Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչը դուր չեկավ Շավարշ Քոչարյանին

Նոյեմբեր 26,2014 18:00

Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով՝ ճիշտ կլինի, որ ԵՄ գործընկերները մինչեւ հունվարի մեկը համաձայնեն ստորագրել համագործակցության քաղաքական բաղադրիչը եւ ուրվագծել տնտեսական համագործակցությունը:

Երեկ «Հայաստանի Հանրապետության «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարց հնչեցրեց` ինչպե՞ս կարող է Հայաստանն անդամակցել մի կառույցի, որի անդամները զինում են մեր հակառակորդին: ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի պատասխանը լակոնիկ էր. «ԵՏՄ-ն այն հարթակը չէ, որտեղ դա պետք է քննարկվի: Այլ հարց է ՀԱՊԿ-ը, որի անդամ է նաեւ Հայաստանը: Մենք գործ ունենք տնտեսական միության հետ, եւ այդ հարցերը ավելի դյուրին է քննարկել այլ հարթակում: Այս հարթակում չէ, որ այդ հարցերը պետք է քննարկվեն` նկատի ունեմ ԵՏՄ-ն»:

ՀՀ նախկին արտգործնախարար, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին` ի՞նչ տպավորություն թողեց փոխարտգործնախարարի պատասխանը, ասաց.

– Դա եւս մեկ անգամ ապացուցում է, որ ցայսօր արված մեր բոլոր հարցադրումները ճիշտ են: Մենք մշտապես հարցնում էինք` ինչո՞ւ Հայաստանի արտաքին գերատեսչությունը հանդես չի գալիս բողոքի նոտաներով, ինչո՞ւ չի պարզում, թե մեր ռազմավարական գործընկերն ինչի՞ հիման վրա է զենք մատակարարում մի երկրի, որը մեզ հետ պատերազմական իրավիճակի մեջ է: Մեզ մշտապես ասվում էր, որ դա զուտ բիզնես-գործարք է, այդտեղ որեւէ քաղաքական բաղադրիչ չկա եւ պետք չէ հարցը շահարկել: ՌԴ դեսպանն ու ռուսաստանցի պաշտոնյաներն էլ էին ասում, որ դա զուտ բիզնես է: Հիմա, երբ հարց ծագեց, նույն մարդիկ, ովքեր երկու տարի շարունակ մեզ բացատրում են, որ դա բիզնես-գործարք է, ասացին, որ ԵՏՄ պայմանագիրը զուտ տնտեսական է, զենքի հարցին էլ պատասխանել չեն կարող, որովհետեւ այդ հարցը քաղաքական ոլորտից է:

Այդ պատասխանը հաստատում է մի բան` որքան էլ ասվի, որ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը բիզնես-գործարք է, իրականում դա ՌԴ-ի քաղաքականությունն է տարածաշրջանում. Ադրբեջանին զենք մատակարարելով՝ մշտապես պահել պատերազմի վերսկսման վտանգը, առկախ պահել ԼՂ հարցը եւ լծակներ ունենալ թե Հայաստանի, թե Ադրբեջանի վրա` մեզ տիրապետելու համար:

– Իսկ ո՞ւր մնացին ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի անվտանգության երաշխավորումը, ինչը մատուցվում էր հանրությանը` պատճառաբանելով քաղաքական կուրսի փոփոխությունը եւ ԵՏՄ-ին անդամակցելու անհրաժեշտությունը:

– Ճիշտ կլինի, որ այդ փաստարկները բերողներին հարցնեք: 200 տարի է՝ հայ ժողովրդին հրամցվում է այն թեզը, որ եթե ՌԴ-ն քաշի իր զորքերը, ապա հայ ժողովրդի գլխին արհավիրքներ կլինեն: Բայց փորձը ցույց է տվել, որ ՌԴ-ն այստեղ եղել է 200 տարի, եւ այդ 200 տարիների ընթացքում մեզ ցեղասպանության են ենթարկել, մեր տարածքներն են տարել, տարբեր արհավիրքներով արդեն իսկ անցել ենք: Որեւէ կասկած չկա, որ ՌԴ-ն իր երկարաժամկետ շահի սպասարկման համար ցանկացած պահի կարող է զոհաբերել իր դարավոր բարեկամներին, ինչն արել է աշխարհի տարբեր տարածաշրջաններում:

– Երեկ խորհրդարանական լսումներում բազմակողմանիորեն քննարկվեց ԵՏՄ անդամակցության պայմանագիրը: Այդ ամբողջն ի՞նչ հանրագումարի է բերում:

