Լրահոս
Օրվա լրահոսը

Ցանկալի է, որ մեր դիվանագետները նույնպես «հատուկ գործողություններ» սկսեն իրականացնել. «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 26,2014 10:31

Երեկ լսվեցին հայկական կողմի իրականացրած հատուկ գործողության առաջին արձագանքները: Մասնավորապես ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ներկայացուցիչ Ջեֆ Ռատկեն, խոսելով ուղղաթիռի խոցման մասին, հայտարարել է. «Այս միջադեպը հերթական անգամ ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման անհրաժեշտությունը: ԱՄՆ-ը կոչ է անում հակամարտության կողմերին՝ զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել շփման գծի երկայնքով լարվածության աճին: Մենք նաեւ կոչ ենք անում կողմերին կրկին կողմնորոշել իրենց ջանքերը խաղաղ բանակցություններ անցկացնելու եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն լուծման հասնելու ուղղությամբ»:

Այսինքն՝ ինչպես միշտ, ստանդարտ ֆրազների ոչինչ չասող շարան: Վրդովեցնում է հատկապես «կողմերին» հրահրիչ գործողություններից զերծ մնալու կոչը: Նման անպտուղ կոչերից առաջ թերեւս հարկ է թեկուզ դիվանագիտական «լեզվով», նախ, տեղը դնել սադրիչ ու նախահարձակ գործողություններ կատարողին: Առանց դա անելու զսպվածության երկուստեք կոչեր հղելը բացարձակապես անիմաստ զբաղմունք է:

Մեզ էլ, նկատենք, նման կոչերն առանձնապես չպետք է հուզեն: Այո, երեսանց կարելի է անգամ լռելյայն ունկնդրել դրանք, ընդունել ի գիտություն, ապա անել այն, ինչ պետք է արվի: Եթե տարբերություն չկա, թե ով է հրահրողը, ապա հնուց հայտնի ու արդարացված մարտավարությամբ պետք է գործել՝ ամենալավ պաշտպանությունը հարձակումն է:

Կարճ ասած, մեր համապատասխան կառույցները չպետք է շատ մտածեն արտաքին աշխարհի, համանախագահող տերությունների արձագանքների մասին, եւ եթե դա անհրաժեշտ է, պետք է առանց թշնամու հերթական նենգության դրսեւորման՝ կանխարգելիչ հարված հասցնել: Իսկ համանախագահներն էլ թող գնան, Ալիեւին զսպվածության կոչեր անեն:

Ի վերջո, ցանկալի է, որ մեր դիվանագետները նույնպես «հատուկ գործողություններ» սկսեն իրականացնել: Համենայն դեպս տարակուսանքի տեղիք է տալիս այն, որ, ասենք, Ադրբեջանը կարող է «չեզոք գոտի» բառակապակցության հետ կապված վայնասուն դնել ու հասնել այն համանախագահների հայտարարության հրապարակված տեքստի մեջ խմբագրելուն:

Ըստ որում՝ պարզից էլ պարզ է, որ պաշտոնական Բաքվի այդ դրսեւորումը ուշադրությունը բուն հանցագործությունից՝ իրենց չսպառնացող ուղղաթիռը խփելուց շեղելու նպատակ ունի: Այնինչ մերոնք պետք է ավելի հարձակողական, մեղադրողի դիրքերում լինեն, եւ դա՝ բոլոր միջազգային համապատասխան կառույցներում, սկսած ԵԽ ԽՎ-ից, վերջացրած, ասենք, ՆԱՏՕ-ի ԽՎ-ով:

Տ. ՄԻՐԶՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930