Լրահոս
Օրվա լրահոսը

84-ամյա քաղաքացին ուղղաթիռո՞վ պետք է իր սեփական տուն մտնի

Նոյեմբեր 26,2014 16:30

Գրեթե 20 տարի է՝ դատարանները
չեն կարողանում քաղաքացու տան ճանապարհի հարցը օբյեկտիվ լուծել

Ալեքսանդր Միրզոյանը, որը 1980-ական թվականներից շատ հայրենակիցների հետ Բաքվից գաղթել է Հայաստան՝ փորձելով աշխատել եւ ապրել Հայաստանում, 1989 թվականին Երեւան քաղաքի Վարշավյան 57 հասցեում տուն է գնել՝ չիմանալով, որ օրերից մի օր իր իսկ գնած տունը դառնալու է «անառիկ» ամրոց եւ ոչ միայն չի կարողանալու բնակվել իր սեփական տանը, այլեւ չի կարողանալու անգամ այն վաճառել: Քաղաքացի Միրզոյանը հույսը չի կտրել, որ ճշմարտությունը մի օր կհաղթանակի եւ ոչ միայն իր ունեցվածքին տեր կկանգնի, այլեւ բոլոր մարդկանց նման՝ նա էլ նորմալ պայմաններում կօգտվի իր սեփականությունից: Սակայն երկար տարիներ է՝ նա դատարանից դատարան է գնում եւ փորձում իր սեփական հողի եւ տան սահմանները հաստատել: Բայց որքան շատ է դիմել իրավաբանների միջամտությանը, այնքան գործը խճճվել է, եւ հարցն ի վնաս իրեն է լուծվել:

Mirzoyan_3 Mirzoyan_1 Mirzoyan_4

Բանն այն է, որ Ալեքսանդր Միրզոյանի տունը մի ընդհանուր հողատարածքում գտնվող 2 եղբայրներին պատկանող ընդհանուր շինության մի մասն է: Երկու տան բնակիչները տարիներով օգտվել են մի ընդհանուր ելք ու մուտքից, որը հետագայում փակվել է ի վնաս Ալեքսանդր Միրզոյանի: Հողատարածքի մեծ մասն առանց պարոն Միրզոյանի հետ համաձայնեցնելու սեփականաշնորհել է Աքաբի Մարսուբյանը, ում աղջիկը «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց՝ քանի որ հողը ստացել են ժառանգությամբ, ուստի իրավունք ունեն այն սեփականաշնորհել եւ տնօրինել՝ ինչպես որ պահանջվում է օրենքով:
Մարսուբյանները քանդում են արդեն իրենց սեփականաշնորհած հողատարածքում գտնվող Ալեքսանդր Միրզոյանի տուն տանող աստիճանավանդակը՝ երկաթյա ցանցով փակում տարածքը, թույլ չտալով Միրզոյանին տարիներ շարունակ տուն տանող ճանապարհից օգտվել: Մարսուբյանները նաեւ իրենց սեփականաշնորհած տարածքում Միրզոյանի ավտոտնակն են վերցնում՝ ասելով, որ սա եւս իրենց սեփականությունն է, քանի որ գտնվում է նրանց պատկանող հողատարածքում:

Այս ամենի մասին Ալեքսանդր Միրզոյանն իմանում է միայն այն ժամանակ, երբ տան սեփականաշնորհման դիմում է ներկայացնում Քանաքեռ-Զեյթունի կադաստրի բաժին: Նրան մերժում են՝ պատճառաբանելով, որ առանց Մարսուբյանների համաձայնության չեն կարող սեփականաշնորհման վկայական տալ, մինչդեռ, չգիտես ինչպես, Մարսուբյանները տունը սեփականաշնորհել են առանց Ալեքսանդր Միրզոյանի համաձայնության: Երկու տան ընդհանուր հողատարածքը կազմում է 944 քառակուսի մետր, որից միայն 327 քմ-ն է հատկացվել Ալեքսանդր Միրզոյանին, մինչդեռ հողատարածքը եղել է ընդհանուր, հետեւաբար պետք է հավասար էլ կիսվեր:

Ալեքսանդր Միրզոյանը, որը 84 տարեկան է, քանի տարի է արդեն՝ իր տուն դժվարությամբ է մուտք գործում, ավելին՝ մեծահասակ այս մարդը տուն գնալու համար հիմնական փողոցից ոտքով կիլոմետր է կտրում, շրջապտույտ անում եւ նախկին երկաթգծերի ճանապարհով հասնում տուն:

Նշենք, սակայն, որ Ալեքսանդր Միրզոյանը եթե երկաթգծերի մոտից այլընտրանքային ճանապարհ էլ ուներ դեպի հիմնական փողոց, ապա հիմա դա էլ չունի, քանի որ այդ հատվածում էլ ՀՀԿ-ական ԱԺ պատգամավորներից մեկը եւ Սահմանադրական դատարանի մի դատավոր կառուցել են մեծ առանձնատուն՝ Ալեքսանդր Միրզոյանին թողնելով մի ոտքի տեղ:

Առաջին ատյանից մինչեւ վճռաբեկ դատարաններ անցած Ալեքսանդր Միրզոյանն այդպես էլ չի կարողանում ապացուցել, որ աշխարհում տունն առանց տուն տանող ճանապարհի չի լինում:

Վարշավյան 57 բնակելի տուն մուտք գործելու անհնարինության հանգամանքը հաստատում է նաեւ Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գրություններով, բայց քանի որ կողմերը կամավոր չեն կարողանում սահմանել սերվիտուտ, ուստի առաջացել է հարկադիր սերվիտուտ սահմանելու անհրաժեշտություն:

Դիմելով դատարան՝ Ալեքսանդր Միրզոյանը պահանջել է պարտավորեցնել Աքաբի Մարսուբյանին սեփականության իրավունքով նրան պատկանող հողամասից իրեն տրամադրել երկարաժամկետ հողամասից սահմանափակ օգտվելու իրավունք՝ հարկադիր սերվիտուտ` որպես իր բնակելի տուն մուտք գործելու համար ճանապարհ:
Դեռեւս 2007 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը դեկտեմբերի 26-ին կայացրած վճռով Վարշավյան 55 եւ 57 հասցեների տան մուտքերն առանձնացրել է ՀՀ կառավարությանն առընթեր ԱԳԿ ԺՏ Արաբկիր տարածքային ստորաբաժանման կողմից 29.09.2005 թվականին տրված տեխնիկական եզրակացության համաձայն: Ալեքսանդր Միրզոյանին թողնվել է հողամասի վերջից Բ մուտքը, Աքաբի Մարսուբյանին՝ Վարշավյան փողոցի կողմից թողնելով Ա մուտքը ամբողջությամբ:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Թող փորձի դառնալ ԱԺ պատգամավոր: Դա ավելի հեշտ է, քան ոմանց խիղճը արթնացնելը: Ուրիշ ռեալ ուղի Հայաստանում չեմ տեսնում:

  2. Սոնա Մաղաքյան says:

    Անուշ ջան, ինչու չեք գրում, որ այդ պատգամավորը SAS-ի Արտակ Սարգսյանն է, իսկ դատավորը` Աշոտ Խաչատրյաը, որոնք դատարանի խայտառակ դատավճռին հասել են <> ապարանցի փաստաբան Աշոտ Ալեքի Արամյանին և նրա ընկերուհի Գայանե Ազատի Դավթյանին:

  3. Սոնա Մաղաքյան says:

    <>ապարանցի փաստաբան Աշոտ Ալեքի Արամյանին և նրա ընկերուհի Գայանե Ազատի Դավթյանին

  4. Սոնա Մաղաքյան says:

    որոնք միտումնավոր, լինելով Աշոտ Խաչատրյանի հորեղբոր աղջկա` մամուլում որպես բախտագուշակ հայտնի Վարսիկի մտերիմները, տապալել են խեղճ ծերունու դատական հայցը, որպեսզի տունը ճանապարհազրկելով արժեզրկեն և չնչին գումարներով գնեն անճանապարհ անարժեք տունը:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930