Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարինե Աբրահամյանի հուշերը
Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ դաշնակահարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարինե Աբրահամյանի եւ նրա դուստր՝ հեղինակ-կատարող, միջազգային մրցույթների դափնեկիր Էվա Ոսկանյանի համերգը, որը նվիրված էր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90-ամյակին։
«Առավոտի» հետ զրույցում Մարինե Աբրահամյանը մի դրվագ հիշեց. ուղիղ 25 տարի առաջ, երբ ամուսնու հետ հյուրընկալվել էր Փարաջանովի թբիլիսյան բնակարանում, մաեստրոն հիվանդանոցից նոր էր տեղափոխվել տուն։ Գուցե կանխազգալով երկնային կյանք «ուղեւորվելու» մոտալուտ ժամանակը, մանկան ամոթխածությամբ Փարաջանովը խնդրել էր հետագայում իրեն մի երեկո նվիրել։ Հետո էլ պատից հանել էր Մարչելո Մաստրոյանիի հետ իր նկարը ու մակագրելով՝ նվիրել Մարինեին։ Իսկ թե ե՞րբ էր կայացել ծանոթությունը Փարաջանովի հետ, դաշնակահարուհին ասաց. «Ամուսինս՝ Պավել Ոսկանյանը, Կիեւում բնակվելու տարիներին տեղի ազգային օպերային թատրոնի թավջութակահարների խմբի կոնցերտմայստերն էր, եւ միեւնույն ժամանակ հանդես էր գալիս մենահամերգներով։ 1955թ. Կիեւի հեռուստատեսությամբ հեռարձակվող հերթական մենահամերգից հետո զանգահարում է Փարաջանովը եւ խնդրում հանդիպել։ Մեծագույն ռեժիսորը ուներ նաեւ երաժշտական կրթություն եւ այդ տարիներին աշխատում էր Դովժենկոյի անվան կինոստուդիայում։ Հանդիպման պահից նրանք մտերմացան եւ դարձան լավ բարեկամներ…»։
Կարդացեք նաև
Զրույցի ընթացքում Մարինե Աբրահամյանը մեկ առ մեկ նշեց Փարաջանովի ֆիլմերը, այդ թվում՝ «Մոռացված նախնիների ստվերները», «Նռան գույնը», հիշեցնելով, որ այդ երկու լիամետրաժ ֆիլմերը ժամանակին ենթարկվել են խորհրդային գրաքննությանը։
«Մոռացված նախնիների ստվերներն» իր ազգային հանդերձանքների առատության, հետաքրքիր ու նորարարական եւ գյուղական կյանքի տարօրինակ ներկայացման շնորհիվ բազմաթիվ միջազգային մրցանակներ է ստացել՝ հռչակ բերելով Փարաջանովին։ Իսկ «Նռան գույնը», որ պատմում է աշուղ Սայաթ-Նովայի մասին, գլուխգործոց է՝ պատմական, կոլորիտային կովկասյան ֆոնի վրա… Ինչպես կարելի՞ էր ազատազրկման ենթարկել նման տաղանդավոր անհատականությանը… Բազմաթիվ հայտնի մարդիկ՝ արվեստագետներ, գրողներ, ռեժիսորներ արձագանքեցին այդ անարդար վճռին։ Եվ չնայած դրան, Փարաջանովը դատապարտվելուց չորս տարի անց ազատ արձակվեց, այն էլ ֆրանսիացի սյուրռեալիստ Լուի Արագոնի ու մյուս հայտնիների միջամտությամբ։
Երկար տարիներ Փարաջանովին արգելել էին ֆիլմեր նկարահանել, եւ 1980-ականների սկզբներին Փարաջանովը կրկին նկարահանման հրապարակում էր։ 1984թ. էկրան բարձրացավ նրա «Սուրամի ամրոցի լեգենդը», ապա՝ «Աշուղ Ղարիբը» ֆիլմերը, որոնք Վարպետի վաղ ժամանակների աշխատանքների բազմագունության արձագանքն էին։ Կյանքի վերջին տարիներին էլ նա նկարում էր ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որն անավարտ մնաց։ Մաեստրոն կյանքից հեռացավ 1990-ին։ Անավարտ այդ նկարը հետագայում ամբողջությամբ օգտագործվեց Միքայել Վարդանովի «Փարաջանով. վերջին գարուն» վավերագրական ֆիլմում»,- հայտնեց Մարինե Աբրահամյանը։
Նաեւ հայտնեց, որ 2010թ. Հոլիվուդում ստեղծվել է Փարաջանով-Վարդանով ինստիտուտը՝ այս վարպետների ստեղծագործություններն ուսումնասիրելու նպատակով, ուրախությամբ փաստելով այդ հաստատության բարձր վարկանիշ ունենալը։
Անդրադառնալով Փարաջանովի հիշատակի համերգին, որը հայ հանդիսատեսի կողմից ընդունվեց մեծ ջերմությամբ, հետաքրքրվեցինք, թե ծրագիրն ընտրելիս հաշվի՞ էին առնված երաժշտարվեստում Փարաջանովի նախասիրությունները, տիկին Աբրահամյանը պատասխանեց. «Անկասկած…Փարաջանովն անհագորեն լսում էր Բեթհովեն, Շոպեն, Բաբաջանյան, Խաչատրյան… Ամեն անգամ էլ արտահայտվում էր, թե՝ ի՜նչ հոգեհարազատ են այս հնչյունները։ Փարաջանովը մեզ հետ հանդիպման ժամանակ մշտապես ասում էր՝ Պավել, Մարինա, գիտեք, չէ՞, որ մեզ իրար կապում է բարեկամական հոգին՝ համեմված արվեստով»:
Զրույցի ավարտին Մարինե Աբրահամյանը մի ռեպլիկ արեց. «Առաջին տպավորությամբ Փարաջանովը շրջապատված էր կոլեգաներով, իր արվեստի երկրպագուներով… իրականում նա շա՜տ միայնակ էր»։
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.11.2014