– Ես շարունակում եմ պնդել, որ սա զուտ քաղաքական գործընթաց է, ՌԴ-ի կայսերական նկրտումները սպասարկելուն ուղղված մեգա-պրոյեկտ, որը մեզանից անկախ պատճառներով` Ղազախստանի եւ Բելառուսի ինքնուրույն քաղաքականության շնորհիվ, բերեց նրան, որ քաղաքական բաղադրյալն էապես կրճատվեց: Բայց դա չի նշանակում, որ ՌԴ-ն հրաժարվել է իր քաղաքական նպատակներից: Այն փաստը, որ խորհրդարանում որպես պայմանագրի գլխադասային հանձնաժողով է նշանակվել տնտեսական հանձնաժողովը, եւս մեկ փորձ է` հանրությանը ներկայացնելու, որ սա զուտ տնտեսական խնդիր է: Մինչդեռ, ինչպես գիտեք, նույնիսկ ամենափոքր վարկային պայմանագիրը քննարկում ենք արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:

Մենք պարտադրված ենք լինելու միջազգային հարաբերություններում սպասարկել ՌԴ-ի եւ ԵՏՄ-ի քաղաքական շահը: Մենք դա արդեն սկսել էինք ԵՏՄ-ին չմիացած` Ղրիմի անեքսիայից հետո. ինչպես հիշում ենք, մի խումբ վտարանդի երկրների հետ միասին մեզ պարտադրվեց քվեարկել հօգուտ ՌԴ-ի: Նման վարկաբեկիչ քվեարկություններ, պահանջներ լինելու են բազմիցս: ՌԴ-ն, որը գնալով ավելի շատ է հակադրվում քաղաքակիրթ աշխարհին, նախ՝ Հայաստանի վարկի հետ է խաղում: Մենք նաեւ դադարում ենք հուսալի գործընկեր լինել մեր արեւմտյան գործընկերների համար՝ դրանով իսկ նվազեցնելով Հայաստան ներդրումներ բերելու, երկկողմ հարաբերություններ խորացնելու հնարավորությունները:

– Արեւելյան գործընկերությունը շարունակելու ծրագրերը, սակայն, չեն դադարել: Եվ հայկական, եւ եվրոպական կողմերը խոսում են ԵՏՄ անդամակցությանը զուգահեռ՝ ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու մասին, դրա ձեւերի փնտրտուքի մեջ են: Դուք ունե՞ք տեսլական` ինչպե՞ս շարունակել այդ հարաբերությունները: Գուցե սկզբի համար արժե Ասոցացման համաձայնագրի քաղաքական մա՞սը ստորագրել:

– Այստեղ շատ բան կախված է նաեւ մեր եվրոպական գործընկերներից: Ցավոք, բյուրոկրատիան այնպիսին է, որ շատ խնդիրներ մնում են կաբինետներում եւ շուտափույթ լուծումներ չեն ստանում: Շատ կարեւոր կլիներ, եթե մեր եվրոպացի գործընկերները համաձայնեին ու մինչեւ հունվարի մեկը ստորագրեին Ասոցացման համաձայնագրի գոնե քաղաքական բաղադրիչը եւ մատնանշեին հնարավոր տնտեսական փաթեթի ուրվագիծը: Ցավոք, մեր եվրոպացի գործընկերները դանդաղեցնում են գործընթացը: Բայց բանակցությունները շարունակվում են, եւ կարծում եմ՝ թե Եվրոպան, թե Հայաստանը շահագրգիռ են ինչ-որ փաստաթուղթ ունենալու հարցում: Ապագայում ինչպե՞ս կներդաշնակեցվեն այս երկու ռեժիմները` ցույց կտան ժամանակը եւ մեր բանակցային կարողությունները:

Քանի որ ես շարունակում եմ պնդել, որ ԵՏՄ-ն ապագա չունի եւ արդեն իսկ վտանգված է դրա կայացումն իսկ, ուրեմն Հայաստանը պետք է շարունակի ԵՄ-ի հետ նախապատրաստել բոլոր այն փաստաթղթերը, որոնք պետք կլինի վավերացնել ԵՏՄ-ի փլուզումից հետո:

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Հ. Գ. «Առավոտը» փորձեց նաեւ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին որոշ հարցեր ուղղել` ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին: Վերջինս ասաց, որ հարցը հնչել է լսումների ժամանակ, եւ ինքը պատասխանել է: Դիտարկմանը, որ իր պատասխանը հավելյալ հարցեր է առաջացրել, փոխարտգործնախարարը հակադարձեց` եթե լսումների մասնակիցների մոտ հավելյալ հարցեր առաջանան, այդ դեպքում կպատասխանի: «Եկել եք լսումները լուսաբանելու, փոխարենը լսեք՝ դուրսը նստած եք, ուզում եք ես ձեր փոխարեն գործ անեմ»,- վրդովվեց Շավարշ Քոչարյանը:

«Առավոտ» օրաթերթ
25.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930