,2014 12:14

Նոյեմբերի 25-ին Հայաստանի Նկարիչների Միությունում շատ գեղեցիկ ու յուրահատուկ միջոցառման ականատեսն եղանք: Բացվեց սիրված նկարիչ ու մտավորական Խաչատուր Ազիզյանի հերթական ցուցահանդեսը:

Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի Նկարիչների Միության նախագահ Կարեն Աղամյանը, որը հակիրճ ներկայացրեց նկարչին ու խոսեց նրա անցած ուղու մասին:

Շնորհակալական խոսքով հանդես եկավ Խաչատուր Ազիզյանը, որը հույս հայտնեց, թե կշարունակի ստեղծագործել ու հանրությանը ներկայացնել իր նոր ստեղծագործությունները:

cucahandes

Խաչատուր Ազիզյանը 2008 թվականինից Երևանի գեղարվեստի ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկանն է: Նրա աշխատանքները գտնվում են ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդերում, ԱՄՆ-ի Նյու Ջերսիի «Գարթ Դավիթսոն» թանգարանի հավաքածուում, Ֆլորենցիայի «Ռենեսանս» թանգարանի հավաքածուում, տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում:

Մեծ արվեստագետի մասին այսպես են խոսել մի շարք արվեստագետներ:

Փարավոն Միրզոյան՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ. «Խաչատուր Ազիզյանի արվեստում նրբորեն միահյուսվում են անցյալն ու ներկան, պատրանքն ու իրականությունը, առերևույթն ու շոշափելին, էպիկականն ու անձնականը: Գույնն է նրա կտավների այն հիմնական արարիչը, որ ստեղծում է տրամադրություն, արտահայտում օրվա պահ և անգամ բույր: Եվ այս ամենին կենդանություն ու շունչ են հաղորդում լույսի ցոլքերը, որոնք կյանք են հաղորդում յուրաքանչյուր վրձնահարվածի»:

Սարո Սարուխանյան՝ արվեստաբան. «Գեղեցիկը Ազիզյանի արվեստում չի ընդհանրացվում պատկերի արտաքին մանրամասների հետ, գեղեցիկը նրա համար նաև լուսավոր մտքի ճախրանքն է, լավատեսության զորեղ, հնչեղ գամմայով հարազատ ժողովրդի լինելիության գաղտնիքներին հաղորդվելու մղումն ի ծնե»:

Մարտին Հուրիխանյան՝ լրագրող, հրապարակախոս. «Ի դեմս Խաչատուր Ազիզյանի գործ ունենք ինքնատիպ, ասելիքի խորքով առանձնացող, բաց նյարդով ապրող, գիծը` շարժումի, շարժումը` գույնի, գույնը` հույզի, հույզը` թրթիռի, թրթիռը` խոսքի, խոսքը` փիլիսոփայության վերածած արվեստագետի հետ, ում կտավներում կա դեպի Արարիչը տանող լույս, լույս, որն արդեն գույներից երանգների վերածված համանվագ է` գեղեցիկի, կյանքի, սիրո և արարումի փառաբանման»:

Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լուսանկարները` Սիրարփի Կարապետյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930