Լրահոս
Օրվա լրահոսը

Գասպարյանների ընտանիքն ուներ բոլոր ապացույցները

Նոյեմբեր 26,2014 15:01

Հայաստանի վերաքննիչ քաղաքացիական դատարանը հրապարակեց Գասպարյանների ընտանիքի բողոքի վճիռը: Հիշեցնենք, որ Գրիգոր Գասպարյանը, նրա կինը՝ Նվարդ Հարությունյանը, նրանց զավակը՝ Հայկ Գասպարյանն ու դուստրը՝ Հասմիկ Գասպարյանը վերաքննիչ քաղաքացիական դատարան բողոք էին ներկայացրել, որ վերաքննիչ դատարանը բեկանի 14.05.2014թ. թիվ ԵԿԴ/1760/02/13 քաղաքացիական գործով կայացրած վճիռը եւ կայացնի նոր դատական ակտ, այն է՝ կողմերի միջեւ (Գասպարյանների ընտանիքի եւ Երեւանի քաղաքապետարանի) 09.12.2011թ. կնքված պայմանագրի 1.5 կետով սահմանված վարձավճարի չափը հաշվարկել ամսական 70.000 ՀՀ դրամ, պատասխանողից՝ Երեւանի քաղաքապետարանից, բռնագանձել ինն ամսվա վարձավճարը՝ ընդհանուր 630.000 ՀՀ դրամ գումար:

Հրապարակված վճռով վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժեց Գասպարյանների բերված բողոքը, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 14.05.2014 թվականի վճիռը թողեց օրինական ուժի մեջ:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը վճռում անդրադառնում է հայցվոր Գասպարյանների բերված բողոքի փաստարկին, որ Երեւանի քաղաքապետարանը պայմանագրով պարտավորվել է վճարել ինն ամսվա վարձավճարը, որը կազմել է 630.000 ՀՀ դրամ:

Այդ մասով դատարանը նշում է, որ Գասպարյանները դատարան ապացույց չեն ներկայացրել, թե՝ բնակվել են ժամանակավոր կացարանում, որի դիմաց վճարել են որոշակի վարձավճար: Ի դեպ, նշենք, որ Գրիգոր Գասպարյանը մեզ հետ զրույցի ժամանակ ասաց, որ ունի բոլոր փաստացի ապացույցները ժամանակավոր կացարանում բնակվելու, վարձավճար տալու եւ կոմունալները վճարելու վերաբերյալ, սակայն այդ մասին ոչ մի փաստաթուղթ չի ներկայացրել դատարան՝ հաշվի առնելով, որ արդեն իսկ կա փաստացի ապացույց, որն էլ հենց այն պայմանագիրն է, որը կնքվել է իր ընտանիքի եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ: Մյուս կողմից՝ դատարանը հաստատված է համարել, որ Երեւանի քաղաքապետարանը Գասպարյանների ընտանիքի հետ հիմնական պայմանագիրը կնքել է 2013 թվականի հուլիսի 13-ին, այլ ոչ թե մինչեւ 2012 թվականի նոյեմբերի մեկը:

Ըստ դատարանի՝ 09.12.2011 թվականին Գասպարյանների ընտանիքի եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ կնքվել է նախնական պայմանագիր, որից հետ պետք է կնքվեր հիմնական պայմանագիր, իսկ դա կատարվել է այն ժամանակ, երբ արդեն իսկ Երեւանի քաղաքապետարանը նոր բնակարանի բանալին հանձնել է Գասպարյանների ընտանիքին: Քանի որ նախնական պայմանագրում նշված էր, որ, եթե Երեւանի քաղաքապետարանը մինչեւ 2012 թվականի նոյեմբերի 1-ը չհանձնի նոր բնակարանի բանալին Գասպարյանների ընտանիքին, ապա 2012 թվականի նոյեմբերի մեկից կպարտավորվի վճարել այն բնակարանի վարձավճարը, որտեղ Գասպարյանները ժամանակավոր կբնակվեն: Հենց դա է եղել խնդիրը, որ դատարանը վճռում անդրադարձել է ժամանակավոր բնակարանում բնակվելու եւ վարձավճարի չափի ապացույցների բացակայության հարցին: Ասել է թե՝ վերաքննիչ դատարանը չի հերքել բողոքի այն հատվածը, որ Երեւանի քաղաքապետարանը պետք է վերադարձներ վարձավճարը Գասպարյանների ընտանիքին, պարզապես գտել է, որ այդ մասով ոչ մի ապացույց չի ներկայացվել:

«Առավոտը» զրուցեց Գրիգոր Գասպարյանի հետ, ով հայտնեց իր դժգոհությունը վերաքննիչ քաղաքացիական դատարանի կայացրած վճռի վերաբերյալ: Նա շեշտեց, որ պայմանագիրն իր մոտ եղել է, որը հաստատված է եղել նոտարով: Ասաց, որ քաղաքապետարանի կողմից ժամանակավոր կացարանում բնակվելու երկու ամսվա վարձավճար է ստացել սկզբնական շրջանում, որը եղել է ամսական 70.000 ՀՀ դրամ՝ երկու ամսվանը միասին՝ 140.000 ՀՀ դրամ, որից հետո ոչ մի գումար չի ստացել քաղաքապետարանից՝ վարձավճարը մարելու համար, եւ նա է ընտանիքի անդամների հետ այն վճարել: Գրիգոր Գասպարյանը մեզ հետ զրույցի ժամանակ ասաց նաեւ, որ կխորհրդակցի փաստաբանի հետ եւ բողոք կներկայացնի նաեւ Հայաստանի վճռաբեկ դատարան: Երեւանի քաղաքապետարանի հետ զրուցել չստացվեց, քանի որ դատական նիստին քաղաքապետարանի կողմից բացակայում էր ներկայացուցիչը՝ անհայտ պատճառով:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

 

«Առավոտ» օրաթերթ
25.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930