Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն՝ իր իսկ լարած ծուղակի մեջ

Նոյեմբեր 26,2014 17:00

Հատուկ գործողություններ՝ ընդդեմ ցինիկ հակառակորդի

Տասնօրյա մղձավանջը ադրբեջանական կողմի խոցած հայկական ուղղաթիռի շուրջ ավարտվեց: Հայկական կողմը դիվանագիտական ճանապարհով ուղղաթիռի անձնակազմի խնդիրը լուծելու անհնարինության հիմքերն ունենալով դիվանագիտական զինանոցում՝ Ադրբեջանի ցինիկ ու լկտի կեցվածքին համարժեք պատասխան տվեց։
Նոյեմբերի 22-ին Պաշտպանության բանակի մամլո ծառայության փոխանցմամբ՝ հատուկ նշանակության գործողության կատարման արդյունքում ՊԲ-ն կորուստներ չկրելով՝ շարքից հանել էր հակառակորդի երկու զինծառայողի։ ԼՂՀ ՊԲ-ն նոյեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից խոցված Մի-24 ուղղաթիռի անկման վայրում հատուկ նշանակության գործողություն է իրականացրել: Պաշտոնական հաղորդագրության համաձայն` «մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները եւ ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր»:

Ուղղաթիռի զոհված անձնակազմի անդամների դուրսբերման հատուկ գործողության արդյունքում ադրբեջանական կողմի կորուստները մեծ են՝ ֆեյսբուքյան էջում գրել էր ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Karabax«Փաստորեն Ադրբեջանի կորուստները շատ են ու այնքան շատ, որ բրիգադի հրամանատարին պաշտոնանկ են արել: Հետաքրքիր է՝ այս կորուստների համա՞ր են ազատել պաշտոնից, թե՞ ուղղաթիռը խփելու»,- նշվում էր գրառման մեջ։ Արծրուն Հովհաննիսյանը կատարվածը որակել էր «համաշխարհային մակարդակի փայլուն գործողություն». «Հաշվի առնելով հակառակորդի չափազանց մեծ կրակային եւ այլ հակազդեցությունները՝ այս գործողությունները բնույթով եւ բարդությամբ աննախադեպ էին, կատարողականությունը ուղղակի փայլուն է՝ հաշվի առնելով նաեւ հակառակորդի ոչ փոքր կորուստները, որոնք ծուղակ էին սարքել: Դեռ մի քանի օր կլսենք նրանց անունները, որոնք, բնականաբար, մահացած կլինեն տարբեր դժբախտություններից»:

Հայկական ուղղաթիռի անկման վայրում նոյեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը հայկական կողմի կրակոցների արդյունքում Ադրբեջանի բանակը երկու զոհ է տվել՝ NEWS.am-ին հայտնել էին ՊՆ-ից: Զոհերից մեկը լուսարձակող էր, մյուսը՝ դիպուկահար: Նրանք փորձում էին մոտենալ խոցված ուղղաթիռին, սակայն հայկական կողմը կանխել է դա: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնաբանելով ուղղաթիռի անձնակազմի դուրս բերման գործողությունը՝ նշել էր. «Մեր հարեւանների պետական կոշտ դիրքորոշումը, բանականության բացակայությունը եւ ուղղաթիռի խոցումից հետո մարդասիրական նորմերի համաձայն՝ օդաչուներին դուրս բերելուց հրաժարվելը ստիպել են հայկական կողմին հատուկ գործողությունների դիմել»: Ըստ Ս. Օհանյանի` հայկական կողմը հմուտ է գործել, դիտարկվել է ուղղաթիռի անկման վայրը ու ոչնչացվել հակառակորդի ծուղակը։ Ս. Օհանյանը վստահեցրեց, որ այսուհետ էլ հայկական կողմը ցանկացած սադրանքի դեպքում պատասխան է տալու հակառակորդին՝ նվազագույնը կիրառելով համաչափ պատիժ։ «Այս պարագայում առաջին գծում մենք խստացնելու ենք մեր ծառայությունը՝ դիտարկման, հայտնաբերման, խոցման միջոցառումները, որոնք ուղղված են լինելու միայն այն մարդկանց ուղղությամբ, ովքեր փորձելու են խախտել», – ասաց Օհանյանը՝ ընդգծելով, որ «հայ ժողովրդի մոտ ընդունված չէ կացնահարել, կազմակերպել դավադրություններ, բայց մենք արժանի պատասխան ենք տալու ցանկացած այսպիսի սադրանքի»։

ԼՂՀ Պաշտպանության բանակի պաշտոնական տեսագրության մեջ նախարար Մովսես Հակոբյանը մանրամասներ էր ներկայացրել հատուկ գործողություններից. «Ադրբեջանը բոլոր այդ կազմակերպություններին մերժել է, նաեւ չի թույլատրել այնտեղ իրականացնել դիտարկումներ, ընդհակառակը՝ անընդհատ փորձել է կրակի տակ պահել այդ հատվածը, եւ ինչու չէ՝ քանի որ ուղղաթիռը շատ մոտ է եղել իրենց դիրքերին, նաեւ՝ տարհանել դիակները: Այս բոլոր միջոցառումները, որոնք արդյունք չեն տվել, մենք պարտադրված ենք եղել դիմել հատուկ գործողությունների, եւ Պաշտպանության բանակի հատուկ ստորաբաժանումները դա իրականացրել են»:

Ադրբեջանի իշխանությունները` խորը դեպրեսիայի մեջ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, ինչպես եւ կարելի էր ենթադրել, հերքեց հայկական հատուկ գործողության մասին տեղեկատվությունը։ «Հայկական զինված ուժերի կողմից խոցված ուղղաթիռի անկման վայրում հատուկ գործողություն իրականացնելու, ինչպես նաեւ ադրբեջանական զինված ուժերի կորուստների մասին տեղեկատվությունը ամբողջովին հիմնազուրկ է եւ հանդիսանում է հերթական պրովոկացիան»,- հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Ադրբեջանի ՊՆ-ը ենթադրում է, որ հայկական կողմը կարող է ցուցադրել «նախկինում կրած զոհերի աճյուններ՝ դրանք ներկայացնելով որպես ուղղաթիռի անձնակազմի անդամներինը»։ Նկատենք, որ ուղղաթիռի անձնակազմից լեյտենանտ Ազատ Սահակյանի հայրը ճանաչել է որդու մարմինը։

Մինչդեռ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տարածեց Ադրբեջանի՝ խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների մարմինների դուրսբերման հատուկ գործողության փաստը։ «Ի գիտություն Ադրբեջանի քարոզչամեքենայի եւ դրան սպասարկող լրատվամիջոցների՝ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հայկական խոցված ուղղաթիռի տարհանման գործողությունն իրականացվել է ոչ միայն նախօրեին, այլեւ այն օրը, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր առաջնագծում կորուստների մասին՝ ներկայացնելով նրանց որպես հայ դիպուկահարների զոհեր։ Որպես հիշեցում հավելենք, որ ԱՀ ՊՆ-ն նման բովանդակությամբ հայտարարություններից մեկը տարածել էր նոյեմբերի 20-ին։ Ադրբեջանի քարոզչամեքենայի այս հնարքը սեփական անօգնականությունը թաքցնելու հերթական փորձն է»,- ասվում էր հաղորդագրությունում։

ԼՂՀ զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները հատուկ գործողությանը պատրաստվել են օրեր շարունակ, հայկական զինուժի մասնագետները նախապես պլանավորել են ամեն ինչ, ուսումնասիրել բոլոր մանրուքները, այնուհետեւ անցել գործի՝ հայտնել էր ԼՂՀ ՊԲ-ում NEWS.am-ի աղբյուրը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Ադրբեջանը իմացել է, որ հայերը գնալու են խոցված ուղղաթիռի հետեւից, ուստի ծուղակ էին պատրաստել ուղղաթիռի շրջակայքում, սակայն հայ զինծառայողները նախ վերացրել են ծուղակը, այնուհետեւ մոտեցել են ուղղաթիռին: Այդ ընթացքում նրանք ոչնչացրել են լուսարձակ պահող ադրբեջանցուն ու նրա կողքին կանգնած զինծառայակցին, դա արել են անաղմուկ, այնպես, որ ադրբեջանական կողմի հերթափոխում ոչինչ չեն իմացել։

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 22-ին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ, որի խնդրանքով ներկայացրել էր Ադրբեջանի ԶՈՒ կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի դիակները անկման վայրից տարհանելու ուղղությամբ ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների կողմից իրականացված հատուկ գործողությունների մանրամասները:

Ադրբեջանի իշխանությունները վստահաբար խորը դեպրեսիայի մեջ են։ Մեկ շաբաթից ավելի դիվանագիտական ճանապարհով խնդիրը անլուծելի դարձնելուց հետո Բաքուն ստացավ համարժեք պատասխան: Դա կատարվեց իրավիճակի վերաբերյալ շահագրգիռ միջազգային կառույցների իմացության պայմաններում: Հայկական կողմն այս առումով լիովին ապահովեց իրեն` իրավիճակը սրելու հնարավոր քննադատությունից: Իհարկե, ի սկզբանե էլ պարզ էր, թե ով է պատասխանատվություն կրում ուսումնավարժական ուղղաթիռը խոցելու եւ դրանից հետո տեղանքը օրեր շարունակ կալանքի տակ պահելու համար, սակայն ամեն դեպքում հայկական կողմի դանդաղ շտապելու մարտավարությունն արդարացված էր:

Հիմա պաշտոնական Բաքուն հայտնվելով իր իսկ լարած ծուղակում` պոստ-ֆակտում կսկսի աշխարհին ԼՂ խնդրի չկարգավորված լինելը դարձնել գլխավոր թեմա` պաշտոնական Անկարայի հետ միասին: Այս ամենը կհամեմվի ադրբեջանական բանակի «հզորության» եւ երկրի զարգացման տեմպերի մասին ելույթներով: Այս քարոզչական հնարքն արդեն իսկ գործի է դրվել. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Twitter միկրոբլոգում գովերգել է իր երկրի «ժողովրդավարությունը». «Մեր քաղաքական համակարգը եվրոպական համակարգի մոդել է»։ Այս գրառմանն անդրադարձել էր ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը` նշելով. «Կոմեդիայի ժամ Ադրբեջանի նախագահի Twitter-յան լրահոսում»։

Այժմ մի կողմում ԵԱՀԿ Մինսկի խմբին հարված հասցրած Ալիեւն է, մյուս կողմում` միջազգային հանրությունը` առերեսված Ալիեւի սանձարձակ ռեժիմի հետ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930